▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեմ, որ ապագայում ինձ չեն մեղադրի Հայրիկյանի հաջորդ «մահափորձը» կազմակերպելու մեջ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

 

         Հարգելի պարոն նախագահ

            Այսօր Հայաստանում անմեղ մարդուն 14 տարվա ազատազրկման են դատապարտել: Խոսքս նախագահի թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասին է: Որտեղի՞ց ես գիտեմ, որ նա անմեղ է: Ես ճանաչել եմ Սեդրակյանին, ես եղել եմ նրա գրեթե բոլոր դատական նիստերին, ես կարդացել եմ նրա "Արդարության Օրենսգիրքը" և ես մեկն եմ այն ժողովրդից, որի գրեթե յուրաքանչյուր անդամը ապշած ուսերն է թափ տալիս` իմանալով, որ էպոսագետին 14 տարով ազատազրկել են Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու համար:

            Պարոն նախագահ, Ձեզ համար անհայտ, ինձ համար հավաստի աղբյուրներից գիտեմ, որ Ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր պնդում են, որ Սեդրակյանն իրոք մեղավոր է: Հավատացնում եմ Ձեզ դրա համար նրանք ունեն իրենց շատ կարևոր դրդապատճառները:

            Ես Սերժ Թանկյանը չեմ և չեմ կարող հույս ունենալ, որ կարժանանամ Ձեր պատասխանին: Երկու տարբերակ կա, որ հասու է ցանկացած մարդու մտքին. կամ Սեդրակյանին ազատությունից զրկելը ուղղակի անկատար դատական համակարգի հերթական կոպիտ սխալն է, կամ ձերբակալված Վարդան Սեդրակյանն ավելի անվտանգ Սեդրակյան է (քաղաքական իմաստով իհարկե):

            Պարոն նախագահ ես ընդիմադիր չեմ, իշխանամետ չեմ, գրանտակեր չեմ, ես ընդամենը մեկն եմ թվով քիչ այն մարդկանցից, որոնք համակրում էին Վարդան Սեդրակյանի քաղաքական հայացքները և դրանց հիմքում ընկած Սասնա Ծռեր էպոսը:

            Հնարավոր է, որ տեղեկատվության հարցերով պատասխանատու Ձեր օգնականները "փափուկ բարձ" են դնում Ձեր գլխի տակ` այս խնդրին երկրորդական նշանակություն տալով: Իրականում շարքային վարորդից մինչև վաստակավոր դերասան, գրեթե յուրաքանչյուր երկրորդը բարձրաձայն ասում են. "Սերժին պետք էր, դրա համար էլ 14 տարով անմեղ մարդուն նստացրին": Ուզում եմ իմանալ Ձեզ իրո՞ք այդպես էր պետք, թե՞ դուք թույլ չեք տա, որ առանց լուրջ ապացույցների Ձեզ հավասար մեկին զրկեն ազատությունից: Պահանջեք, որ իրավասու մարմինները լրջորեն քննության առնեն այս գործը, որպեսզի թույլ չտաք, որ անմեղ մարդու անարդար պատիժը ծանրանա Ձեր ուսերին և ես յուրաքանչյուր երկրորդին պատրաստ եմ համոզել, որ նրանք չարաչար սխալվում են Ձեր հարցում:
            Ավարտելով նամակս հույս եմ հայտնում, որ ապագայում ինձ չեն մեղադրի Հայրիկյանի հաջորդ "մահափորձը" կազմակերպելու մեջ, և որ դուք` հարգելի Սերժ Սարգսյան, դա թույլ չեք տա:


Հարգանքներով` Հայկ Կիրակոսյան


 

 

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել է վճիռն, ըստ որի  նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more