▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիգիենան սեռական հարաբերությունից առաջ և հետո

Սեքսի յուրաքանչյուր պատրաստություն չէ, որ «տոնական» է լինում, բայց հատուկ մոտեցում ունենալ ցանկալի է յուրաքանչյուր մերձեցման ժամանակ: Իսկ առաջին տեղում հիգիենայի հարցերն են:

Անհանգստությունների սանդղակի վերին հորիզոնականում առաջին սեռական հարաբերությունից հետո ձեռնարկվելիք հիգիենիկ «միջոցառումների» հարցն է:


LN-ի հետ զրույցում ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Արսեն Գրիգորյանը հանգստացրեց սեքսուալ կյանքում իրենց առաջին քայլերն անող լեդիներին՝ նշելով, որ հիգիենայի հարցում առանձնապես մեծ չէ տարբերությունը, թե որերորդ հարաբերությունն է: Հիգիենիկ պատրաստություն տեսնել հարկավոր է յուրաքանչյուր սեռական հարաբերությունից առաջ, և առաջին հերթին խոսքը մաքրության տարրական կանոնների մասին է, մասնավորապես՝ լոգանքի: «Ցանկալի է, որ տղամարդը սեքսից առաջ և հետո թեկուզ մի փոքր միզի. դա կօգնի խուսափել միզուկում թեթևակի բորբոքային պրոցեսների առկայության պարագայում ինֆեկցիաներ փոխանցելուց զուգընկերուհուն, իսկ հարաբերությունից անմիջապես հետո միզելը տղամարդուն է պաշտպանում հեշտոցից փոխանցվող սեռավարակներից»,- պարզաբանեց մասնագետը:

Առաջին սեռական հարաբերությունը, որն ընթանում է դեֆլորացիայով՝ կուսաթաղանթի պատռումով, կարող է բերել անգամ մի քանի օր թեթև ընթացք ունեցող, դաշտանային ֆունկցիային նմանվող արնահոսության, որի դեպքում անմիջապես երկրորդ հարաբերությանը գնալ խորհուրդ չի տրվում: Սեքսոպաթոլոգի խոսքով՝ որտեղ կա պատռվածք (կոնկրետ այս դեպքում գործ ունենք լորձաթաղանթի ամբողջականության խախտման հետ), վարակների, ինֆեկցիաների դուռ է բացվում. առավելագույնը յոթ օր հետո կինը առանց վախերի կարող է ունենալ երկրորդ հարաբերությունը: Իսկ եթե դեֆլորացիան ուղեկցվել է ընդամենը մեկ-երկու կաթիլ արյամբ (լինում են դեպքեր, երբ դա էլ չի լինում), հենց նույն օրն էլ՝ մի քանի ժամ անց, կարող է հաջորդել երկրորդ հարաբերությունը:

Սեքսոպաթոլոգը կանգ առավ մի շատ նուրբ հարցի վրա ևս՝ սեռական համակարգի բակտերիաների համատեղելիության: Ցանկացած կին հեշտոցում ունի իր սեփական բակտերիալ ֆլորան, իր ֆլորան ունի նաև տղամարդու սեռական համակարգը: Առաջին սեռական հարաբերությունից հետո կնոջ մոտ ֆլորայի փոփոխություն է լինում, քանի որ տղամարդու բակտերիաները (խոսքը վարակների մասին չէ, այլ բոլորի մոտ առկա բակտերիալ ֆլորայի) թափանցում են հեշտոց: Տեղի է ունենում բակտերիաների փոխանակում, ինչն ավելի հաճախ կանանց մոտ կարող է առաջացնել խնդիրներ: Հնարավոր է՝ առաջանա հեշտոցային դիսբակտերիոզ, որը կարող է արտահայտվել որոշակի արտադրությամբ, քորով, մրմուռով: Որպես կանոն, դա բուժման անհրաժեշտություն կամ հատուկ միջամտություն չի առաջացնում եւ ժամանակի ընթացքում անցնում է, երբ բակտերիաներն ի վերջո ադապտացվում են:

Ինտիմ գելերին ու լվացող միջոցերին վերաբերող հարցերին մասնագետի վերաբերմունքը դրական է, բայց եթե դրանք մատչելի չեն, ինտիմ զոնայի լվացման համար խորհուրդ է տրվում օգտագործել մանկական կամ սովորական սև օճառ: «Ցանկալի չէ հակաբակտերիալ օճառների պարբերական կիրառումը: Գերմաքրությամբ տարվել ևս պետք չէ. խոսքն այն կանանց մասին է, ովքեր սեռական օրգանների լվացումներ են անում նաև ներսից, ինչը խախտում է հեշտոցի թթվային, բակտերիալ միջավայրերը: Բնությունն ինքը սեռական համակարգն օժտել է ինքնամաքրման մեխանիզմներով, որոնցից մեկն էլ դաշտանային ցիկլն է»,- նշեց Ա. Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է չպաշտպանված սեռական հարաբերությանը հատկապես պատահական կապի դեպքում  կամ կասկածելի զուգընկերոջ հետ, ապա ցանկալի է անմիջապես հետո հեշտոցային լվացում անել համապատասխան հակասեպտիկ լուծույթներով, որոնք վաճառվում են դեղատներում:

Աղբյուր` LADYNEWS.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more