Նոր Մոսկվայում խոշոր վթարի պատճառ դարձած ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի որդին մահացել է ոչ թե զինծառայության ժամանակ, այլ զորացրվելուց հետո, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով այն տեղեկությունը, թե տղան մահացել է բանակում:
«Բազան ստուգել եմ: Մինչև 2005 թվականը նման անուն-ազգանունով մահացած զինվոր չգտանք: Մահվան պատճառները պարզելու համար խոսեցի քրոջ հետ, պարզվեց, որ 1991թ. ծնված Սերոբ Հրաչյայի Հարությունյանը մահացել է զորացրվելուց որոշ ժամանակ անց՝ գլխուղեղի քաղցկեղից»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Սակայն, տղայի հարազատների կարծիքով Հրաչյա Հարությունյանի որդին՝ Սերոբ Հարությունյանը, ով մահացել է գլխուղեղի ուռուցքից, հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում՝ հրամանատարների անմարդկային վերաբերմունքի պատճառով: Սերոբ Հարությունյանի մայրը՝ Անահիտ Մարտիրոսյանը, iLur.am-ին տեղեկացրել է, որ որդին բանակ զորակոչվելուց առաջ միանգամայն առողջ է եղել: 2011-ի մայիսի 16-ին ԼՂՀ Քարվաճառի շրջանում ծառայությունն ավարտելուց հետո Սերոբն անընդհատ գանգատվել է գլխացավերից ու գլխապտույտից: Ամիսներ ի վեր մի քանի հիվանդանոցներում հստակ ախտորոշում չստանալուց հետո Հարությունյանները 2012-ի մայիսին դիմել են Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ երիտասարդի մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել:
«Բժիշկներն ասացին, որ շտապ վիրահատություն է անհրաժեշտ, ու երաշխավորեցին, որ 80 տոկոսով վիրահատությունը արդյունավետ է լինելու: Բայց առաջին վիրահատությունից հետո, դեռ վերակենդանացման բաժանմունքում ասացին, որ կրկնակի վիրահատություն է պետք, որովհետեւ ինչ-որ վիրուս է ներթափանցել գլխուղեղ», - պատմել է տիկին Անահիտը: Նրա խոսքով, երկրորդ վիրահատությանը հաջորդել է երրորդը, որից հետո, գիտակցության չգալով, Սերոբը մահացել է:
Անահիտ Մարտիրոսյանի պատմելով, որդին ծառայությունից չի դժգոհել, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Բայց Սերոբի ծառայակից ընկերները հարազատներին պատմել են, որ հրամանատարներից մեկը մի քանի անգամ ծեծել է նրան, ոտքով գլխին հարվածել: Սերոբի պապը՝ Հովսեփ Հարությունյանը գտնում, է որ թոռան հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, ծեծի հետեւանքով է առաջացել: Հարությունյանները փորձել են գտնել սպային, բայց տեղեկացել են, որ նա արդեն Հայաստանում չէ, մեկնել է Սոչի: