▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի պատասխան Ֆլորա Մարտիրոսյանի նորահայտ պաշտպանների

Էս թեման էլ շահարկումերից զերծ չմնաց… 
Ընդամենը երկու օր առաջ հրաժեշտ տվեցինք մեր սիրելի Ֆլորա Մարտիրոսյանին, ու էսօր արդեն որոշ մարդիկ, իբր ի պաշտպանություն մեծ երգչուհու, հարձակվել են էն մարդկանց վրա, ովքեր իրոք ցավ են ապրել նրա կորստով ու փորձել են ինչ-որ կերպ դա արտահայտել:
Ինչ խոսք, որ համացանցում հայտնված նյութը դեռ անավարտ է, շատ աշխատանք կա անելու դրա վրա, բայց ինչո՞ւ նման կերպ հարձակվել այն ստեղծողների վրա: Այսինքն՝ եթե մեկին ավելի քիչ են ճանաչում, քան Ֆլորա Մարտիրոսյանին, ուրեմն այդ մարդն իրավունք չունի՞ նրան նվիրված որևէ բան անելու՝ առանց պիտակվելու որպես տիկին Ֆլորայի անունն օգտագործելով ինքնահաստատվող:
Մի մասին սարսափելի վրդովեցրել է տեսահոլովակում ռեփի առկայությունը: Մի մասն այն համարում են սարսափելի, մյուսները, ավելի առաջ գնալով, վիրավորանք տիկին Ֆլորայի հասցեին, ով, իբր, երբեք չէր հանդուրժի իրեն նվիրված նման կատարում և ռեփն ընդհանրապես: Սա կարող ենք կոչել առնվազն շատ վատ ծանոթ լինել Ֆլորա Մարտիրոսյանի վերջին տարիների գործունեությանը: Իսկ այդ ասողները կհամարձակվեի՞ն արդյոք նույն ոգևորությամբ հարձակվել Ֆլորա Մարտիրոսյանի վրա՝ «Կռունկ» երգը ռեփով այդպե՜ս դաժանորեն «աղավաղելու», «պղծելու» համար: 

ԱՆկեղծ ասեմ՝ չեմ համարում այս աշխատանքը չափազանց հաջողված: Ինձ վրդովեցնում է այն, որ հենց պետք է լինում մեկին նվիրված ինչ-որ բան գրել, դա վստահվում է Ավետ Բարսեղյանին: Նրա գրած բառերից իրոք արդեն զայրանում եմ. ոչ մի նոր, ստեղծագործ, հետաքրքիր բան չի ավելանում էդ տղայի տեքստերում:
Բայց ես տեսնում եմ նվիրում, աշխատանք, տեսնում եմ, որ էն մարդիկ են երգել կամ աշխատել, ովքեր անձամբ են ճանաչել տիկին Ֆլորային, և ճանաչել են նրա հետ լուսանկարվելու և ինքնագիր վերցնելու մակարդակից ավելի:
Երգի վրա աշխատել են մարդիկ, ովքեր տարիներով համագործակցել են Ֆլորա Մարտիրոսյանի հետ: «FMS»-ը՝ Ֆլորա Մարտիրոսյանի ստուդիան, կատարել է վերջին տարիների նրա բոլոր ստեղծագործությունների միքսերն ու մշակումները: Մի՞թե կարծում եք, որ նրանք կանեին մի բան, որը նրան դուր չէր գա:
Անհասկանալի վոկալն ու ոռնոցներն էլ, ի դեպ, այն մարդկանց ձայներն են, ում հետ տիկին Ֆլորան համագործակցում էր, պատրաստվում էր նոր համերգներ տալ, իսկ այդքան չարչրկված «Ինչու ափսոսամ» երգը հենց այսպիսին պիտի դառնար տիկին Ֆլորայի կենդանության օրոք, քանի որ դա նրա հերթական ծրագիրն էր, որը, ցավոք, չհասցրեց ավարտել:
Եթե ձեզ ոչինչ կամ գրեթե ոչինչ չեն ասում այս նախագծին մասնակցողների անունները, դա դեռ չի նշանակում, որ նրանք իրենց սիրով ու նվիրումով պղծում են Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակը:
Ես էլ չեմ կասկածում, որ այս բոլոր վրդովված անձինք իրոք սիրել և գնահատել են Ֆլորա Մարտիրոսյանի արվեստը, բայց քննադատելուց առաջ պետք է գոնե նյութին ծանոթ լինել:

Հեղինակ`Լիլիթ Նաիրուհի Ղազարյան/ ֆեյսբուքյան էջից/


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more