«Կեղծ խաղաղության, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հավանականությունն ունի նաև տեսական մշակումներ, որոնք, կարծես, դարձել են այս պահի իշխանության քաղաքականության հիմքը։ Այդ մշակումների մեջ ես հատկապես կարևորում եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական, Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան, ԱԳ նախկին փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանի աշխատանքները, որոնք ներկայացված են նրա՝ «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» աշխատության մեջ»,- այսօրվա շնորհանդես-քննարկման ժամանակ ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը: «Ինչպես հայտնի է՝ Լիպարիտյանը ՀՀ գոյության առաջին տարիներին որոշակի դերակատարում և պատասխանատու տեղ է ունեցել արտաքին քաղաքականության ոլորտում և գրքում նրա՝ տարբեր տարիների հրապարակված հոդվածներն են, ելույթները, հարցազրույցները, որոնց հեղինակն ավելացրել է բացատրություններ, թարմացրել է, վերամշակել, ինչը մի կողմից հետաքրքիր է դարձնում աշխատանքը, մյուս կողմիցч մտահոգության պատճառ դառնում, որ նման թեզեր կարող են լինել մի մարդու գիտաքաղաքական հավատամքը, ով որոշակի շրջանում ՀՀ շահերի սպասարկմանն է կոչված եղել... Դրանում առկա են ներկա, այսպես կոչված, խաղաղության օրակարգի բազմաթիվ դրույթներ, որոնց տեսական սահմանումներն օրվա իշխանությունները փորձում են կիրառել պրակտիկ քաղաքականության մեջ։ Գոնե նեղ մասնագետների համար աչք են զարնում Լիպարիտյանի և նրա՝ չակերտավոր ուսմունքի հանդեպ Հայաստանում այս պահին իշխող ուժի առնվազն որոշակի հատվածի համակրանքը և լիպարիտյանական թեզերի ուղղակի կամ անուղղակի կիրառման փաստը»,- ասել է Մելքոնյանը: Վերջինի խոսքով՝ լիպարիտյանական թեզերը, որոնք դառնում են ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, ունեն շատ մեծ վտանգ. ապակողմնորոշում են հայ հասարակության մի մասին: «Ինչո՞ւ եք խաբում ժողովրդին՝ կեղծ խաղաղասիրական թեզեր տարածելով, ինչո՞ւ եք խաբում ժողովրդին՝ նրանց համոզելով, թե թուրքերն ու ադրբեջանցիներն այդքան էլ վատը չեն և ուզում են խաղաղություն...»,- հավելել է բանախոսը: |
Ինչո՞ւ եք խաբում ժողովրդին՝ համոզելով, թե թուրքերն ու ադրբեջանցիներն այդքան էլ վատը չեն և ուզում են խաղաղություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet