▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր նստացույցը ոչ միայն Վոլոդյայի, այլև ողջ ժողովրդի պաշտպանության համար է. ազատամարտիկ

Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ` Անկախության տոնի նախօրեին, ձերբակալվել է «Ազատամարտիկների խորհրդի» համակարգող, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության`ազատամարտիկը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/:

Երեկ հայտնի դարձավ, որ Վոլոդյա  Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  կալանքը: 

Ազատամարտիկների խորհուրդը, բաց նամակով դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին,  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամրազյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին պահանջեց  ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին:

Տարբեր մեկնաբանություններ ու կարծիքներ հնչեցին նախորդ օրերի ընթացքում. ընդհուպ մինչև այն, որ նման որոշումը միտված էր  պայքարը ճնշելուն:

Տեղի ունեցածի հավանական պատճառների և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկիների հետ.

Արդեն շուրջ 4 ամիս նստացույց անող ազատամարտիկների համար, ամենացավալին, թերևս, այն է, որ իշխանությունների անտարբերությունից զատ` պայքարի ու առհասարակ իրենց նկատմամբ անտարբեր է նաև հասարակությունը:

Ազատամարտիկ, երրորդ կարգի հաշմանդամ Մհեր Մազմանյանի կարծիքով`

«Մեր պայքարը ի սկզբանե  սոցիալական անարդարության դեմ է: Եվ  եթե պայքարեր անգամ մեկ ազատամարտիկ, ամբողջ հանրությունը պետք է կանգնած լիներ նրա կողքին: Իսկ այսօր հանրության կողմից  միայն անտարբերության ենք արժանանում»:

Մեր զրուցակցի խոսքով`

«Շուրջ 4 ամիս շարունակվող նստացույցով ազատամարտիկները, փաստորեն, որդեգրեցին նոր Հայաստան կերտելու գաղափարը և ահա այդ գաղափարն իրականացնելու պայքարի ճանապարհին ունենք Վոլոդյա Ավետիսյանին կալանավորելու փաստը: Մենք բազմիցս շեշտել  ենք, որ իշխանությունները մեզ պատերազմ են հայտարարել, իսկ հիմա փաստացի պատերազմ հայտարարելով հանդերձ` նաև տեռորի են ենթարկում: Փորձում են վախի մթնոլորտ ստեղծել,  սահմանափակել քո պայքարի  իրավունքը:

Սա ևս մի ահազանգ պետք է լինի, որ ազատամարտիկները և ընդհարապես բոլորը համախմբվեն` իշխանությանը արժանին ցույց տալու համար»:

Մեր հարցին, թե ո՞րն է հասարակության անտարբերության պատճառը, ազտամարտիկը պատասխանեց.

«Եվ վախը,  և հացի խնդիրը: Կան մարդիկ, ովքեր միգուցե ուզում են սատարել ազտամարտկներին, սակայն հաջորդ օրն իսկ կազատվեն աշխատանքից»:

Մհեր Մազմանյանի խոսքով`

«Մեր նստացույցը երեկ չէ, որ մեկնարկել է:  Մենք ոչ միայն Վոլոդյայի, այլ ողջ հայ ժողովրդի պաշտպանության նստացույցն ենք անում` լինի ոսանող, բժիշկ, գիտնական…Մենք բոլորին կոչ ենք անում համախմվել և պայքարել: Քանի որ այսօր պատերազմ է հայտարարաված մեր դեմ:  Մեր երկրում ամեն ինչ հակառակն է: Փոխանակ ժողովուրդը տեր լինի, իսկ իշխանությունը ծառայի ժողովրդին, մեզանում հակառակն է»:

Ազատամարտիկ Տիգրան Պետրոսյանի խոսքով`  

«Թե Պաշտպանության նախարարը, թե վարչապետը հրահանգել են պետական կառույցներին, որպեսզի ազտամարտիկների դիմելու դեպքում որևէ խնդիր չառաջացնեն»:

Ի պատասխան այն հարցին, թե այսօր արդյունքը տեսանելի՞ է, ազատամարտիկը, մատնացույց անելով մարտական ընկերոջը, ասաց.

«Արդյունքն  այն է, որ մի ամսից  ավել չի  կարողանում քաղաքապետարան մտնել»:

Իսկ ազատամարտիկը, նախապես խոստանալով հետագայում պատմել մեզ, թե ինչի մասին է խոսքը` հավելեց.

«Ամեն ինչ իրենք են փչացնում: Տպավորությունն այնպիսին է, որ հատուկ մտածում են ինչ դժվարություններ  ստեղծեն ժողովրդի համար»:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more