Բայց դե ժամանակները փոխվել են, հիմա «լրատվական» կոչվող կայքերի ու «սոց. ցանցերի օգտատերերի» մեծ մասը անհասկանալի ջանասիրությամբ տարածում են դժբախտ դեպքերի մասին տեղեկություններ, նախօրոք անցկացնելով «փչացած հեռախոսի» միջով: Հետո պարզվում է, որ իրականում այդ ամենի մեծ մասն ապատեղեկատվություն է, բայց դե դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում ու ամեն ինչ շարունակվում է նոր տեմպով ու նոր «մասնակիցների անսպառ եռանդով»:
Ու ցավալին այն է, որ շատ դեպքերում այդ ապատեղեկատվության տարածումը վերաբերվում է մեր բանակին կամ սահմանի հետ կապված դեպքերին: Հարևանի տղայի զոքանչի քրոջ աղջկա դասարանցու քավորից ականջի ծայրով լսած լուրն անմիջապես ստանում է «հավաստի աղբյուրից» ունեցած հիմնավորում և հայտնվում համացանցում ու սկսում աննկարագրելի արագ տեմպերով տարածվել:
Օրինակ օրեր առաջ լուր տարածվեց, որ թշնամու կողմից կրակահերթի տակ գտնվող Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի բնակիչները տարահանվել են և գտնվում են ինչ-որ կացարաններում, ու որ լույսը բացվելուն պես պատրաստվում են լքել իրենց գյուղերը, ինչի համար մեքենաները «խոդի» են պահում:
Սակայն պարզվեց, որ իրականում նման բան չկա և պատերազմի տարիներին թշնամու անդադար կրակի տակ իրենց տներում մնացած և կյանքի ու արյան գնով հայրենի գյուղը պաշտպանած մարդիկ երբեք մի քանի կրակոցի պատճառով չեն լքի իրենց գյուղը և վիրավորվել են իրենց մասին նման լուրերի տարածման պատճառով:
Հետո, Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված էջում, որտեղ կա մոտ 2500 օգտատեր, Այգեպարում 16-ամյա աղջկա վիրավորվելուց հաջորդ գիշերը, հանդիպեցի մեկի մեկնաբանությանը, որ ինքը նոր խոսել է Չինարի գյուղում իր ընկերոջ հետ, ով ասել է, որ իրենց գյուղում էլ է աշակերտ վիրավորվել: Ես ջնջեցի նրա մեկնաբանությունը և անձնական հաղորդագրությամբ խնդրեցի նման լուրեր չտարածել, քանի դեռ դա հաստատված չէ:
Առավոտյան տեսա նույնը գրել է գրառման տեսքով ու ես էլ զանգելով Չինարի գյուղ, որի հետ ունեմ ավելի քան բարեկամական կապեր, ճշտեցի, որ նման բան չի եղել, և հավանաբար այդ գրառման հեղինակը նկատի է ունեցել Այգեպարում վիրավորված Լիանա Անիկյանին, ում հասցրել եմ տեսակցության գնալ ու համոզվել, որ նա էլ, մյուս այգեպարցիներն էլ հերոսներ են, ովքեր երբեք իրենց գյուղերը չեն լքի:
Կարծում եմ ժամանակն է, որ պատկան մարմինները ՊԱՏՇԱՃ ուշադրություն դարձնեն ապատեղեկատվության և հրապարակմանը ոչ ենթակա լուրերի տարածմանը, իսկ պատերազմ սկսվելու դեպքում Հայաստանում արգելափակեն ինտերնետը, այլապես մենք այդ պատերազմում կպարտվենք...