Օրեր առաջ, Միր միջպետական հեռուստառադիոընկերության 20-ամյակի առիթով հայտարարվեց, որ հեռուստառադիոընկերության հիման վրա գալիք տարվա հունվարից գործելու է «Միր24» շուրջօրյա լրատվական ալիքը: Եթե 2003 թվականին «Միր» -ը դիտում էր շուրջ 4,5-5 մլն մարդ, մեկուկես տարի առաջ՝ 62 մլն, ապա այսօր լսարանի թիվը հասել է 72 մլն-ի, որոնք հեռուստառադիոընկերության 10-ը բաժնետեր երկրի քաղաքացիներն են՝ հայեր, ռուսներ, վրացիներ, մոլդովացիներ, ղազախներ, ուզբեկներ, տաջիկներ, բելառուսներ, ադրբեջանցիներ,ղրղզներ: Ինչ սկզբունքով է աշխատում 20-ամյա «Միր» հեռուստառադիոընկերւթյունը, և ինչ նպատակով է բացվում «Միր 24»-ը: Այս հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանի հետ:
- Պրն. Սարգսյան, Ի՞նչ փոխեց «Միր» -ը հետխորհրդային հեռուստառադիոոլորտում:
- 20 տարի առաջ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ խորհրդային հանրապետություններն անկախացան, յուրաքանչյուր պետություն, բնական է, սկսեց իր ներքին կյանքի հիման վրա ինֆորմացիոն դաշտ կառուցել: Իսկ «Միր» -ը փորձեց այդ երկրների միջև ինֆորմացիա փոխանցողի դեր ստանձնել: Ի դեպ ընկերությունում առաջին ֆինանսական ներդրումը հենց Հայաստանի Հանրապետությունն է կատարել: Ի տարբերություն հայկական այլ հեռուստաալիքների, որոնք երկրից դուրս հեռարձակվում են միայն հայերեն լեզվով, ՝ «Միր» -ը արբանյակային կապուղու միջոցով ոչ թե հայերեն է հեռարձակվում, որը հասկանալի է միայն հայերին, այլ՝ ռուսերեն: Այսինքն՝ այն, ինչ որ մենք այսօր պատմում ենք Հայաստանի մասին հասկանալի է նշված 10 երկրի բոլոր քաղաքացիներին: Այս իմաստով Միր-ի դերը մեդիադաշտում անփոխարինելի է:
- Արդյո՞ք մի քանի երկրների համագործակցության այս տիրույթում ներքին աշխատանքային կոնֆլիկտներ չեն առաջանում, եթե հաշվի առնենք այն, որ այսօր առկա են ղարաբաղյան, վրաց-ռուսական, վրաց-օսական և այլ հակամարտությունները:
- Աշխարհում չկա նման մեկ այլ լրատվամիջոց, որի բաժնետերերը լինեն պետություններ, այն էլ թվով տասը, ինչպես «Միր» -ի դեպքում է: Մենք փորձում ենք ցանկացած հարցում անաչառ լինել,կամ` գոնե պահպանել հավասարակշռությունը: Իհարկե, հիմնախնդիրների հետ կապված տարբեր տեսակետներ կան: Ես այստեղ ուզում եմ նշել, որ << Միր>>-ի ստեղծման հիմքում, ի սկզբանե հումանիտար փոխգործակցությունն է դրված:
- Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա «Միր» -ի հայաստանյան մասնաճյուղի լրագրողը, որպեսզի կարողանա պահպանել այդ անաչառությունը և ընդհանրապես՝ ճիշտ ներկայացնի իր հայրենիքը:
- Նախ, նա պետք է շատ լավ իմանա հայոց պատմություն, շատ լավ ճանաչի Հայաստան աշխարհը և այն տիրույթը, որն ընդգրկում է բաժնետեր պետությունները և հնարավորինս ծանոթ լինի նաև այլ ժողովուրդների մշակույթներին, պատմությանը ու բնականաբար լինի արհեստավարժ: Հայաստանը չճանաչողը, Հայաստանի օդը չշնչողը, չեմ կարծում, որ կարող է տպավորիչ նյութեր պատրաստել Հայաստանի մասին: Հաստատապես այսօր կարող ենք փաստել, որ <<Միր>>ը լրագրողների պատրաստման կայացած դարբնոց է:Մեր դպրոցն անցած բազմաթիվ լրագրողներ այսօր միջազգային լրատվամիջոցներում առաջատարներ են: Թիմն անընդհատ թարմացվում է, այս պահին էլ մենք համալրում ենք մեր լրագրողական կազմը նոր կադրերով:
- Շուտով կգործի նաև «Միր 24»-ը, որը լինելու է լրատվական ձևաչափով:: Արդյո՞ք դրա ստեղծմամբ հիմնական «Միր »-ում փոփոխություններ կլինեն՝ լրատվական ժամերի հետ կապված:
- Մեր հիմնական ալիքը՝ «Միր »-ը չի տուժի: Հաճախ լինում են իրադարձություններ, որոնք պետք է բացել՝ լայն ձևաչափով մատուցել: Գիտեք, վաղուց <<Վրեմյայի >> ժամանակներն անցել են, երբ մի ողջ պետության քաղաքացիներ սպասում էին երեկոյան ժամը 22-ին`ծանոթանալու արդեն անցած օրվա իրադարձություններին, համացանցի տարածման այսօրվա տեմպերը ստիպում են լրատվամիջոցներին անընդհատ վերանայել մոտեցումները, քայլել առաջ: Օրինակ,վերջին երեք տարիներին մեր եթերում լուրերը ժամը մեկ էին, իսկ այսօր արդեն<< Միր 24>> շուրջօրյա լրատվական ալիք ենք կյանքի կոչում: Նպատակը մեկն է` հեռուստադիտողը ցանկացած պահի, մեր միջոցով տեղեկանա, թե ինչ է կատարվում ԱՊՀ անդամ երկրներում մասնավորապես և աշխարհում ընդհանրապես:
- Հարցազրույցների ժամանակ նշել եք, որ «Միր »-ը 10 երկրներին է ներկայացնում Հայաստանը՝ փորձելով ստեղծել դրական իմիջ: Այդ նյութերը ի՞նչ արդյունքներ են տալիս:
- Ոչ միայն 10 երկրներում. արբանյակային կապուղու միջոցով «Միր»-ը դիտում են նաև Արևմտյան Եվրոպայում, Միացյան Նահանգներում: Մեր հաղորդումների միջոցով ցույց ենք տալիս, որ Տավուշում ստեղծվել է էթնոտուրիզմի նոր գոտի , կամ մի նոր բան է կառուցվել Ջերմուկում, Արենիում գինու փառատոն է, իսկ ձմեռային Ծաղկաձորում ինչպես կարելի է սպորտային հանգիստ կազմակերպել և այն ինչ արժե: Եվ դա հետաքրքրում է օտարերկրյա հեռուստադիտողին: Հիշում եմ, որ Բելառուսից մի ընտանիք «Միր »-ի պատրաստած հաղորդումը դիտելուց հետո որոշել էր հանգիստն անցկացնել Հայաստանում: Իսկ Մոսկվայից ու Ղազախստանից լեռնադահուկորդներ եկել էին Ծաղկաձոր`Եվրոպա գնալու փոխարեն: Մարդիկ պետք է իմանան, որ կա իրենց մոտ գտնվող երկիր, որտեղ կարելի է հանգստանալ ու հաճելի մարզամշակութային, ճանաչողական օրեր անցկացնել: Փորձում ենք մարդկանց ցույց տալ մեր առօրյան, որը մի գուցե մեզ համար է սովորական,սակայն այլ աչքով հետաքրքիր է: Օրինակ՝ ոչ բոլորն են տիրապետում հայկական պոեզիայի գանձերին: Դրա համար էլ մենք ավելի քան 3 տարի է ներկայացնում էինք «Հայաստանի պոեզիան» հաղորդումը կամ <<Միր>> ռադիոյով այսօր 20 միլիոն մարդ յուրաքանչյուր կիրակի լսում է մեր պատրաստած <<Խոսում և երգում է Երևանը>> երաժշտական նախագիծը,ինչի միջոցով մեր բազմամիլիոնանոց ունկընդիրներին ներկայացնում ենք այսօրվա հայաստանյան երաժշտական կյանքը:
- Նշեցիք, որ կարևորում եք դրական իմիջի ձևավորումը, սակայն տեսնում ենք, որ ցուցադրում եք նաև հայաստանյան ներքին կոնֆլիկտների վերաբերյալ նյութեր կամ սոցիալական խնդիրներ եք բարձրացնում: Արդյո՞ք այս երկուսը չեն հակասում միմյանց:
- Մենք ֆիքսում ենք փաստը: Դա դրական իմիջի վրա որևէ հետևանք չի կարող ունենալ: Ի վերջո, եթե քաղաքական ասպարեզում կա աշխուժություն, այն ցույց տալու մեջ վատ բան չկա, ցույց ենք տալիս, որ քաղաքական համակարգը կայանում է: Չեմ կարծում, թե դա կվնասի երկրի համբավին: Հետո՝ մեր լսարանը բաղկացած է նաև Հայաստանի քաղաքացիներից, որոնց թվում են նաև այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են այդ խնդիրների համար: Սա զարկերակ է, աշխատող օրգանիզմ, չենք կարող չանդրադառնալ նման խնդիրներին: Տեղեկատվական դաշտում խնդիր կա. լինել ազնիվ և օպերատիվ:
- Իսկ որքանո՞վ եք կարևորում Հայաստանում ապրող փոքրամասնությունների վերաբերյալ նյութերի ներկայացումը «Միր »-ով:
- Համագործակցում ենք Հայաստանում ապրող գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունների, ընեկրակցությունների, ՀԿ-ների հետ՝ ասորիների, եզդիների, հրեաների, քրդերի և մնացածի հետ: Նրանք բոլորն էլ առաջին հերթին ՀՀ քաղաքացիներ են: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ միշտ պետք է գորովալից լինել և ուշադիր: Նրանց մասին նաև ֆիլմեր ենք պատրաստել: Հիշում եմ վերջին ամանորյա հաղորդումը, երբ ցույց էինք տալիս թե ինչպես են Ամանորին Հայաստանում ազգային փոքրամասնությունները պատրաստվում, ինչ Ճաշատեսակներ ունեն: Հաղորդման վերջն էր շատ համեղ.բոլորին միասին հավաքեցինք հայկական օջախում `Վարպետի`Ջիվան Գասպարյանի տանն ու միասին դիմավորեցինք Նոր Տարին:
- «Միր»-ն ունի 13 մասնաճյուղ. նրանք անդրադառնում են այդ երկրներում ապրող հայերին :
- Անշուշտ, պարբերաբար մեր գործընկերները պատրաստում են հայերի մասին հաղորդումներ: Այդ առումով շատ ակտիվ են և մեր գործընկերները և տեղի հայերը: Բազմաթիվ հաղորդումներ կան և Ղազախստանից,և Բելառուսից,և Ռուսաստանի Դաշնությունից: Մոսկվան, Սանկտ Պետերբուրգն ու Վլադիկավկազն եև շատ ակտիվ, Ղրղզստանն ու Վրաստանը, Մոլդովան ու Տաջիկստանը: Գրեթե բոլորն էլ անդրադարձել են հայերին, բազմիցս…Երբ պարբերաբար փակվում է հայերիս համար կարևոր Վերին Լարսը,անմիջապես մեր օսեթ գործընկերներն են ժամանում դեպքի վայր ու բարձրաձայնում խնդրի մասին: «Միր»-ում շատ յուրահատուկ գործելաոճ կա. շատ հաճախ, այսպես ասած, տեղերով փոխվում ենք. ասենք Մոսկվայից գալիս են Երևան `Սարյան նկարելու, մենք գնում ենք Մոսկվա նկարահանումների: Նպատակը` միշտ թարմ աչքով տեսնելն է:
Հարցազրույցը՝ Սեդա ՀԵՐԳՆՅԱՆԻ