Վերջերս ԱՄՆ Պետդեպի հրապարակած փաստաթղթերը ջախջախեցին այն թեզը, որ Արցախի դիմաց Մեղրին տալու միտքը եղել է Քոչարյանինը, դա եղել է Հեյդար Ալիևի առաջարկը, որի անմիջական վկաներից մեկը եղել եմ ես: Այս մասին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
***
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի սկզբում հիշեցրեց` ուր էինք և ուր ենք այսօր: «Մինչև 2008 թվականը` իմ նախարարության 10 տարիների ընթացքը (1998-2008) եղել են Հայաստանի վերելքի ժամանակները: Սա ոչ ոք չի կարող հերքել: Ղարաբաղն իր հարակից տարածքներով եղել են փաստացի անկախ, ՀՀ-ի սահմաններն` անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ` արևմուտքում և արևելքում, Հայաստանն իր տեղն ու դերն է ունեցել տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ: ՌԴ-ի հետ ունեցել ենք հուսալի դաշնակցային հարաբերություն, Իրանի հետ կառուցել ենք գազամուղ, Վրաստանի հետ խորացրել ենք համագործակցությունը, ԱՄՆ-ի հետ կնքել ենք և մինչև մեր իշխանության ավարտն իրականացրել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը: Թուրքիայի հետ ունեցել ենք երկխոսություն, Ադրբեջանի հետ` դինամիկ բանակցային գործընթաց: Դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ, խորացրել ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, Հայաստանում իրականացրել ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները եղել են իրենց բարձունքի վրա, Քըրք Քըրքորյանը իրականացրել է 300 միլիոն դոլարի ծրագրեր, Գաֆէսճեանը կառուցել է Կասկադը, Էռնեկյանը` օդանավակայանը: Տնտեսությունը 6 տարի շարունակ ունեցել է երկնիշ տնտեսական աճ, եղել են հսկայական արտաքին ներդրումներ: Արտագաղթն իջել է զրոյի` բառացիորեն: 2006-ին բալանսը մեկնումների և ժամանումների միջև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դրական էր: Իսկ այսօրվա իշխանությունը ժողովդրի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նվաստացուցիչ, ծանր, հազարավոր զոհերով պարտություն, կորցրել ենք Արցախը, Ադրբեջանը մխրճվել է ՀՀ-ի տարածք, չունենք ոչ մի հուսալի բարեկամ կամ դաշնակից, ոչ մի երկիր Հայաստանին լուրջ չի վերաբերում: Տնտեսական ժամանակավոր ակտիվությունը կարճաժամկետ հետևանք էր ռուս-ուկրաինական պատերազմի: Չունենք ոչ մի արտաքին ներդրում, և տնտեսական քաղաքականություն. սա անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի: Սփյուռքի հետ ունենք նվազագույն հարաբերություններ: Ներսում հասարակությունը երբևէ այսքան պառակտված չի եղել, իշխանությունների հանդեպ այսքան արհամարհանք չի եղել»,- արձանագրեց դիվանագետը: *** |
Արդեն իսկ եղած անհաշվելի աղետներից զատ մեր առջև դեռ կանգնած են ահռելի վտանգներ, որոնք ներկա իշխանության անկարողության հետևանքով ավելի են խորացնելու Հայաստանի խոցելիությունը, վստահ է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ինչ է տեղի ունենում և տեղի ունենալու, եթե չունանենք դիվանագիտական գոնե մինիմալ կարողություններով աժտված իշխանություն: Սահմանազատման քողի տակ կորցնելու ենք լրացուցիչ տարածքներ Հայաստանից, առնվազն` անկլավների տեսքով: Հայաստանի սահմանները փոխվելու են, Սահմանադրությունը փոփոխվելու է թուրքական կողմի պահանջով: Արցախից մեկընդմիշտ հրաժարվել ենք արդեն, Մինսկի խումբը լուծարվելու է, ԵՄ դիտորդները հեռանալու են Հայաստանից, բոլոր միջազգային դատարաններից Հայաստանի իրավական պահանջները հետ են քաշվելու, 300 հազար ադրբեջանցի հետ է գալու Հայաստան և ամենավտանգավորը` Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին: Այս ներքին վտանգն ավելի ակնհայտ է դառնում որոշ մարդկանց կողմից Մեղրիի թեմայի շահարկմամբ»,- զգուշացնում է դիվանագետը: |