▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աստղերը հետապնդելու՞ են ՄԵԼ-ի երիտասարդներին.պարզաբանում է Գրիգոր Մինասյանը

«Միացյալ երիտասարդական լիգա»-ի կողմից ներկայացված աղմկահարույց ցուցակի վերաբերյալ, ինչի առիթով իրենց կարծիքն ու վրդովմունքն են հայտնել նաև այնտեղ ընդգրկված հայտնիներից շատերը, Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանի հետ


Պարոն Մինասյան, արդեն հայտնի է, որ մի քանի հանրահայտ անձինք` այդ թվում Սոֆի Մխեյանը և Սոս Ջանիբեկյանը դիմել են AM իրավաբանական ընկերությանը: Նրանք վրդովված են, որ մի խումբ երիտասարդներ հրապարակել էին աղանդավոր արտիստների ցուցակ:


Մեր հաճախորդները վրդովված են ոչ թե որևէ ցուցակի հրապարակումից, այլ իրենց մասին ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելու հանգամանքից:

 

Նույնիսկ եթե աղանդավորների ցուցակում նրանք սխալմամբ հայտնվել են, արդյո՞ք դա հիմք է որևէ մեկին դատական կարգով հետապնդելու:


Նախ զանգվածային լրատվության մասին օրենքով արգելվում է կեղծ տեղեկատվություն տարածելը: Նման հակաիրավական քայլի պարագայում հստակ նախատեսված են հետևանքներ: Բացի այդ Հայաստանի քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է լուրջ նյութական պատասխանաըվություն կեղծ տեղեկատվությամբ կամ վիրավորական արտահայտություններով  անձի արժանապատվությունը նվաստացնելու համար: Այժմ մենք քննարկում ենք իրավական բոլոր հնարավոր տարբերակները մեր հաճախորդների հեղինակությանը հասցված վնասի վերականգնման համար:

 

Այդուհանդերձ, դաժան չէ՞ մի քանի անփորձ երիտասարդների հետապնդումը հայտնի աստղերի և հզոր իրավաբանական ընկերության կողմից:


Նախ հակաիրավական հետապնդում սկսվել է մեր վստահորդների դեմ: Բացի այդ, մենք որևէ մեկին չենք հետապնդում, այլ ամենաքաղաքակիրթ և օրինական եղանակով  վերականգնում ենք ճշմարտությունը և հանրության կողմից սիրված անձանց հեղինակությունը:

 

Ի վերջո դիմելու՞ եք դատարան, և եթե այո` ի՞նչ պահանջով և ու՞մ դեմ:

 

Դատարան դիմելը մենք կթողենք, որպես խնդրի լուծման վերջին հանգրվան: Եթե ապատեղեկատվությունը տարածած երիտասարդները և այնուհետև այդ կեղծիքը բազմաթիվ անգամ կրկնած լրատվամիջոցները պատշաճ կերպով հերքեն աղանդավոր լինելու մասին այդ աղաղակող սուտը, ապա մենք և մեր հաճախորդները կլինենք լիովին բավարարված և այդ միջադեպը կարող է սպառված համարվել: Իսկ եթե մարդկանց վարկաբեկման այս գործընթացը շարունակվի, ապա մենք պատրաստ ենք դատարանում պահանջել լիարժեք բավարարում` օրենքի ողջ խստությամբ: Ընդ որում, մեր պահանջը հիմնականում ուղղված կլինի ապատեղեկատվության սկզբնաղբյուրի նկատմամբ: Չի բացառվում նաև առանձին ոչ բարեխիղճ լրատվամիջոցների ներգրավումը դատական գործընթացներում:  

 

Այսինքն` Գրիգոր Մինասյանը սպառնում է բոլորի՞ն:

 

Այսինքն նորից հիշեցնում եմ բոլորին, որ յուրաքանչյուրի համար շատ ցավոտ է իր մասին տարածված սուտը: Անընդունելի է որևէ անձի անարդարացի վարկաբեկումը: Օրենքով նախատեսված է խիստ պատասխանատվություն զրպարտության և վիրավորանքի համար: Ժամանակն է գործել փոխադարձ հարգանքի և բարեկրթության կանոններով:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more