▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանին պետք են ուրիշ առաջնորդներ և ուրիշ ընդդիմություն․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Երեկվա հանրահավաքին «Հայաստան» խմբակցության անունից ներկայացվեցին մի շարք թեզեր, որոնք վերջապես ուրվագծում են խորհրդարանական ընդդիմության իրական ծրագրերն ու նպատակները:

Հնչեցին բազմաթիվ լոզունգներ, օրինակ՝

«Նոր բանակցողի պարագայում ներքին կյանքում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերի վերարտադրությունը»։ Գյուլնազ տատի այս խոստումը ներկայացված է որպես 8-րդ «թեզ»։

Կամ «Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա»։ Այո, թշնամին էլ, ըստ երևույթին, նստած սպասելու է մինչև մենք հանգիստ շունչ քաշենք ու հզորանանք։

Կամ «Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաև արդար Հայաստան կերտել, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան բոլոր մեր քաղաքացիները»։ Սա էլ նախկին ու ներկա բոլոր իշխանությունների «ոսկե» բառապաշարից քաղված մի չարչրկված ու ծամծված դրույթ է, որի արժեքը բոլորս էլ արդեն լավ գիտենք (ՄՈՍԿՎԱ-ՎԱՍՅՈՒԿԻ սերիայից)։

Այս դատարկաբանությունները մի կողմ թողնենք ու կենտրոնանանք «Հայաստան» խմբակցության գլխավոր դրույթների վրա, որոնք հետևյալ չորսն են.

1. (Թեզ 1-ին) «Պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը»:

Ասել կուզի՝ պետք է տեղի ունենա իշխանափոխություն։

2. (Թեզ 2-րդ) «Նոր բանակցողը չպետք է ավելի զիջողական լինի, քան այսօրվա բանակցողը և, միևնույն ժամանակ, չպետք է տղայական կեղծ ռազմահայրենասիրական դիրքորոշմամբ հանդես գա»։

Ասել կուզի՝ Նիկոլ Փաշինյանին փոխարինելու եկող ՀՀ նոր իշխանությունը պետք է պաշտոնապես ընդունի նրա ստորագրած բոլոր դավաճանական համաձայնագրերը և 2020 թ. նոյեմբերից 9-ից մինչև այսօր կատարած բոլոր խայտառակ զիջումները, ներառյալ, օրինակ, Գորիս-Կապան հայ-իրանական միջազգային մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածի հանձնումն ադրբեջանցիներին։ Թեզի վերջում «ընդդիմադիրները», ճիշտ ինչպես Փաշինյանը, ահաբեկում են հայ ժողովրդին, թե ադրբեջանցիներից ավել բան պահանջելու դեպքում «պատերազմ ու պարտություն ենք ստանալու»։ Այսինքն՝ իշխանափոխությունից հետո այս «ընդդիմադիրներից» կազմված նոր կառավարությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերվելու է մոտավորապես այնպես, ինչպես այժմ դա անում է Փաշինյանը։ Իսկ ուրիշ ի՞նչ կերպ կարելի է հասկանալ «Չպետք է ավելի զիջողական լինի, քան այսօրվա բանակցողը» նախադասությունը, եթե ոչ հե՛նց այդպես։ Այս թեզի վերջին նախադասությունն էլ՝ թե «մեզ երկարատև ու կայուն խաղաղություն է պետք»՝ ընդամենը միակողմանի ցանկություն է, մի անիրական երազանք, որը թշնամին մեզ երբեք չի պարգևելու։ Ըստ այդմ՝ Երևանի հրապարակներում նման կոչեր հնչեցնելն ավելորդաբանություն է։

3. (Թեզ 6-րդ, մաս 1) «Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն տրանսպորտային բոլոր տեսակի կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը»։

Ասել կուզի՝ ադրբեջանական ու թուրքական բեռները և ուղևորները (ներառյալ, բնականաբար, քաղաքացիական հագուստով զինվորականները) պետք է Հայաստանի միջով անցնող բոլոր ճանապարհներով հանգիստ գնան-գան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթգծային տրանսպորտով՝ բայց (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ) առանց մինչ այդ բավարարելու հայկական կողմի որևէ նախապայման, մասնավորապես՝ առանց ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից (ինչպես նաև Արցախի Հանրապետության 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո զավթված տարածքներից) հետ քաշելու և առանց Բաքվի բանտերից հայ գերիներին հայրենիք վերադարձնելու։ Փաստորեն, հաղորդակցությունների կենսականորեն կարևոր ու մեզ համար խսիտ վտանգավոր հարցում ընդդիմության դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում Փաշինյանի կառավարության դիրքորոշումներից։ Ի դեպ, «կոմունիկացիաներ» բառն ականջ ծակող օտարաբանություն է։

4. (Թեզ 6-րդ, մաս 2) «Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը»։

Ասել կուզի՝ պետք է ընդունել Ադրբեջանի պահանջները և շտապ կատարել սահմանազատում («դելիմիտացիա»), ինչին մինչև վերջերս ընդդիմությունը, կարծես, դեմ էր հանդես գալիս՝ արդարացիորեն հայտարարելով, որ այս պահին նման գործողությունները միանշանակ ծառայելու են Ադրբեջանի շահերին։ Ընդ որում՝ հասկանալի է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը բերելու է նաև Հայաստանից Արցախի հետագա մեկուսացմանն ու տարանջատմանը, մանավանդ, որ ընդդիմության այսօրվա թեզերում Արցախի ներկա կամ ապագա կարգավիճակի մասին խոսք չկա։ Այս հարցում ևս ընդդիմության դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում Փաշինյանի կառավարության դիրքորոշումներից։ Ընդդիմությունը նույնիսկ չի համարձակվում ճշտել, թե սահմանների «դելիմիտացիան», ըստ իրեն, սովետական հատկապես ո՞ր քարտեզներով պետք է իրականացվի։ Չէ՞ որ 1920 թ. ի վեր գոյություն ունեն սովետական տարբեր քարտեզներ, որոնք տարբեր թվականներին ՀՍԽՀ-ն ներկայացրել են տարբեր սահմաններում՝ մինչև 1928 թ. ավելի մեծ, հետագայում՝ ավելի փոքր տարածքով։

Կարճ ասած՝ անձամբ ես «ընդդիմության» ներկայացրած վերոհիշյալ կետերը համարում եմ փաշինյանական և դրանք վճռականորեն մերժում եմ։ Ասել, որ հիասթափված եմ, ճիշտ չի լինի, որովհետև վաղուց եմ հիասթափվել այսօր ընդդիմության դերում հանդես եկող հայտնի ուժերից և նրանց առաջնորդներից։

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՈՒՐԻՇ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԵՎ ՈՒՐԻՇ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more