Համահայկական երիտասարդական շարժման անդամները իրենց խորը մտահոգությունն են հայտնում ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացի, 70-ամյա Ալեքսանդր Վարպետյանի՝ հայրենիք վերադառնալու, բայց Զվարթնոց օդանավակայանում ոչ ինքնակամ պահվելու վերաբերյալ:
Դիմում ենք ՀՀ սփյուռքի նախարար Հարանուշ Հակոբյանին. «Հարգարժան տիկին Հակոբյան, այսպե՞ս եք Ձեր հայենակիցներին վերադարձնում հայրենիք, միգուցե սա «Արի տուն» ծրագրի բաղկացուցիչ մասերի՞ց է»:
Դիմում ենք ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին. «Պարոն Հակոբյան, խնդրում և պահանջում ենք, որ հիմնավորեք, թե ինչ սկզբունքով է հային արգելվում վերադառնալ իր հայրական տուն: Եթե պատճառները գաղտնի են, կարելի է ենթադրել, որ հետապնդում է ազգային շահ, որի դեպքում հրապարակելը կրկին դառնում է անհրաժեշտ, նույնիսկ՝ պարտադիր: Հրապարակեք պատճառները և ազատեք Ձեզ գլխացավանքից»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ամպագոռգոռ հայտարարություններ է անում արտագաղթը կանխելու և ներգաղթը խթանելու մասին, իսկ այս դեպքը դրա հակապատկերն է: Մենք մտահոգ ենք մեր հայրենակիցների ներկայով և ապագայով: Պահանջում ենք խնդրին տալ շուտափույթ լուծում:
Համահայկական երիտասարդական շարժում