▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին

Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխության շրջանակներում Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին։ Fastex-ի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ուրախությամբ են առաջադրել Fastex-ին․ «Դեռևս 2023 թ․-ին կնքվել էր հուշագիր, որի շրջանակում Fastex-ի աջակցությամբ իրականացվել էին մի շարք միջազգային փառատոններ, թատերահամերգային միջոցառումներ, երաժշտական իրադարձություններ։ Ողջունելի է, որ Fastex-ն իր սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը տեսնում է նման նախաձեռնությունների կողքին կանգնելով», - ասել է նա։

Բացման արարողությանը ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ-ի նախագահ Վասկեն Յակուբյանը և մշակութային ռազմավար, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։

Միջոցառման առաջին հատվածում ներկայացվել է «Թվային հարթակներ արվեստի ապագայի համար» թեմայով զեկույցը, ինչին հաջորդել է «Քրեաթիվ Լաբ» հետազոտական և խորհրդատվական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռագնար Սիլիի ելույթը։ Ոլորտային կարևոր հարցերի քննարկումներն ամփոփվել են երկու պանելային քննարկումների ընթացքում, իսկ միջոցառման վերջնամասում կայացել է ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Fastex-ն ստացել է մրցանակ։

Հիշեցնենք՝ Fastex-ն այս տարի հովանավորել է մի շարք մշակութային կարևոր նախագծեր, մասնավորապես՝ Fastex-ի AKNEYE նախագիծն աջակցել է Փարիզում Երվանդ Քոչարի 125 ամյակին նվիրված ցուցահանդեսին, Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի հայկական տաղավարին և բիենալեի շրջանակում Սարյանի ցուցադրույթյան 100-ամյակին նվիրված միջոցառման կայացմանը։ Իրականացվել են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ միջոցառումներ։

Fastex-ը, հավատարիմ մնալով մշակույթի և ժամանակակից արվեստի զարգացմանն ուղղված իր առաքելությանը, շարունակական աջակցություն կունենա տարատեսակ երաժշտական փառատոններին և արվեստի տարբեր ցուցահանդեսներին՝ այս կերպ բարձրացնելով ոլորտի կենսունակությունը և ձևավորելով կայուն զարգացող համայնք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more