▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր քաղաքական համակարգի հիվանդությունը խորանում է

Մեր քաղաքական համակարգի հիվանդությունը խորանում է: Ինչպես Հանտինգտոնն է շատ դիպուկ նշել, համակարգը ժամանակի ընթացքում "ճեղքվելու" հատկություն ունի: Այդ "ճեղքերը" կարող են լցվել կամ համակարգապահպան, կամ համակարգակործան տարրերով: Բայց "համակարգապահպան տարրերը" հենց այն կոսմետիկ փոփոխություններն են, որոնք, իբրև, կոչված են ծառայելու համակարգի երկարակեցության ապահովմանը: Այդ "ճեղքերն" իրականում ավելի խորքային են, քան դրանց բովանդակային գնահատումն է կառավարության կողմից: Դրանք գրեթե ուղիղ համեմատական են երկրի սոցիալ-տնտեսական ցուցիչներին:

Հայտնի է, որ վերջիններս են ապահովում համակարգի թե ներքին, թե արտաքին գործառնական վիճակը, ուստի ցանկացած իշխանություն չի կարող դրանք շրջանցել: Եթե ոչ ռացիոնալ որոշումների, ապա գոնե բնազդային մակարդակում որոշումները սկսում են պտտվել այդ խնդիրների շուրջը: Քանի որ ժամանակի ընթացքում հասարակություն-պետություն կոմունիկացիան արդեն քայքայվել է, տնտեսական, դեմոգրաֆիական ցուցանիշները խրոնիկ դեֆեկտներ են առաջացրել ներհամակարգային մակարդակում, ապա համակարգը տրվում է ինքնաապահովման բնազդին՝ գործի դնելով ռեզերվային վերոնշյալ կոսմետիկ բարեփոխումները: Դրանք, ըստ էության, էլ ավելի են ծանրաբեռնում համակարգի փոխարկելիության և ստատիկ վիճակների շրջափուլերը: Անընդհատ, նոր տիպի, անսովոր և ոչ խորքային բարեփոխումները առաջացնում են գործառնական շեղվածք. մի կողմից սոցիալական դժգոհություններն են խորանում, մյուս կողմից իշխանությունը գնում է բացարձականացման՝ խորացնելով այս երկու կոնտինգենտի անջրպետը՝ հատկապես հարկային և ուժային կառույցների միջնորդությամբ: Սկսում է ոչ թե ընտրության հնարավորության իրացման, այլ սեփական ճաշակի թելադրման և տնտեսական ուղղորդման փուլի ծանր շրջան: Սկսում է ներքաղաքական թիրախավորման գործընթաց, որի դեպքում առկա ծանր վիճակի համար որպես մեղավորներ ներկայացվում են այլ ուժեր ու անհատներ: Իշխանությունը սկսում է արհեստական տրոհում, որը նպատակ ունի պահպանել այն: Հիշենք վարչապետի վերջին հարցազրույցը: Այլ կերպ ասած՝ չիրականացնելով համակարգի ելքի՝ որոշումներ, գործողություններ, ֆունկցիան, իշխանությունը չի ստանում մուտքի՝ աջակցություններ, ֆունկցիան հանրության կողմից, արդյունքում՝ "ճեղքեր", որոնք անընդհատ լցվում են համակարգակործան տարրերով: Սա դասկանա սխեման է, որը գործում է բոլոր համակարգերի դեպքում՝ մեկ-երկու ինստիտուցիոնալ տարբերությամբ:

Վերջապես պետք է հասկանալ, որ համակարգը գործում է հստակ կանոններով, դրանց չկատարումը կարող է նույնիսկ մարգինալացնել իշխանությանը և կործանել համակարգը: Համենայնդեպս, այս օրենքը ցայժմ խախտումներ չի արձանագրել:

Արման Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more