▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարմնավաճառության օրինականացման հարցը Հայաստանում

Ի՞նչ կմտածեիք, եթե այսօր դուրս գայիք փողոց ու տեսնեիք կարմիր հովանոցներով կանանց ինչ-որ երթ: Մի շարք երկրներում դեկտեմբերի 17-ին հենց այդպիսի երթեր են անցկացվում: Դրանք «սիրո քրմուհիներն» են, ովքեր փորձում են պայքարել ոստիկանների, կավատների, հասարակության կողմից իրենց ուղղված բռնությունների ու դաժանության դեմ: Թե մեր երկրում ինչպես կընկալվեր աշխարհի հնագույն «մասնագիտության» ներկայացուցիչների՝ մարմնավաճառների բողոքն ու պայքարն իրենց իրավունքների համար, դժվար է պատկերացնել:


med-practic.com կայքն է թեմային անդրադարձել ու մասնավորապես, գրել.

Մարմնավաճառությունն ընդունված է համարել աշխարհի հնագույն «մասնագիտություններից», սական այս կարծիքին չէ Հայաստանում Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի՝ կանանց իրավունքների իրավապաշտպան Աննա Սաֆարյանը. «Ես, որպես կանանց իրավունքների իրավապաշտպան, մարմնավաճառությունը մասնագիտություն չեմ ընդունում, չնայած, որ շատ երկրներում այն օրինականացված է ու համարվում է մասնագիտություն. ամեն դեպքում դա կնոջ մարմնի շահագործում է»: Մեզ հետ զրույցում իրավապաշտպանը խոսեց մարմնավաճառության օրինականացման, հասարակաց տների բացման եւ, այդպիսով, վերոհիշյալ կանանց իրավունքների պաշտպանության ու բազմաթիվ այլ խնդիրների վերացման մասին: Նա նկատեց, որ վերջերս շատ է խոսվում երեւույթի օրինականացման մասին, և ըստ կողմնակիցների պնդման' այդպիսով հատուկ հսկողություն կիրականացվի, ոտնձգություններն այդ կանանց հանդեպ կվերանան։ Սակայն տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ այդկերպ կանանց իրավունքները չեն պաշտպանվել: Նա պարզաբանեց' եթե օրինականացվի, միեւնույնն է, կա կին-տղամարդ անձնական հարաբերությունների շատ նեղ շրջանակ, որը վերահսկել անհնար է: Ըստ իրավապաշտպանի, օրինականացումը կարող է բերել առաջարկի մեծացման։ Կանայք, տեսնելով, որ երեւույթը որոշ չափով օրինականացված է, գուցե ավելի համարձակ գնան նման «աշխատանքի»: «Մարմնավաճառներն այժմ «աշխատում» են ու ոչ մի հարկ չեն վճարում, չեմ կարծում, որ կգրանցվեն նման հաստատություններում ու հարկ կվճարեն: Մարմնավաճառության երեք տեսակ կա. մի խումբը փողոցում է կանգնում, մյուսը' կապվում է հեռախոսով, երրորդը' գիշերային ակումբներում ու նմանատիպ վայրերում առաջարկվող ծառայություններն են: Ինչո՞ւ պետք է այս մարդիկ գնան-գրանցվեն, որպեսզի հարկ վճարե՞ն, կարծում եմ' ստվերային մասն էլի կմնա»,- ասաց Աննա Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ եթե պետությունը ցանկանում է խնդիրը լուծել, պետք է մտածի ոչ թե դրա օրինականացման, այլ այն պատճառների մասին, որոնք կանանց դրդում են նման քայլի. ոչ մի կին իր ցանկությամբ չի գնա դրան, գուցե շատ քիչ տոկոս կազմեն նրանք, ովքեր սեփական ցանկությամբ են իրենց մարմինը վաճառում: Իրավապաշտպանն ավելացրեց, որ դեմ է երեւույթի օրինականացմանը, ու եթե դրա հիմքում ընկած է կանանց իրավունքների պաշտպանությունը, ապա դա միջոց չէ. ի՞նչպես հսկողություն կազմակերպել մի սենյակում, որտեղ կինն ու տղամարդը մենակ են…

Մարմնավաճառության օրինականացման դեպքում միակ դրական կողմը, ըստ իրավապաշտպանի, հնարավոր է' լինի այն, որ այդ կանայք գուցե ավելի հետեւողական դառնան իրենց առողջության հանդեպ:

Հայաստանում մարմնավաճառության օրինականացման ու դրա արդյունքում սեռավարակների հնարավոր նվազեցման մասին խոսեցինք սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանի հետ, ով որպես մասնագետ դժվարացավ միանշանակ ասել' կքչանա՞ն արդյոք սեռավարակները: Նրա կարծիքով՝ օրինական, թե անօրինական, միեւնույնն է, սեռավարակները կլինեն. այնքան մարդիկ կան Հայաստանում, ովքեր չեն գիտակցում սեռական առողջության կարեւորությունը, եւ եթե նույնսիկ մարմնավաճաներին պարտադիր ստուգման ենթարկեն, դրանով սեռավարակները չեն քչանա: Հայաստանում սեռական առողջությանը մարդիկ լուրջ չեն վերաբերվում: Սեքսապաթոլոգը խնդրի օրինականացումը կարեւորեց՝ հարցին այլ դիտանկյունից նայելով. « Մարդկանց սեռական նախասիրությունները տարբեր են. ոչ միշտ է, որ սեռական կրքի բավարարման ավանդական' վագինալ տարբերակը, տղամարդուն լիարժեք սեռական բավարարում է տալիս: Մեր մշակույթում նման տղամարդիկ հայտնվում են դժվարին կացության մեջ, քանի որ չգիտեն' որտեղ գտնեն այն զուգընկերուհուն կամ զուգընկերոջը, ով «կհասկանա» իրենց: Իմ մտահոգությունն իբրեւ մասնագետի այն է, որ նման տղամարդիկ դառնում են պոտենցիալ վտանգ ներկայացնող սուբյեկտներ, քանի որ իրենց սեռական կրքի բավարարման համար գտնում են երիտասարդ աղջիկներ եւ տղաներ, որոնց սեռական հասունացումը դեռ կայացման փուլում է, ուստի որեւէ տեսակի սեռական գործողություն, որը դուրս է դասական ձեւերից, կարող է շեղել վերջիններիս հոգեսեռական զարգացման ընթացքը, ընդհուպ մինչեւ մարմնավաճառության ձեւավորում: Իմ պրակտիկայում հանդիպել եմ տղաների եւ աղջիկների, որոնց առաջին սեռական փորձը եղել է նման անձնավորությունների հետ, եւ դա իր խորը հետքն է թողել նրանց սեռականության վրա: Իսկ եթե ստեղծվեն ինչ-որ օրինական հաստատություններ փորձառու անձանցով, որտեղ կմատուցվեն համապատասխան օրինական ծառայություններ' առանց բռնության ու ծեծի… Սեռական առողջության պահպանման համար կարևոր է, որ ցանկացած սեռական գործողություն կատարվի գիտակցաբար, ազատ կամքով: Մարդիկ կգնան նման հաստատություններ ու կասեն'իրենց պետք են այս կամ այն ծառայությունները, հաստատությունն էլ կբավարարի տվյալ մարդկանց պահանջները ինչ-որ գներով, ու նմանները չեն գնա ու չեն այլասերի այն երիտասարդ աղջիկներին ու տղաներին, ովքեր հոգեսեռապես նոր են ձեւավորվում»:

Հարցի վերաբերյալ med-practic.com-ի թղթակիցը զրուցել է նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ, ով մարմնավաճառությունը բնորոշեց որպես արատավոր երեւույթ եւ հույս հայտնեց' այն երբեք չի օրինականացվի. «Այդպիսի օրինագիծ ԱԺ-ում չի եղել ու նման քննարկումներ չեն ծավալվել, անձամբ հուսամ, որ երբեւէ չի էլ լինի, նման արատավոր երեւույթի դեմ պետք է պայքարել, ոչ թե օրինականացնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more