Հունիսի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Չեզոք գոտի» ֆիլմի պրեմիերան, որին հաջորդեց ֆիլմի կերպարներից մեկի` «Գոյ» էքսպերիմենտալ թատրոնի դերասանուհի Աննա Հարությունյանի հայտարարությունը, համաձայն որի նա դիմել է դատարան` պահանջելով վերականգնել ֆիլմի ստեղծագործական անձնակազմի կողմից խախտված իր հեղինակային իրավուքները:
Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Չեզոք Գոտի» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Արտակ Ջիլֆիմյանը, անդրադառնալով խնդրին,ասաց, որ ամեն ինչ կլուծվի.
«Կլուծենք ոչ թե մենք, այլ դատարանը, մինչ այդ կարող եմ ասել, որ սա ոչ պրոֆեսիոնալիզմ է: Ամեն քայլ մեզ պրոֆեսիոնալ է սարքում: Եթե կա ոչ պրոֆեսիոնալիզմ, դա առաջ գնալու հիմք է հանդիսանում: Մենք ունեցել ենք լավ արտիստներ, հիմա էլ կունենանք»,-ասաց ֆիլմի ռեժիսորը հավելելով. «Մեր ազգի խնդիրն է` շատ հեշտ քանդվում ենք և միայն էքստրեմալ վիճակներում ենք իրար բռնում, այնինչ պետք է խաղաղության մեջ իրար պահենք: Բոլորս կարող ենք սխալվել, կարևոր է ներողություն խնդրելը»:
Նշենք, որ «Չեզոք Գոտի» գեղարվեստական ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է 1994թ.-ին հատուկ ջոկատի կողմից Ադրբեջանում գտվող հայ գերիների ազատագրման մասին: