▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ են աղմկում թեկնածուները, երբ ժողովրդին «սպանել» են արդեն

Օրերը, ամիսներն ու տարիները  իրար հաջորդելով առաջ են շարժվում, ու եթե մեր երկրի մասին գոնե մեկ լավ լուր լսում ենք մեկ տարվա պարբերականությամբ, ապա զուգահեռաբար գրեթե ամեն օր նեղսրտում ենք, չարանում,որովհետև անկախ մեր կամքից օրներս հագեցնում ենք վատ լուրերով: Դրանք հասարակ նորություններ չեն, դրանցում ակնառու են չարությունը, թշնամությունը ազգակցիդ նկատմամբ: Իսկ դրանց հետ զուգահեռ կառավարությունը շարունակում է իր անհոգ օրերը,իշխանությունը և մյուսները ետ չեն մնում վերջիններիս օրինակից, իսկ նախագահի թեկնածուները շարունակում են աղմկել: Իսկ ում է լսելի նրանց աղմուկը, երբ ԶԼՄ-ները չեն հասցնում տեղեկացնել զինվորի մահվան, բռնաբարման, նվաստացման և այլ դեպքերի մասին: Նախագահն ու նախարարներն այս 5 տարիների ընթացքում միշտ նույն խոսքն են ասում,որ կպատժեն, որ մեր բոլորի երազած Հայաստանը սարերի ետևում չի թաքնվել և ահա ուր որ է մեզ ձեռքով կանի՝ հավատացնելով, որ շուտով զգալու ենք իր ներկայությունը, բայց, ամեն դեպքում խոստումները դեռ «ճախրում» են օդերում, խոստացվաց պատիժներն էլ մնում են անպատիժ: Ընտրությունների շեմին ,հետաքրքիրն այն է, որ բոլորս գիտենք թե ինչ են խոսելու մեր հարգարժան թեկնածուները, բայց ամեն անգամ մի վերջին հույսով նորից հետևում ենք նրանց ընտրարշավներին, ուզում ենք լսել գեղեցիկ խոստումները, ինչու չէ նորից հավատքով լցվել, բայց… « օ՜ ինչ ծանոթ խոսքեր, այս նախադասությունն էլ կարծես լսված էր…հա՜ իհարկե ախր հո առաջին անգամ չէի լսում», խեղճ ժողովուրդս սակայն չի կորցնում հավատքը, հույսը, չնայած գուցե պարզապես չի ուզում կորցնել…Գործ անող մարդը 5 տարում կանի լավագույնը,այն ժամանակը, որ տրված է թեկնածուներին իրենց գործունեությունը ներկայացնելու համար, ձևականություն է, իսկ խոսքերն էլ ՝հորինված: Երբ Հայաստանում երեխան սոված է քնում, երբ երիտասարադը անվստահությունից ինքնասպանության է դիմում,երբ զինվորը հանգիստ չի քնում ոչ թե թշնամուց, այլ իր սերժանտի նկատմամբ վախից, երբ մահացած զինվորի մայրը խենթանում է ու այլևս ոչ մի որդուն չի ուզում սեփական երկրի բանակն ուղարկել, և մարդիկ ոչ թե արտագաղթի են դիմում, այլ իրենք իրենց աքսորում, ապա հասարակությունը ոչ թե մահ է տենչում,այլ արդեն իրեն համարում է մահացած: Այս դեպքում ինչու՞ են աղմկում թեկնածուները՝ ներկայացնելով իրենց անիմաստ նախընտրական ծրագրերը, երբ ժողովրդին արդեն «սպանել» են: Մեր երկրի կարգն է այսպես…5 տարին մեկ աղմկում են նախագահի պաշտոնին արժանանալ ցանկացող թեկնածուները, էհ աղմկե՛ք...

Աղբյուր` ՀՈՎՅԱՆ բլոգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more