▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է խոստանում սև օձի տարին հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար

Բոլորս էլ գիտենք, որ 2013 թ-ը Սեւ օձի տարին է, բայց պետք չէ մտածել, որ օձը վտանգավոր է, իսկ նրա թույնը՝ մահացու:Օձը խայթում է միայն իր վրա հարձակվողներին, իսկ թույնն էլ կարող է բուժել որոշ հիվանդություններ: Պարզապես պետք է մտածված քայլեր ձեռնարկել՝ սեփական կարծիքով ու կանխազգացմամբ առաջնորդվելով: Օձը, ցավոք, չի սիրում ակտիվ կյանք վարող մարդկանց, եւ հաջողություն է խոստանում մտավոր ու ստեղծագործական աշխատանքով զբաղվողներին: 
Սեւ օձի տարում ցանկալի չէ նաեւ պարտքով փող վերցնելը կամ անտեղի գումար ծախսելը: Օձը հովանավորելու է հատկապես սիրահարներին. այս տարում իրար հանդիպած մարդիկ անկեղծ սիրային հարաբերություններ կունենան: Այս տարին բարեհաջող է նաեւ նրանց համար, ովքեր ուզում են փոխել իրենց զբաղմունքը կամ աշխատավայրը: Ֆինանսական առումով օձը կպարգեւատրի նրանց, ովքեր ամբողջ տարին քրտնաջան աշխատել են:

Խոյեր (թիվը՝ 3, 4, 12, գույնը՝ կարմիր, դեղին, քարը՝ կորալ եւ դեղին շափյուղա)
Խոյերին արդյունավետ տարի է սպասվում, քանի որ նրանց հովանավորում են Ուրանն ու Յուպիտերը: Խոյերն օժտված կլինեն ավելի մեծ խորաթափանցությամբ, ինչն էլ նրանց թույլ կտա կյանքի ճիշտ ուղի ընտրել: Սակայն, նրանք պետք է գործադրեն իրենց կամքի ուժը, մտածված գործեն, կարողանան լսել դիմացինին եւ չբռնկվեն ամեն մանրուքից: Խոյերը պետք է փորձեն մի կողմ դնել իրենց հպարտությունը սիրային հարաբերություններում, ներքին հավասարակշռություն պահպանեն: Տարին խոստանում է նորանոր ուղեւորություններ:

Ցուլեր (թիվը՝ 2, 6, 7, 9, գույնը՝ սպիտակ, կանաչ, քարը՝ ադամանդ, նռնաքար)
Ցուլերին այս տարին նախապատրաստելու է գալիք շրջադարձային փոփոխություններին: Ցուլերն այս տարի կցուցանեն իրենց ներքին ամենակարեւոր հատկանիշները, նորանոր ծանոթություններ ձեռք կբերեն, որոնցից մի քանիսը կարեւոր հետք կթողնեն իրենց կյանքում: Այս տարի ցուլերն իրենց մեջ կբացահայտեն նոր տաղանդներ, որոնց շնորհիվ կարող են կողմնորոշվել մասնագիտական ոլորտում: Անձնական առումով ցուլերը պետք է սովորեն ավելի թեթեւ տանել անհաջողությունները, ու այդ դեպքում լավ փոփոխություններ կունենան կյանքում: Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել ընտանիքին:

Երկվորյակներ (թիվը՝ 2, 3, 5, 6, գույնը՝ սպիտակ, դեղին, քարը՝ զմրուխտ, օնիքս, շափյուղա)
Երկվորյակների համար այս տարին շատ պատասխանատու է ու որոշիչ: Այս աստղակերպի ներկայացուցիչները գլոբալ առումով կփոփոխեն իրենց ապրելակերպը, կհրաժարվեն անցյալից եւ կկառուցեն իրենց ապագան: Երկվորյակները պետք է մի կողմ թողնեն անվստահությունը եւ դիմեն վճռորոշ քայլերի, ինչով էլ գուցե զարմացնեն շրջապատին, սակայն, բնատուր կանխազգացման շնորհիվ, հաջողության կհասնեն նախաձեռնություններում, հատկապես՝ արվեստում, ստեղծագործական եւ անձնական կյանքում:

Խեցգետիններ (թիվը՝ 1, 2, 4, գույնը՝ կարմիր, նարնջագույն, քարը՝ լուսնաքար, մարգարիտ)
Խեցգետինները պետք է մի փոքր ջանք թափեն՝ աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար: Ի դեպ, հաջողությունը նրանց կարող է ուղեկցել թե՛ սեփական ձեռնարկություն հիմնելիս, թե՛ խաղատանը խոշոր գումար շահելու առումով: Խեցգետինների կյանքում մեծ փոփոխություններ տեղի կունենան՝ լի արկածներով ու անսպասելի շրջադարձերով: Խեցգետինը, սակայն, ինքն է լինելու իր ճակատագրի կերտողը:

Առյուծներ (թիվը՝ 1, 2, 3, 9, գույնը՝ կարմիր, դեղին, նարնջագույն, քարը՝ ադամանդ, սուտակ)
Առյուծներին հիանալի տարի է սպասվում: Սակայն, երջանկությունը պետք է վաստակել՝ ռիսկի դիմելով, անվախ ու փոքր-ինչ խելահեղ կերպով լուծելով սեփական խնդիրները: Կարեւոր են ուշադիր լինելը եւ նորանոր բարձունքներ գրավելու համար ընձեռված շանսերը բաց չթողնելը: Առյուծները բազմաթիվ խնդիրներ կունենան, որոնք կհաղթահարեն համառության ու ինքնավստահության միջոցով՝ անտեսելով չարակամների խորհուրդներն ու վստահելով միմիայն սեփական ներքին ձայնին:

Կույսեր (թիվը՝ 1, 4, 8, գույնը՝ դեղին, կանաչ, մանուշակագույն, քարը՝ ադամանդ, զմրուխտ, մարգարիտ)
Կույսերն այս տարի գործողությունների հստակ պլան են ունենալու եւ լավ մշակված ռազմավարության միջոցով ճանապարհ են հարթելու դեպի նպատակակետ: Կույսերը համառորեն փորձելու են յուրաքանչյուր տհաճ իրավիճակից դրական բան քաղել իրենց համար: Աշխատավայրում հնարավոր է առաջընթաց, սակայն դրա համար կույսերը պետք է ամբողջովին կենտրոնանան իրենց գործի վրա եւ ներկա լինեն ամենուրեք: Կույսերը կլինեն բոլորի ուշադրության կենտրոնում, սակայն դրա պատճառով էլ հանգստի հնարավորություն չեն ունենա եւ չեն կարողանա ժամանակ հատկացնել սիրելի անձնավորությանը:

Կշեռքներ (թիվը՝ 3, 5, 6, 8, գույնը՝ շագանակագույն, երկնագույն, քարը՝ ադամանդ, նռնաքար, փիրուզ)
Կշեռքներն այս տարի լուրջ երկընտրանքի առջեւ կկանգնեն: Նրանց հետագա ճակատագիրը կախված կլինի ճիշտ եւ արդյունավետ որոշումից: Կշեռքները ստիպված կլինեն պաշտպանելու սեփական պատիվն ու իրավունքները՝ ծայրահեղ քայլերի դիմելով: Տարին առավելագույն կենտրոնացում է պահանջում ու համառ պայքար՝ նպատակներին հասնելու համար: Տարվա առաջին կեսին կշեռքները պետք է զգուշավոր ու խելացի լինեն: Պատկերը, սակայն, կփոխվի ամռանը, երբ Յուպիտերի ազդեցության ներքո կշեռքների ֆինանսական ու անձնական վիճակը փոքր-ինչ կբարելավվի: 

Կարիճներ (թիվը՝ 9, 18, 27, 36, 45, գույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, քարը՝ մարգարիտ, շափյուղա, նռնաքար)
Կարիճների համար գալիք տարին լի է բացահայտումներով ու նոր իրադարձություններով՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Նոր հաճելի ծանոթությունները փոփոխություն կբերեն կարիճների գործնական ու անձնական կյանքում: Նոր տարին կարիճներին կօգնի ազատվել անցյալի տհաճ դեպքերից ու զարգանալ, տեղափոխվել մի նոր վայր, երբեմն՝ անկախ իրենց ցանկությունից: Հենց այս տարի է, որ կարիճները հնարավորություն կունենան իրականացնելու իրենց կյանքի երազանքը, իսկ տարվա վերջում տեղի կունենա մի իրադարձություն, որ կվերափոխի նրանց ողջ կյանքը:

Աղեղնավորներ (թիվը՝ 6, 8, 9, գույնը՝ բաց դեղին, բաց շագանակագույն, դեղձի գույն, քարը՝ օպալ)
Այս տարին աղեղնավորների համար պայթուցիկ է լինելու՝ լի իրադարձություններով, ինչը, սակայն, հոգեհարազատ տարերք է այս աստղակերպի համար: Իրենց ցանկություններն իրականացնելու ճանապարհին աղեղնավորները ստիպված կլինեն բազում խոչընդոտներ հաղթահարել: Աղեղնավորները նյարդային պոռթկումներ կունենան անհասանելի պաշտոնի կամ անպատասխան սիրո պատճառով: Գուցե այս դժվարությունները նրանց դրդեն, որ գործեն եւ դրական արդյունք ստանան տարվա վերջում:

Այծեղջյուրներ (թիվը՝ 6, 8, 9, գույնը՝ սեւ, գորշ, կանաչ, քարը՝ նռնաքար, մարգարիտ)
Այծեղջյուրները դրական փոփոխություններ կզգան իրենց կյանքում: Նրանք կձգտեն մասնակցել հասարակական կյանքին, ստեղծագործական նոր հատկանիշներ կբացահայտեն ու կսովորեն կառավարել մարդկանց: Նրանք ավելի վճռական կդառնան, ուշադրություն կհատկացնեն իրենք իրենց, կճամփորդեն, ավելի ազատ կզգան: Այծեղջյուրները իրենց պլանների մեջ կփորձեն ներքաշել նաեւ բարեկամներին ու սիրելիներին, սակայն խորհուրդ չի տրվում չափազանց խառնվել ուրիշների անձնական կյանքին:

Ջրհոսներ (թիվը՝ 3, 6, 9, 12, գույնը՝ երկնագույն, վարդագույն, բաց դեղին, քարը՝ զմրուխտ, սուտակ, փիրուզ)
Ջրհոսների համար տարին փոքր-ինչ անհաջող է: Նրանք պետք է վստահեն միմիայն սեփական ուժերին, քանի որ նրանց մոտ ոչինչ բախտի բերմամբ կամ պատահմամբ չի ստացվի: Ջրհոսը պետք է համակերպվի դժվարությունների հետ ու կարողանա վճռական որոշում կայացնել, որը կփոխի նրա կյանքը: Ջրհոսները բարեկամների հետ երբեմնի խզված հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կստանան, բայց ավելի վատ են լեզու գտնելու իրենց երկրորդ կեսի հետ:

Ձկներ (թիվը՝ 3, 5, 12, գույնը՝ սպիտակ, կանաչ, դեղին, քարը՝ սպիտակ շափյուղա)
Ձկներն այս տարի հաջողության հասնելու լավ շանսեր ունեն, բայց չպետք է ձեռքերը ծալած նստեն: Տարին շատ հարմար է անձնական կյանքում փոփոխություն մտցնելու համար, սակայն ամեն ինչ կախված կլինի ինչ-որ պատահական առիթից ու այն բանից, թե հնարավորություններն ինչպես կօգտագործեն ձկները: Ձկները պետք է շատ աշխատեն ու աճեն՝ ազատվելով կասկածներից ու անտեղի վախերից, ինչպես նաեւ պետք է առանց երկմտելու ընդունեն բոլոր առաջարկները, որոնք կփոխեն նրանց կյանքի հետագա ընթացքը:

 

Ավո Ավետիքյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more