▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկ Սարգսյանի մտերիմին, որ Մասիսի ԲԿ-ում խնդիրներ էր ստեղծել նշանակելու են Արտաշատի ԲԿ-ի տնօրեն

«Հրապարակ» թերթը գրել է. Արտաշատի բժշկական կենտրոնում բունտ է հասունացել, ըստ աշխատողների՝ իրենք մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում, ԲԿ-ն ճգնաժամի մեջ է հայտնվել։ Աշխատակիցները այս ամենի մեջ մեղադրում են ԲԿ-ի նախկին տնօրեն Հայկ Համբարձումյանին, որը մեկ ամիս առաջ դիմում է գրել եւ հեռացել։

Մեր տեղեկություններով՝ երեկ առողջապահության նախարարը, Արարատի մարզպետը գնացել են Արտաշատի ԲԿ, տեղում ներկայացրել նոր (պաշտոնապես չի նշանակվել) տնօրենին, որը Մասիսի հիվանդանոցի տնօրենն է եղել՝ Հայկ Հովհաննիսյանը։  Վերջինիս վերաբերյալ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, մասնավորապես, որ 2019-ին նա ծեծկռտուքի մեջ էր ընկել, քթի հատվածում վնասվածք էր ստացել։

Բացի սրանից, նույն 2019-ին մեզ էին դիմել Մասիս ԲԿ-ի աշխատակիցներ՝ պնդելով, որ իրենց աշխատավարձերը տնօրենն ուշացնում է, աշխատում է նախկինների ոճով, նույն մարդկանց հետ։
Այդ ժամանակ Ֆեյսբուքում գրառում էր կատարել հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանը՝ նշելով, որ 3 ամիս է՝ աշխատավարձ չի վճարվում։ Նաեւ ստիպում է աշխատակիցներին ազատման դիմումներ ներկայացնել։ 

Ահա այս ամենի ֆոնին, իշխանությունը նոր տնօրեն է բերում Հայկ Հովհաննիսյանին, որը Մասիսի ԲԿ-ն քարը քարին չի թողել, ում ուզել ազատել է, երբ ուզել աշխատավարձ տվել կամ չի տվել եւ այլն։ Սրանով չի զբաղվել ոչ մի իրավապահ մարմին, ավելին՝ ունենալով մտերմիկ հարաբերություններ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի, ով Արարատի մարզի «ասիչն» է, եւ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, նրա կարիերան վերելքներ է ապրել։

Արտաշատի ԲԿ-ի տնօրենի քարտուղարուհին՝ Թագուհին, «Հրապարակ»-ի հետ զրույցում իր հիացմունքն էր հայտնում Հայկ Հովհաննիսյանի վերաբերյալ, մեկ բառով բնորոշեց՝ ընտիր էր։ Նրա աչքից երեկվա հանդիպման ընթացքում չի վրիպել այն դրվագը, որ Հովհաննիսյանն իր ձեռքով ջուր է լցնում եւ խմում՝ զուգահեռ տանելով, թե նախկին տնօրենին ջուրը մատուցում էին։

Նա դժգոհում է նախկին շեֆից, ասում՝ աշխատավարձ չի տվել, բանկերն էլ իրենց «մորթած են պահել»․ «Այդքան էլ մեծ գումար չենք ստանում, քույրերը ստանում են 40 հազար դրամ, մենք՝ 100,90 հազար, մեկ սմեն ենք կանգնում՝ օրական 10 հազար»։

Հայկ Համբարձումյանին, ըստ լուրերի, վերևներից հրահագնել են՝ դիմումդ գրի ու գնա, նա էլ կատարել է։ 
Բացի ազատելուց, գործի են անցել իրավապահները, ՊՎԾ-ն է այնտեղ ստուգումներ իրականացնում։
Նախկին տնօրեն Հայկ Համբարձումյանը «Հրապարակ»-ին  ասաց․ «Համապատասխան վերլուծությունները պատկան մարմինները կանեն, կտեսնեք։ Ինչ վերաբերում է նրան, թե եղել է փողը, չի տվել ժողովրդին, խնդրում եմ՝ ինձանից դուրս թեմա է։ Բժշկական կենտրոնի բյուջեն, որը միլիարդից անցնում է, պետությունը պետք է ստուգումներ անցկացնի, ստոգումների արդյունքները կամփոփվեն, կտեսնենք, եթե խախտումներ կան, մեղավորները կպատժվեն»։

Նախկին տնօրենն ասում է՝ 2018-ից այս ԲԿ-ի տնօրենն է, այն  պարքերով է ժառանգել․ «Ես պարտքեր եմ մարել, կովիդ եմ հաղթահարել, սա լուրջ ֆինանսական եւ մասնագիտական վերլուծության կարիք ունի։ Եթե չեն ուզում լավը նկատել, բնականաբար, ցեխ կարող են շպրտել ցանկացած մարդու։ Կգա ժամանակը, թող բոլոր ստուգումները ավարտվեն, բոլոր կլսեն, կիմանան,թե որտեղից է գալիս այս ամբողջ խնդիրները եւ ում շահերն է հետապնդում այս ամեն ինչը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more