▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Վովաևիչի խոսքից հետո հիշեցի Բուլգակովին ու Ստանիսլավսկուն. Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած մամլո ասուլիսում անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դուրս է գալիս Հայաստանից:
Մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ կազմակերպությունը, «ցանկանալով դա, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից», և այդ հանգամանքը մտահոգում է Երևանին։
«Երբ ես կարդացի սա, չգիտես ինչու, հիշեցի երկու այլ մեջբերում ՝ «Ով ում վրա էր կանգնած» (Բուլգակով) և «Պետք է սիրել արվեստը քո մեջ, այլ ոչ թե ինքդ քեզ արվեստում» (Ստանիսլավսկի)։ Փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին անցկացվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջաններ, Հայաստան են այցելել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և առաքելությունը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ:
Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ նախապատրաստվել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության ծավալման պլանը, Երևանում կազմակերպության կանոնադրական մարմինների նիստում գործնականում ավարտվել է համապատասխան որոշման մշակումը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ջերմուկում մի շարք հանդիպումներ է ունեցել:
«Դրա հետ մեկտեղ, հայ գործընկերների առանձին պահանջների հետ կապված, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, այդ որոշումն ի վերջո չընդունվեց», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները: Իսկ մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը համապատասխան կարգով դիմել է ՀԱՊԿ-ին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more