▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկավաճառ-գինեկոլոգը շարունակում է ծնունդ ընդունել

Բաց նամակ «Ոչ երեխաների վաճառքին» քաղաքացիական նախաձեռնությունից

 Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին

 Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին

 Պարոնա՛յք, մենք արդեն երեք տարի շարունակ ուշադրությամբ հետևում ենք մանկավաճառ-գինեկոլոգ Նաիրա Բալայանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին: Դեռ 2011 թ.-ի սեպտեմբերի 26-ին, Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ բժշկուհի Նաիրա Բալայանը Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին կետով դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման առնվազն 2 նորածինների վաճառքի համար, սակայն պատժի կրումը հետաձգվել էր իր մանկահասակ երեխային խնամելու պատրվակով:

 Հարգելի՛ պարոն Թովմասյան,

 Անցյալ տարվա վերջին՝ 2012-ի դեկտեմբերի 12-ին, լրացավ հետաձգված ժամկետը, սակայն Նաիրա Բալայան անուն-ազգանունով հանցագործը շարունակում է մնալ ազատության մեջ. պարզվում է, որ նա ինչ-որ անհասկանալի ճանապարհով պատիժը պայմանական է կրելու: Հարգելի՛ պարոն Թովմասյան. ինչպե՞ս է պատահում, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչված բժիշկ-մանկավաճառին հաջողվում է խուսափել պատժի կրումից, իսկ նրա գործն ընդհանրապես անհետանում է datalex.am կայքից:Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում կա ավելի բարձր մարմին, որ կարող է ՀՀ Վճռաբեկ դատարանի բողոքարկման ոչ ենթակա որոշումն առանց դատական կարգի փոխել ու գաղտնի կերպով որոշում կայացնե՞լ:

 Սա այն պարագայում, երբ, ըստ ՀՀ օրենսդրության, դատապարտյալի գործը կարող է վերանայվել պատժի կրումից որոշակի ժամանակ հետո այն էլ միայն նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում:

 Այս ողջ գործընթացի ոչ թափանցիկությունն ու հանրությունից թաքցնելը հիմքեր է ստեղծում՝ կարծելու, որ որոշ անձանց համար Վճռաբեկ դատարանի որոշումը շրջանցելու ու արհամարհելու համար «նոր» ու «առավել ծանրակշիռ» հանգամանքներ են դարձել համապատասխան դրամական միջոցները կամ առավել կոնկրետ՝ մենք շատ ուղղակի գործ ունենք կաշառակերության հետ, որի արդյունքում երկու երեխաների ճակատագիրը խեղած իրեն բժիշկ հորջորջող շարքային հանցագործը հանգիստ կարող է շարունակել մնալ ազատության մեջ: 2012թ.-ի դեկտեմբերին մենք ահազանգել էինք տեղի ունեցածի կապակցությամբ, սակայն այդպես էլ ոչ մի արձագանք Ձեզնից չստացանք: Արդյո՞ք նման կամայական ու անօրինական որոշումները, ու չարդարացված լռությունը Արդարադատության նախարարության կողմից մեզ իրավունք չեն տալիս մտածելու, որ երկրի նախագահի հանձնարարականները արդարադատության ոլորտում հաշվետվողականություն, անաչառություն ու թափանցիկ աշխատաոճ ապահովելու հարցում Ձեր կողմից չեն կատարվել: Ու օգտվելով դրանից՝ նա շարունակում է աշխատել որպես բժիշկ:

 Հարգելի՛ պարոն Դումանյան,

 Դեռ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշքյանը խոստացել էր այնպես անել, որ Նաիրա Բալայանին տեղափոխեն աշխատելու, օրինակ, հիվանդանոցի արխիվում, որպեսզի այլ մանուկների վաճառք իրականացնելու հնարավորությունը բացառված լինի: Սակայն նա, ըստ մեր հավաստի տեղեկությունների, որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ շարունակում է աշխատել Դավիթ Անհաղթ բժշկական կենտրոնում , հղիություններ վարում ու ծննդաբերություններ է ընդունում Ընտանիքի պլանավորման ու սեռական առողջության կենտրոնում, ինչպես նաև Ամենայն կաթողիկոսի հովանու ներքո գործող Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոնում: Ինչպե՞ս հնարավոր է հասնել առողջապահական համակարգում նշանակալի բարեփոխումների, բարձրացնել բնակչության վստահությունը ոլորտի նկատմամբ, երբ նման վայ-բժիշկներ կարող են հանցագործություն գործել ու շարունակել աշխատել այնպես, կարծես ոչինչ չի եղել: Մենք խնդրում ենք Ձեզ լինել հետևողական, խիստ ու պահանջատեր, որպեսզի հաղթի արդարությունը.հանցագործները կրեն իրենց արժանի պատիժը. նաիրաբալայանները չպետք է հնարավորություն ունենան խաղալու մարդկանց կյանքի ու ճակատագրի հետ՝կաշառելով առանձին պաշտոնյաների: Եթե մենք այսօր չկարողանանք պաշտպանել մեր երեխաներին,իսկ հանցագործները անպատիժ շրջեն մեր մեջ,ապա ի՞նչ կլինի վաղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more