Նոյեմբերի 8-ին, սպանություններ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանություն գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն հրազենային վիրավորումով տեղափոխվել է 2 քաղաքացու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն ազգականներ են։
***
ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Նոյեմբերի 8-ին, ժամը 21-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ: 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է:
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արարատի տարածքային ստորաբաժանումների ծառայողները և Արարատի մարզի պարեկները րոպեներ անց դեպքի վայր են մեկնել՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։
Մեկնել են նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալներն ու նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում, զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ, Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա, ինչի հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Միջադեպի արդյունքում 2 անձ մահացել է, 4-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։
Ոստիկանների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել են հետագա զարգացումերը և պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։
Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ:
Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»։