▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին օմբուդսմենի որդին բացահայտում է Ֆրանսիական համալսարանի մասին պարզ ճշմարտությունը

Հայաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի որդին՝ Ալեք Հարությունյանը, Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում ֆրասիական համալսարանում իր սովորած տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և ընդդիմադիր հայացքներ ունեցող դերասան Վարդան Պետրոսյանին Հայաստանում ֆրասիական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը չթողնելուն:

Նա գրում է. «Հարգելի ՀՖՀՀ ղեկավարություն, մասնավորապես պարոնայք Ալեքսանդր Մարտինետտի և Արայիկ Նավոյան։

Այսքան ժամանակ ես լռել եմ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում ՀՖՀՀ–ում, սակայն վերջերս տեղի ունեցած ամոթալի միջադեպը, երբ ՀԱՆՃԱՐԵՂ հայ արվեստագետ Վարդան Պետրոսյանին արգելվել է մտնել ՀՖՀՀ շենք, լցրեց համբերությանս բաժակը և ես այլևս չեմ կարող շարունակել լռությունս։

Երբ 2007 թվականին ես ընդունվեցի ՀՖՀՀ, կարծում էի, թե ընդունվել եմ մի ԲՈՒՀ, որը նպաստում է առաջադեմ և ԱԶԱՏ մտածողության զարգացմանը, խթանում է ուսանողների ինչպես մասնագիտական աճը, այնպես էլ մարդկային որակների բարձրացումը և կերտում է ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ, զինում է երիտասարդներին այն կարևորագույն հատկություններով, առանց որոնց հնարավոր չէ մտնել հասուն կյանք։ Եվ այդպես էլ կար։

Սակայն իմ ուսանողական չորս տարիների ընթացքում ԲՈՒՀ–ը էապես փոխվեց։ Առաջին իսկ փոփխություններն ի հայտ եկան Անն–Մարի Շլոսերի ռեկտոր նշանակվելուց հետո։ Միանգամից նվազեցին դասաժամերը, մասնագիտական առարկաների փոխարեն սկսեցին դասավանդվել ահռելի քանակությամբ լեզուներ։ Ուսանողները հաճախ կատակում էին, թե ավարտելուց հետո ստանալու են մեկ հատ լեզվաբանի դիպլոմ և մեկ հատ էլ դիպլոմ այն ֆակուլտետի, որտեղ սովորում են, ընդ որում, համոզված չէին վերջինիս վերաբերյալ։

Այնուհետև ժամանեց գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետտին։ Միգուցե նա ունեցել է դառը անցյալ և ծանր մանկություն, կամ ունի այլ անձնական խնդիրներ, սակայն ուսանողների ճնշող մեծամասնության մոտ առաջացավ այն համոզմունքը, որ գլխավոր քարտուղարը՝ լինելով կոմպլեքսավորված մարդ ինքնահաստատվում է ուսանողության վրա։

Ես հաճախակի լեզվակռիվների մեջ էի մտնում նրանց հետ, մինչև որ մի գեղեցիկ օր հարգարժան պարոն Մարտինետտին ինձ չհրավիրեց իր աշխատասենյակ և չառաջարկեց գնալ մի քայլի, որին ես չէի կարող գնալ ելնելով իմ մարդկային և բարոյական հատկանիշներից։

Չեմ ներկայացնի մանրամասները, սակայն կասեմ, որ մեր խոսակցությունը պտտվում էր այն ժամանակ մեր դեկան պարոն Գրիգոր Բադիրյանի հետ։ Իմ մերժումից հետո նա ժպտաց և բավականին սիրալիր կերպով ինձ հաջողություն մաղտեց ուսմանս մեջ։ Սակայն նույն տարում, երրորդ կուրսում, պարոն Մարտինետտին փորձեց խոչընդոտել իմ մուտքը Քաղաքացիական իրավունքի ավարտական քննությանը։ Դա նրան չհաջողվեց։

Իմ մերժումից ի վեր, ինձ ՀՖՀՀ ուսխորհուրդի նախագահ անվանող պարոն Ալեքսանդր Մարտինետտին ինձ սկսեց անվանել ՈՒԽ նախագահի ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ և ամեն կերպ սկսեց խոչընդոտել իմ գործունեությունը։ ՈՒԽ–ի սենյակում տեղադրվեցին համակարգիչներ, որոնց շնորհիվ հետևում էին միջանցքների անցուդարձին, իսկ ուսխորհուրդը մնաց առանց սենյակ։ Ամեն տարի դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ՈՒԽ նախագահի ավանդական խոսքը վերացվեց, քանի որ ես էի այդ խոսքն ասողը։ Իմ դիպլոմների հանձնման արարողությունից մեկ ամիս առաջ, երբ ես արդեն ՀՖՀՀ ուսանող չէի, ՀՖՀՀ ուսումնական գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը ինձ հավաստիացրեց, որ այս անգամ խոսք կունենամ, սակայն դիպլոմների հանձնման օրը, արարողությունից մոտ տասը րոպե առաջ, ինձ ասաց, որ ես չեմ խոսելու, այլ ուրիշ մարդ է խոսելու։ Սակայն բնականաբար ես դուրս եկա բեմ և ասեցի այն ամենը ինչ նախապատրաստել էի, սակայն ոչ մի բացասական խոսք չհնչեցրի ՀՖՀՀ–ի նկատմամբ։ Դա առաջին և վերջին անգամն էր, երբ ես տեսա Երրորդ ռեկտոր Ժոել Լը Մորզելեկին առանց իր արհեստական ժպիտի։ Բնականաբար այդ դեպքից հետո պարոն Նավոյանը արեց ամեն ինչ, որ ես չկարողանամ մուտք դնեմ ՀՖՀՀ։

Վերադառնալով 2010 թվականին նշեմ, որ այդ տարում, ես ամռանը պրակտիկա էի անցնում Նյու Յորքում, երբ իմացա, որ ՀՖՀՀ մի շարք դասախոսներ ազատվել են աշխատանքից։ Միանգամից ինտերնետով փորձեցի հրահրել ուսանողությանը քայլեր ձեռնարկել հավաստիացնելով, որ կմիանամ իրենց հենց վերադառնամ հայրենիք։ Սակայն զանգ ստացա և ինձ բացատրեցին, որ ես լուրջ խնդիրներ կունենամ,եթե չկասեցնեմ այդ ամենը։ Իմանալով, որ ՀՖՀՀ–ն դարձել է անարդարության մշտական հանգրվան, որտեղ անարդարության դեմ բողոքող ուսանողին գլխավոր քարտուղարը պատասխանում էր, որ սա Հայաստանն է, ես դադարեցրի մասնակցությունս այդ գործընթացին։

Բնականաբար իմ ուսանողական չորս տարիները այնքան հարուստ են անարդարության, ուսանողներին անարգելու օրինակներով։ Սակայն դրանք այնքան բազմաթիվ են, որ անդրադառնալ բոլորին պարզապես անհնար է։

Ցանկանում եմ եզրափակել գրառումս այն պնդումով, որ ինչքան էլ զարմանալի թվա Վարդանի Պետրոսյանին Ազատություն, Հավասարություն և Եղբայրություն կարգախոսի տակ հանդես եկող ՀՖՀՀ մուտք գործելու արգելքը, դա ընդամենը պարզ օրինաչափություն է, երբ մենք խոսում ենք ՏՈՏԱԼԻՏԱՐ Ֆրանսիական Համալսարանի մասին։

Ալեքսանդր Հարությունյան
ՀՖՀՀ Ուսանողական Խորհրդի նախագահ (2009-2011)»

Աղբյուրը՝ iravaban.net

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more