▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հրթիռահրետանային միջոցներն ավելի հզոր ու հեռահար են, քան Ադրբեջանինը. Փորձագետ

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 130 կիլոմետրի:

Խոսքը  չինական արտադրության AR1A համալիրների մասին է, որոնք համարվում են ռուսական  «Սմերչ» համալիրների արդիականացված տարբերակը: Զինատեսակի առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ.

Մեր զրուցակիցը նախ շեշտեց, որ մինչ այս պահը դեռ  հստակ պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին, որ  հայկական զինված ուժերը նման սպառազինություն են ձեռք բերել:

Ինչ վերաբերվում է զինատեսակի նկարագրությանը, փորձագետի խոսքով`

«Նման համակարգերը համազարկային հարձակման ռեակտիվ հրթիռային կայանքներ են, որոնք նախատեսված են մեծ կենդանի ուժի թեթև զրահահավորված տեխնիկայի ոչնչացման համար: Դրանք  հիմնականում օգտագործվում են տեղակայման վայրերը հրետակոծելու և այլ նպատակներով:  Վերջին տարիների պատերազմի փորձը ցույց է տվել, որ հիմնականում կիրառվում են բնակավայրերի հրետակոծման նպատակով: Նախատեսված են  մարտավարական բարձր օղակի  խնդիրների կատարման համար: Չինական համակարգերը  «Սմերչից» ավելի  արդյունավետ են, քանի որ ավելի հեռահար են: Հեռահարությունը հասնում է 130 կմ-ի: Պարզապես նմանատիպ  կայանքները հստակ ճշգրտություն չունեն: Այսինքն` չեն կարող հստակ նշանակետին հարվածել: Հենց այդ պատճառով  դրանք չի կարելի օգտագործել  որևէ օբյեկտի կետային խոցման համար: Իսկ բավական մեծ տարածության վրա կենտրոնացած կենդանի ուժի ուղղությամբ կրակ արձակելու դեպքում զինտեխնիկան բավական արդյունավետություն ունենում է: Չինական համակարգը  ռուսական «Սմերչի» արդիականացված տարբերակն է` որոշակի փոփոխություններով»,- մեզ հետ զրույցում նշեց Հրաչյա Պետրոսյանցը` հավելելով.

«Եթե մենք նման համակարգեր ենք ձեռք բերել, կամ ձեռք  բերելու, մենք ցույց ենք տալիս, որ ոչ մի բանով հետ չեք մնում Ադրբեջանից: Մեր ունեցած հրթիռահրետանային միջոցները ավելի  հզոր են, ավելի հեռահար, քան Ադրբեջանինը:  Մեր մասնագետների աշխատանքի շնորհիվ շեղման տոկոսը զգալիորեն կրճատվել է»:

Անդրադառնալով «Սմերչի» վերաբերյալ բարձրացված աղմուկին` փորձագետը շեշտեց, որ համակարգն իրականում  այդքան հզորութուն չունի, ինչպես ռուսական կողմն է ներկայացնում:

«Իհարկե,  մարտական գործողութունների ընթացքում դրանք  բավական մեծ վնասներ կարող են հասցնել, բայց ցանկացած մարտական գործողությունների պլանավորման ժամանակ այդ ամենը հաշվի է առնվում և  դրա դեմ միջոցներ են ձեռնարկվում:  Բացի դրանից`Ադրբեջանը «Սմերչի»  այնպիսի քանակություն չունի, որ դրանք տեղակայվեն  առաջնագծում: Դրանք գտնվելու են կենտրոնական հրամանատարության ենթակայության ներքո: Ցանկացած տեղաշարժի մասին կարելի է շատ արագ իմանալ և նույնսկ թույլ չտալ, որ դուրս գան հարձակման դիրքեր»:

Դիտարկմանը, թե համակարգի ձեռքբերման տեղեկությունը տարբեր կերպ է մեկնաբանվել, ոմանց մոտ ոգևորություն է առաջացրել,   ոմանք էլ անլուրջ մոտեցում են դրսևորել` շեշտելով դրանց չինական լինելը, փորձագետը պատասխանեց.

«Ես չեմ կարծում, որ որևէ զենքի կարելի է անլուրջ վերաբերվել: Անկախ նրանից, թե որ երկրի արտադրություն է,  զինատեսակը չի կարող լինել քմծիծաղի կամ կասկածների առարկա:  Ցակացած զինտեխնիկա կարող է նպատակային աշխատել: Ես չգիտեմ, թե  ինչու  նման կարծիք կա, որ եթե չինական է, լավը չէ: Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել, որ կան չինական շատ ապրանքատեսակներ,  որոնք գերազանցում  են և եվրոպական, և ամերիկյան արտադրանքին:

Եթե չինական արտադրանքին թերահավատորեն ենք վերաբերվելու, պարզապես  հիշենք, որ ամերիկյան ռազմարդյունաբերական համակարգը հիմնված է չինական արտադանքի վրա:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more