Հայաստանի արդարադատության նախարարության պարզաբանում է ներկայացրել Ռուսաստանում ավտովթարի ենթարկված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի արտահանձնման վերաբերյալ, նշելով, որ այս պահին Հարությունյանի փոխանցումը Հայաստանին հնարավոր չէ:
Հայտարարության մեջ մասնավորապես, նշվում է.
«Վերջին շրջանում մամուլում լայնորեն շրջանառվում են կարծիքներ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի «էքստրադիցիայի» վերաբերյալ: Նկատի ունենալով հիշյալ օտարահունչ բառի անհարկի օգտագործումը հասարակության լայն շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում հստակեցնել հանցագործություն կատարած անձանց հանձնման՝ «էքստրադիցիայի» կամ արտահանձնման եւ դատապարտյալների փոխանցմանն առնչվող գործընթացների տարբերությունները, ինչպես նաեւ պարզաբանել մի շարք իրավական դրույթներ, որոնք կարգավորում են միջազգային հարաբերությունները հիշյալ բնագավում:
«Հանձնման մասին» («Էքստրադիցիայի մասին») եվրոպական կոնվենցիան ստորագրվել է Փարիզում` 1957 թվականի դեկտեմբերի 13-ին: Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 25-ից:
Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ Պայմանավորվող կողմերը (Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունները) պարտավորվում են միմյանց հանձնել հիշյալ Կոնվենցիայի դրույթների եւ պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավասու մարմինները գործ են հարուցել, կամ ովքեր հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից` դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով:
Այս պարագայում «հայցող կողմ» է հանդիսանում այն պետությունը, որի տարածքում հանցագործություն է կատարվել, այդ առնչությամբ տվյալ պետության իրավասու մարմինների կողմից գործ է հարուցվել եւ տվյալ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչը ենթադրում է, որ հանցագործություն կատարած անձը փախուստի է դիմել այն երկրի տարածքից, որտեղ հանցագործություն է կատարել: «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի համաձայն տվյալ պետությունը կարող է պահանջել տվյալ անձի հանձնումը (էքստրադիցիան) այն պետության իրավասու մարմիններից, որի տարածքում հայտնաբերվել է հիշյալ անձը:
Այդուհանդերձ, հանձնումը պետք է կատարվի այնպիսի հանցագործությունների դեպքում, որոնք հայցող եւ հայցվող կողմերի (այսինքն՝ եւ՛ այն պետության, որի իրավասու մարմինների կողմից գործ է հարուցվել, եւ՛ այն պետության, որի տարածքում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը) օրենքներով պատժվում են ազատազրկմամբ կամ կալանքով՝ նվազագույնը մեկ տարի կամ ավելի ժամկետով կամ ավելի խիստ պատժով:
«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիան ստորագրվել է Ստրասբուրգում 1983 թվականի մարտի 21-ին: Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի սեպտեմբերի 1-ից:
«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիայի համաձայն մի պետության տարածքում դատապարտված անձը, հիշյալ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող է փոխանցվել մեկ այլ պետության` պատիժը կրելու համար: Այդ կապակցությամբ նա կարող է սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան փոխանցումը իրականացնելու մասին իր ցանկությունը հայտնել Դատապարտող կամ Կատարող պետությանը:
Ըստ որում՝ դատապարտյալի փոխանցման վերաբերյալ խնդրանքը կարող է ներկայացվել ինչպես Դատապարտող, այնպես էլ Կատարող պետության կողմից:
Հիշյալ Կոնվենցիայի համաձայն դատապարտյալը կարող է փոխանցվել մի շարք պայմանների առկայության դեպքում, որոնցից մասնավորապես, հարկ է նշել տվյալ անձի Կատարող պետության քաղաքացի հանդիսանալու եւ դատավճռի վերջնական, այն է՝ ուժի մեջ մտած լինելու փաստերը:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության հետ, բացի վերը նշված եվրոպական կոնվենցիաներից, գործում են վերը նշված հարաբերությունները կարգավորող եւս երկու միջազգային պայմանագրեր:
«Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 22 հունվարի 1993 թվականին Մինսկում ստորագրված ԱՊՀ կոնվենցիան, որով սահմանված են հանցագործություն կատարած անձանց հանձնման գործառույթները կարգավորող հոդվածներ եւ «Հետագա պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց փոխանցման մասին» 1998թ. մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված ԱՊՀ կոնվենցիան:
Վերը նշված երկու կոնվենցիաներն էլ՝ դրանց կիրառման շրջանակների իմաստով, պարունակում են եվրոպական կոնվենցիաներին համահունչ դրույթներ:
Վերոգրյալից հետեւում է, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի «էքստրադիցիան» հնարավոր չէ, նշված միջազգային պայմանագրերի՝ վերջինիս նկատմամբ կիրառելի չլինելու պատճառով: Հրաչյա Հարությունյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետություն կարող է իրականացվել դատապարտյալների փոխանցման մասին վերը նշված կոնվենցիաներով սահմանված կարգով՝ հետագա պատիժը Հայաստանի Հանրապետությունում կրելու նպատակով, միայն վերջինիս նկատմամբ ՌԴ իրավասու դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելու, ազատազրկման ձեւով պատիժ նշանակելու եւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»: