ASEKOSE.am-ի տեղեկություններով` այս օրերին ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը զուգընթաց` թանկացել է նաև միջմարզային մի քանի երթուղիների ուղեվարձը:
Մեր ընթերցողներից մեկն ահազանգել է, որ ապօրինի կերպով, առանց որևէ բացատրություն տալու թանկացել է Չարենցավան-Երևան երթուղու ուղեվարձը` 350-ից դառնալով 400 դրամ:
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունից ASEKOSE.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ որևէ մեկին չեն թույլատրել ուղեվարձը թանկացնել:
«Մենք տեղեկացանք, որ նման խնդիր իսկապես կա: Մեր մարզային կառույցին հանձնարարել ենք ուսումնասիրել խնդիրը»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետ Արման Միրիջանյանը:
Ի դեպ` քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ թանկացել է նաև Եղեգնաձոր-Երևան երթուղու ուղեվարձը` 1200-ից դառնալով 2000 դրամ:
Տրանսպորտային տեսչության պետ Արման Միրիջանյանը խոստացավ կարճ ժամանակում պարզել համապատասխանու՞մ է արդյոք տեղեկատվությունն իրականությանը:
Նոր տեղեկություն ունենալուն պես` ASEKOSE.am-ն այն կհրապարակի: