▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ստացավ Հայրիկյանը իր որոշման դիմաց

«Ժողովուրդը» գրում է. «Պարույր Հայրիկյանը Գագիկ Ծառուկյանը չէ եւ իր որոշման հրապարակմանը շաբաթներով սպասեցնել չտվեց, այլ ընդամենը 1 լրացուցիչ օր: Բանն այն է, որ ասուլիսը պետք է կայանար դեռ փետրվարի 4-ին «Ազդակ» ակումբում:

Բայց նախորդ օրը որոշումը փոխվեց, եւ մեկ օրով ասուլիսը հետաձգվեց ու անցկացվեց արդեն «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում: Հետաձգվելու բուն պատճառը չգիտենք, կարելի է ենթադրել, որ Հայրիկյանը մտածելու կամ համաձայնեցնելու բան ուներ:

Եվ ահա եղավ հայտարարությունը նախագահի թեկնածուի ներկայացուցիչների կողմից՝ Հայրիկյանն ընտրությունները հետաձգելու խնդրով ՍԴ չի դիմի: Ըստ ներկայացուցիչների՝ որոշումը Պ. Հայրիկյանինն էր եւ պայմանավորված էր նրանով, որ մահափորձը իրենք որակում են որպես ահաբեկչություն պետության դեմ եւ ընտրությունները հետաձգելու նպատակ հետապնդող, իսկ իրենք հանցագործներին չեն թողնի հասնել իրենց նպատակին:

Հայրիկյանի աջակիցները հերքեցին այն վարկածը, որ ԱԻՄ նախագահը կարող էր իշխանությունների հետ գործարքի մեջ մտնել, ինչի հետեւանքով էլ կայացներ համապատասխան որոշում: Սա Հայրիկյանի եւ իր աջակիցների կարծիքն է, իսկ մենք փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել մահափորձից հետո: Մահափորձի գիշերը հիվանդանոցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց, որ եթե Հայրիկյանի վիճակը վատ լինի, եւ չկարողանա շարունակել քարոզարշավը, ապա ընտրությունները կարող են հետաձգվել 2 շաբաթով: Հաջորդ օրվանից Հայրիկյանին սկսեցին անդադար այցելել ամենաբարձր ատյաններից: Եվ արդեն 2-րդ օրվանից ՀՀԿ-ականները վստահորեն ասում էին, որ ընտրությունները չեն հետաձգվի: Ի դեպ, Հայրիկյանին այցելելու համար նույնիսկ ԼՂՀ-ից Հայաստան էր եկել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ըստ շրջանառվող լուրերի՝ նույնպես հատուկ առաքելությամբ:

Ի՞նչ է ստացվում. Հայրիկյանի վիճակն այնքան լավ է, որ նա ի վիճակի՞ է շարունակել   քարոզարշավը: Իհարկե, ասուլիսին նա մի պահ եկավ, սակայն մնաց շատ կարճ եւ խուսափեց լրագրողների հետ շփումից, նույնիսկ հայտարարվեց, որ հարցերի չի պատասխանելու: Իսկ ասուլիսից ժամեր անց «Ժողովուրդ»-ը փորձեց զանգահարել Պ. Հայրիկյանին, սակայն վերջինս

չպատասխանեց: Մեզ հաջողվեց խոսել Հայրիկյանի՝ ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ Արկադի Վարդանյանի հետ, որը զրույցի ընթացքում ասաց, թե նախագահի թեկնածուն այն աստիճան ուժեղ ցավեր ունի, որ դժվարանում է նույնիսկ խոսել: Մի՞թե սա նշանակում է, որ Հայրիկյանն ի վիճակի է շարունակել քարոզարշավը: Ա. Վարդանյանը պնդեց նույն «ՀՀԿ-ական տեսակետը», որ իրենք ահաբեկիչներին ընդառաջ չեն գնա, բայց իրենց որոշումն ի նպաստ իշխանությունների չէ: Սակայն պետք է հաշվի առնենք, որ դեռ հայտնի չեն ո՛չ մահափորձն իրականացնողները, ո՛չ էլ պատվիրատուները, ուստի միանշանակ չենք կարող ասել՝ սա պետության դեմ ահաբեկչություն է, թե մեկ այլ բան: Իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու համար առնվազն պետք է ունենալ ինչ-որ շահ՝ պաշտոն ստանալու ակնկալիք կամ ֆինանսական օգնություն: Ֆինանսական օգնություն ակնկալում են ֆինանսական խնդիրներ ունեցողները: Հայրիկյանի՝ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշված է, որ նախագահի թեկնածուն ԱՄՆ 3 բանկերից ունի վերցրած ընդհանուր 50 հազար դոլարի փոխառություն:

Ըստ նախնական մեր եզրահանգման՝ Հայրիկյանն այս գումարը կարող էր վերցրած լինել ընտրություններին մասնակցելու նպատակով: Սա կնշանակեր, որ թեկնածուն ֆինանսական այլ միջոցներ չուներ եւ ստիպված ամերիկյան բանկերից վարկ վերցրեց: Սակայն Արկադի Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նշված 50 հազար դոլարի փոխառությունն ընտրությունների հետ որեւէ կապ չունի, այն վերցված է դեռ վաղուց, իսկ ընտրագրավի համար պահանջվող գումարը հավաքելու հարցում Հայրիկյանին օգնել են ընկերները: Թեկուզ այս տարբերակով կրկին եզրահանգումը նույնն է՝ Հայրիկյանն այնքան էլ լավ ֆինանսական վիճակում չէ, դեռ 50 հազար դոլարի վարկ ունի:

Եվ վերջապես, Պ. Հայրիկյանին պատմական հնարավորություն էր ընձեռվել նպաստել Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելուն. եթե օգտագործելով բոլոր առկա հանգամանքները՝ ընտրությունները որոշ ժամանակով հետաձգվեին, եւ հնարավոր լիներ հետաձգել մինչեւ ապրիլի 9-ը, ապա մենք կունենայինք արդար ու հավասար պայմաններում ընտրություններ անցկացնելու եզակի հնարավորություն, քանի որ կլրանար Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, եւ Սարգսյանն այնուհետ հանդես կգար միայն որպես նախագահի շարքային թեկնածու: Հայրիկյանն իր այս հնարավորությունից չօգտվեց:

Եվս մի աբսուրդ. ասուլիսի ժամանակ Հայրիկյանը կրկին նշեց, որ իր վրա կրակել են մոտիկից, գնդակը կրծքավանդակից մտել է, մեջքից դուրս եկել (նույնիսկ մատով ցույց տվեց), այնինչ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ վիրահատության ժամանակ Հայրիկյանի մարմնից գնդակ են հանել:

Այդ ինչպե՞ս է ստացվում, եւ ո՞վ է խաբում. կպարզաբանենք մեր վաղվա համարում: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ այս իրավիճակից Պ. Հայրիկյանը շահած դուրս եկավ, քանի որ հնարավոր եղավ դե յուրե նրան գրանցել որպես 2-րդ տեղը գրաված թեկնածու, որն էլ կշնորհավորի Սերժ Սարգսյանին»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more