«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոսկվայի մերձակայքում երեխաներ տեղափոխող ավտոբուսին բախված «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը:
Asekose.am-ը տեղեկացրել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի 21-ամյա որդին մեկ տարի առաջ զոհվել էր բանակում և հայրը գնացել էր որդու շիրմաքարի համար գումար վաստակելու:Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան տանելու փաստը մեծ աղմուկ էր բարձրացրել` հակասական տեսակետների ու կարծիքների բախում առաջացնելով:
Այս ֆոնին համացանցում հայտնվեց նրա դստեր գրառումը, որը սկսվում է զոհվածների հարազատներին ուղղված ցավակցությամբ:
«Առաջին հերթին ուզում եմ ցավակցել զոհվածների հարազատներին, թող Աստված նրանց տա ուժ և կորով համբերելու և դիմանալու : Ուզում եմ խնդրել, ինչու չէ նաև պահանջել բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ- որ բան անել, օգնել, աջակցել, խնդրում եմ բացի ծաղրելուց ու նմանատիպ հիմարություններ անելուց առաջ, մի պահ քրքրեք արխիվը ու գտեք Հրաչյա Հարությունյանի անցյալը, ով 90- ական թվականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Թող տա Աստված ոչ ոք նման դեպքի չհանդիպի …..»: