Yerkir.am-ի հաղորդմամբ, այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացքող` խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց գործով նիստի ընթացքում ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի մայրը` տիկին Լալան, պլաստիկ շիշ շպրտեց մեղադրող դատախազի ուղղությամբ, ինչից հետո դահլիճում մեծ իրարանցում սկսվեց: Կարգազանց կնոջը հանգստացնելու և դահլիճից դուրս բերելու համար դատական կարգադրիչներից մեծ ջանք պահանջվեց:
Մեղադրող դատախազ Վիգեն Միլիտոնյանն իր մեղադրական ճառում Արթուր Պետրոսյանի համար պահանջել էր 15, իսկ նրա կնոջ` Ալլա Մախովայի համար` 10 տարվա ազատազրկում:
Ըստ մեղադրանքի` Արթուր Պետրոսյանը ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում, իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու դիտավորությամբ, Ալբերտ Հարությունի Հակոբյանի օժանդակությամբ 2012թ. մայիսի 3-ին Գագիկ Վիլիկի Քերոբյանից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափի, իսկ 2012թ. օգոստոսի 8-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում՝ Ալբերտ Հակոբյանի և իր կնոջ՝ Ալլա Գեորգիի Մախովայի օժանդակությամբ՝ ընդհանուր 14 դեպքով, քննությամբ դեռևս չպարզված անձանցից՝ խոշոր չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր, որոնք վերջիններիս օժանդակությամբ իրացնելու նպատակով պահել և իրացրել է Արտաշես Բաղումյանին և այլ անձանց։ Բացի այդ, կրկին իրացնելու նպատակով 2012թ. օգոստոսի 21-ին փորձել է ձեռք բերել խոշոր չափի նույն տեսակի թմրամիջոց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Իսկ Արթուր Պետրոսյանի կինը մեղադրվում է հանցագործությանը միջամտելու մեջ:
Մանրամասները`տեսանյութում: