Այսօր Լոնդոնում հրապարակվել են «Մեկ Երիտասարդ Աշխարհ» միջազգային գագաթնաժողովի 2014 թվականի համակարգող դեսպանների անունները: Քվեարկությունը տևել է շուրջ մեկ ամիս, որի ընթացքում ամբողջ աշխարհի երիտասարդները քվեարկել են իրենց ներկայացուցիչներին ընտրելու համար: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների երիտասարնդերի համակարգող դեսպան է ընտրվել հայազգի Գրիգոր Երիցյանը:
Ամեն տարի «Մեկ Երիտասարդ Աշխարհ» (“One Young World”) գագաթնաժողովը աշխարհի ավելի քան 180 երկրներից հավաքում է ապագա առաջնորդների՝ քննարկելու այն հրատապ հիմնահարցերը, որոնք ծառացած են աշխարհի առջև և առաջարկելու նորարարական լուծումներ: Օլիմպիական խաղերից բացի ոչ մի այլ նախագիծ երբևէ չի հավաքել ամբողջ աշխարհից այսքան երիտասարդների: CNN-ը գագաթնաժողովը որակում է որպես «կրտսեր Դավոս»: Նախորդ տարիներին գագաթնաժողովին մասնակցել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և այլ երկրների հայտնի առաջնորդներ:
Համաշխարհային այս գագաթնաժողովի մասնակիցները 18-ից 30 տարեկան երիտասարդներ են, ովքեր ցուցաբերել են առաջնորդական ներուժ և նպաստում են իրենց երկրներում մի շարք խնդիրներ լուծմանը: 2013-ին գագաթնաժողովը տեղի ունեցավ Նելսոն Մանդելայի երկրում` Հարավային Աֆրիկայում, որին Հայաստանը ներկայացնում էր Գրիգոր Երիցյանը: 2013-ի գագաթնաժողովի մասնակցության արդյունքում նա առաջադրվեց և ընտրության արդյունքում դարձավ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ծրագրի համակարգող դեսպան: Համակարգվող տարածաշրջանի երկրներն են` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկիստանը, Տաջիկիստանը, Թուրքմենիստանը, Մոնղոլիան, Էստոնիան, Լատվիան և Լիտվան:
Գրիգոր Երիցյանը քաղաքագետ-եվրոպագետ է, հասարակական գործիչ և երիտասարդական ոլորտի մասնագետ: Ներկայումս Գրիգորը հանդիսանում է Հայաստանում ամենաակտիվ երիտասարդական կազմակերպություններից մեկի՝ «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ փոխնախագահը: Իր հասարակական գործունեության վերջին մի քանի տարիների ընթացքում Գրիգորը իրականացրել է մի շարք երիտասարդական ծրագրեր՝ դրանցում ներառելով հարյուրավոր երիտասարդների ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Հայաստանում իր ծավալած ակտիվ գործունեության շնրհիվ, նա 2013-ին ընտրվեց «Մեկ Երիտասարդ Աշխարհ» գագաթնաժողովի հայաստանյան պատվիրակ, իսկ այժմ ներկայացնելու է մեր ամբողջ տարածաշրջանը:
Ֆորբսը հրապարակել է 30 տարին չլրացած այն երիտասարդների անունները, որոնք փոխում են աշխարհը: Նրանցից 5-ը, «Մեկ Երիտասարդ Աշխարհ»-ի դեսպաններ են: