▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ ԱԳ նախարարը ԶԲՈՍՆՈՒՄ Է անհասկանալի երկրներում, տարածաշրջանում նոր զարգացումներ են լինում

Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը, նախաձեռնողականության բացակայությունը, նույնիսկ կասեի՝ անգործությունը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Արտգործնախարարի այցերի աշխարհագրությունը հակադարձ համեմատատական է դարձել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: Երբ ադրբեջանցիները Սաֆարովին վերադարձնելու շուրջ հունգարացիների հետ վերջին պատրաստություններն էին տեսնում, արտգործնախարարը Նոր Զելանդիայում էր: Վերջին շրջանում, երբ մեր տարածաշրջանում եռուն իրադարձություններ են տեղի ունենում, նախարարը Աֆրիկայում էր, իսկ հիմա էլ Լատինական Ամերիկայում է: Տարածաշրջանի այդ իրադարձությունները ոչ միայն առնչվում են մեզ, այլև լուրջ հնարավորություններ են ստեղծում փոխելու շեշտադրումները մեզ համար երկու կարևորագույն՝ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցերում և այդ երկուսը դնելու նոր, մեզ համար ավելի բարենպաստ հարթության վրա: Թվարկեմ այդ իրադարձությունները.

1. Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան. այս հարցում քննադատելով Հայաստանի գերատեսչությունների թերացումները, համենայն դեպս արձանագրեցինք, որ դա մեզ համար դիվանագիտական նոր իրավիճակ է ստեղծում, որից պետք էր անպայման օգտվել: Արդեն գրեթե երկու ամիս է անցել, բայց որևէ գործնական արդյունք Հայաստանը դրանից չի քաղել:

2. Թուրքիայի ներգրավումը Սիրիայի ներքին հակամարտությունում. այստեղ վերջնականապես արձանագրվեց Թուրքիայի հռչակած «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության տապալումը: Այսօր Թուրքիան հարևանների մեծ մասի հետ վատ հարաբերությունների մեջ է: Սա լուրջ առիթ էր հայ-թուրքական հարաբերությունների մասով շեշտադրումները փոխելու: Այս ամենը համընկավ նաև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երրորդ տարելիցին:

3. Ռուս-թուրքական լարվածությունը. սրա հիմնական պատճառը երկու երկրների հակասություններն են Սիրիայի հարցում և վերջերս Թուրքիայի կողմից Մոսկվա-Դամասկոս չվերթի ստիպողական վայրէջքը Թուրքիայի տարածքում, որի արդյունքում հետաձգվեց նախագահ Պուտինի այցը Թուրքիա:

4. Ադրբեջանա-իրանական լարվածության մեծացում. այդ լարվածությունը կուլմինացիային հասավ պաշտոնական Բաքվի հրահրմամբ, երբ ակտիվացան խոսակցությունները Ատրպատականի՝ Ադրբեջանին պատկանելու մասին:

Նոր ստեղծված այս իրավիճակում ինչ կարելի էր և դեռ կարելի է անել.

1. Հայաստանի դիվանագիտությունը պետք է շեշտադրումները փոխի և հրապարակային հայտարարություններում ու կուլիսային հանդիպումներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից անցնի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը:

2. Այս ճանապարհին որպես առաջին քայլ, հաշվի առնելով նաև Սաֆարովի դեպքը, Ադրբեջանի ռազմական հոխորտանքները, սահմանային ոտնձգություններն ու բանակցությունների՝ փակուղում լինելու փաստը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ որպես երկու սուվերեն քաղաքական միավոր, պետք է ստորագրեն Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող պայմանագիր: Պայմանագրի ստորագրումը պետք է լինի երկու նախագահների մակարդակով: Այս պահի դրությամբ առանց Լեռնային Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչելու, դա հստակ ուղերձ կլինի Ադրբեջանին, որ Հայաստանն արդեն սկսել է առաջին քայլերը կատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված լինելու փաստի ճանաչման հարցում:

3. Հիմնավորելով, որ արձանագրությունների ստորագրումից արդեն երեք տարի է անցել և Թուրքիան դրանց վավերացման ուղղությամբ որևէ քայլ չի արել, Հայաստանի իշխանությունները, եթե նույնիսկ դեռ պատրաստ չեն իրենց ստորագրությունը հետ կանչել արձանագրություններից, ապա գոնե պետք է դրանք հետ կանչեն Ազգային ժողովից: Ահավասիկ, առնվազն այս երեք քայլերով Հայաստանը ադեկվատ հակազդեցություն ցուցաբերած կլինի մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին և մնալով կառուցողղական հարթությունում՝ բոլորովին նոր որակ կհաղորդի մեզ համար կարևորագույն այդ գործընթացներին:

 

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան իր էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more