▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են փնտրում, գտնում ու տարածում «Facebook»-ում քաղգործիչները

«Facebook» հսկայական սոցիալական ցանցը բազմապիսի ու բազմաթիվ հնարավորություններ է տալիս օգտատերերին: Սոցցանցից օգտվելու հնարավարությունը բաց չեն թողնում նաև քաղաքական գործիչները: Իսկ ովքե՞ր են ֆեյսբուքում ամենաակտիվ հայ քաղաքական գործիչները, և ի՞նչ կարևորություն ունի սոցցանցը քաղաքական գործընթացներում:

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանում է, որ Ֆեյսբուքի միջոցով քաղաքական գործիչը հնարավորություն ունի ուղիղ կապ հաստատել հասարակության հետ: «Եթե քաղաքական գործիչ-լրագրող-հասարակություն շղթայում հնարավոր է որոշակի անճշտություններ, օրինակ` լրագրողը կարող է թերանալ տեղեկատվությունը լիարժեք հաղորդելու գործընթացում, ապա Ֆեյսբուքի միջոցով քաղաքական գործիչը հնարավորություն ունի ուղիղ կապ հաստատել հասարակության հետ»,- նշեց նա:

Իսկ ՏԱ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ ՀՀ քաղաքական ուժերը Ֆեյսբուքում բավականին ակտիվ են, չնայած մեծամասնությունը ինքնուրույն չեն տնօրինում իրենց էջերը, այլ կան համապատասխան մասնագետներ, որոնք և զբաղվում են էջով: Սակայն, այն հսկայական հնարավորությունները, որ Ֆեյսբուքն է ընձեռում, փորձագետի կարծիքով, հայ քաղաքական գործիչները չեն կարողանում լիարժեք օգտագործել: «Ֆեյսբուքում ակտիվություն ցուցաբերող գործիչների գործունեությունը հիմնակում չի տարբերվում տեղեկատվական այլ հարթակներում (օրինակ` պաշտոնական կայք) առկա գործունեությունից, չնայած` Ֆեյսբուքի հնարավորությունները շատ ավելի են»,- մեզ հետ զրույցում նշեց փորձագետը: 

Ըստ Վահրամ Միրաքյանի` առավել նպատակահարմար է, որ քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջը վարի համապատասխան մասնագետը: «Պարտադիր չէ, որ քաղաքական գործիչը անձամբ ակտիվ լինի նաև սոցցանցերում, չնայած` լսարանի հետ անձնական կապ ապահովելու հանգամանքը ևս կարևոր է. անձնական զրույցներ և սոցցանցային հանդիպումներ (շաբաթը մեկ անգամ)»,- ասաց նա: Բայց վերջինս կարծում է, որ լինում են դեպքեր, երբ քաղաքական գործիչները փոքր-ինչ երկար ժամանակ են անցկացնում Ֆեյսբուքում` վիրտուալ քննարկումների վրա, ինչը քաղաքական գործիչի պարագայում այնքան էլ լուրջ չէ: «Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական գործիչը զբաղվում է քաղաքականությամբ և նորմալ է, որ նա ժամանակ չունենա վիրտուալ շփումների համար: Իրական քաղաքականությունը ցանցում չի արվում, սա, պարզապես, քաղաքականության տեղեկատվական կողմն է»,- նշեց նա: 

Ի դեպ, և՛ Ս. Մարտիրոսյանը, և՛ Վ. Միրաքյանը նշեցին, որ ՀՀ քաղաքական գործիչներից Ֆեյսբուքում առավել ակտիվ են ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆայանը: 

ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցեց նաև վերջիններիս հետ: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի կածիքով` սոցցանցերը գնալով ավելի շատ են օգտագործվում քաղաքական գործիչների կողմից, ինչը միջազգային տենդենց է, իսկ իր` Ֆեյսբուքում լինելը, պայմանավորված է 3 գործառույթով: «1-ինը որպես քաղաքացի. Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս գտնել իմ ընկերներին, թարմացնել կապերը, կառուցել նոր կապեր, կիսել ու կիսվել գաղափարներով: 2-րդը պաշտոնականն է. կրթության ոլորտի բազմաթիվ ծրագրերի մասին տեղեկությունները հենց Ֆեյսբուքի միջոցով եմ հաղորդում օգտատերերին, որոնց մեծ մասը երիտասարդներ են: Եվ քանի որ այդ ծրագրերը մեծամասամբ հենց վերջիններիս համար են նախատեսված, Ֆեյսբուքի միջոցով հնարավոր է լինում հետադարձ կապ ապահովել: 
Իսկ ակտիվության 3-րդ բաղադրիչը կապված է քաղաքականության հետ. որպես հրապարակային ակտիվ քաղաքական գործիչ Ֆեյսբուքում մեկնաբանում եմ երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները ու զարգացումները»,- բացատրեց Ա. Աշոտյանը: ԿԳ նախարարը կարծում է, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է հայտնվել:

Իսկ Ստյոպա Սաֆարյանի համար Ֆեյսբուքը դարձել է քաղաքական իրադարձություններին ոչ պաշտոնապես կամ պաշտոնապես արագ արձագանքելու, գնահատական տալու հարթակ:

«Այլևս չես սպասում, որ որևէ լրագրող զանգի և հարցնի քո տեսակետը. ինքդ քո էջում մեկնաբանում ես»,- նշեց Ս. Սաֆարյանը: Նա հավելեց, որ Ֆեյսբուքը հաճելի ու մտածող մարդկանց հետ շփվելու վայր է: «Օգտատերերից շատերը սուր միտք ու առողջ տրամաբանություն ունեն, նրանք ուզում են շփվել քեզ հետ, հայտնել կարծիք և ստանալ քո վերաբերմունքը տվյալ հարցի վերաբերյալ: Իսկ հարյուրավոր մարդիկ դա անում են նաև մասնավոր հաղորդակցությամբ»,- կարծում է «Ժառանգության» անդամը:

Հասարակության շրջանում տարածված այն կարծիքին ի պատասխան` թե այն քաղաքական գործիչը, որը ակտիվ է ֆեյսբուքում, պասիվ է իր քաղաքական գործունեության մեջ, Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ սոցցանցում իր գտնվելը չի ազդում իր գործունեության վրա: «Ես Ֆեյսբուքում ժամանակ եմ անցկացնում հիմնականում ուշ երեկոյան ժամերին, ավելի ստույգ, երբ համակարգչի վրա գործ եմ անում (հոդվածներ, վերլուծություններ գրելիս, փոստարկղ ստուգելիս) և զուգահեռաբար չի խանգարում սոցցանցում մարդկանց հետ շփվելը, կատակելը, մտքեր փոխանակելը: Այնպես որ, Ֆեյսբուքում  իմ գտնվելը ածանցյալ ժամանց է, ինչը ոչ կերպ չի ազդում իմ գործունեության վրա»,- նշեց նա:

Իսկ ԿԳ նախարարը այդկերպ մտածող մարդկանց որպես լուրջ ընդդիմախոսներ չի դիտարկում: «Եթե որոշ մարդիկ չեն ընդունում իմ քաղաքացիական ազատությունները տնօրինելու սեփական իրավունքը, ապա դա իրենց խնդիրն է»,- ընդգծեց  նախարարը: Ինչ վերաբերում է աշխատանքի ժամին Ֆեսյբուք մտնելու խնդրին` վերջինս նշեց, որ սոցցանցը իրենից մեկ ժամից ավել չի խլում:  «Եթե գումարենք իրար դա մեկ ժամից ավել չի խլում ինձնից, իսկ դա իմ ընդմիջման ժամն է, որը ես բաշխում եմ օրվա ընթացքում: Գուցե որոշ մարդկանց համար օրեր կամ ժամեր են պահանջվում երկու հոդաբաշխ խոսք գրել, սրբագրել ու տեղադրել ֆեյսբուքյան իրենց էջում, ինձանից դրա համար շատ քիչ ժամանակ է պահանջվում. ես շատ եմ կարդում, մտածում, իսկ կարդացող մարդը չի կարող շատ ժամանակ ծախսել տեսակետներ ունենալու և շարադրելու վրա»,- ասաց նախարարը:

Իսկ այն հարցին, թե վերջիններս ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ շատ հաճախ ֆեյսբուքահայությունը քննադատական մեկնաբանություններով է հանդես գալիս իրենց գրառումների ու իրենց մասին, Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ քաղաքական գործիչը ամենուր պետք է պատրաստ լինի այդ քննադատություններին: «Չեմ վախենում, որ իմ մասին կգրեն, իսկ ավելի ստույգ, շատ են գրել` և՛ քննադատություն, և՛ դրվատանքի խոսքեր: Կարծում եմ` քաղաքական գործիչը, ոչ միայն սոցիալակամ ցանցում, այլ ամենուրեք պետք է պատրաստ լինի և ՛ ծափերի, և՛ քննադատությունների»,- նշեց Ս. Սաֆարյանը:

Ա. Աշոտյանը ևս ընդունում է դժգոհություններ ու առողջ քննադատություն, իսկ բարեկրթության սահմաններից դուրս արտահայտությունների դեպքում նախազգուշացնում է, 2-րդի դեպքում` ջնջում` զրկելով տվյալ մարդուն իր հետ հաղորդակցվելու  հնարավորությունից: «Ինձ շրջապատող մարդիկ հիմնականում պահպանում են բարեկրթության կանոնները: Ես իմ պատին թույլ չեմ տալիս վիրավորանքներ ոչ մեկի հասցեին` լինի ընդդիմություն կամ իշխանություն: Վիրավորանքները ջնջում եմ, եթե չեն հասկանում, ուղղակի արգելում եմ իրենց կապն ինձ հետ»,- ասաց նախարարը:

Ի դեպ, Արմեն Աշոտյանը վստահ է, որ մի քանի տարի հետո իր նման նորագույն տեխնոլոգիաներից օգտվող քաղաքական գործիչները այլևս բացառություն չեն լինի: «Ուրիշ բան, որ ինձ հաճելի է ստանձնել քաղաքականության մեջ տեղեկատվական հեղափոխություն անողներից մեկի դերը, ինչը ես սիրով եմ անում: Այո՛, ճեղքենք ավանդական քաղաքական մշակույթը` օգտագործելով նոր հնարավորությունները»,- կոչ արեց Ա. Աշոտյանը:

Իսկ թե ինչքանո՞վ իրականություն կդառնա ԿԳ նախարարի խոսքերը, ցույց կտա ժամանակը, բայց մեկ բան հստակ է. ինչպես նշեց Սամվել Մարտիրոսյանը` ՀՀ-ում Ֆեյսբուքը ամենաքաղաքականացված հարթակն է: 

Նշենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցը ստեղծել է Մարկ Ցուկերբերգը` 2004 թվականին: Սկզբնական շրջանում նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, իսկ 2007 թվականին ցանցը տարածում գտավ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում: Այժմ Ֆեյսբուքը «գրավել» է ողջ աշխարհը: Այն թարգմանված է շուրջ 70 լեզվով: 2012 թվականի հոկտեմբերին Ֆեյսբուքի օգտատերերի քանակը հատել է 1 միլիարդը, իսկ Հայաստանում ցանցից օգտվում է 300 հազարից ավել մարդ:

 

Հեղինակ` Անի Բեքիրյան 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more