▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու մեզ ոչ թե օգնելու են, այլ ղժժալու են մեր վրա...

Մեկ-երկու-երեք. ձմերուկը բերեք

Անցյալ տարվա կեսերից՝ հիմնականում ԱԺ ընտրություններից հետո մեր հասարակական դիսկուրսում սկսեց շրջանառվել այն միտքը, որ հաշվի առնելով հասարակության անտարբերության բարձր մակարդակը՝ միակ խոսքը, որ կարող է լսվել ու ազդեցություն գործել ինդիֆիրենտ զանգվածի վրա, հեգնական խոսքն է, և ներկայումս մեզ խեղկատակներ են պետք, որոնք, ինչպես միջնադարյան միմոսները, սարկազմով կխոսեն տաբու թեմաների մասին և իրենց ասելիքը լսելի կդարձնեն: Ես էլ այդ թեման շրջանառողների մեջ էի ու հիմա էլ կարծում եմ, որ ուղին ճիշտ էր նշված, սակայն, ինչպես սովորաբար լինում է վերջերս, նախագահական ընտրություններից առաջ և ընթացքում մենք տեսանք այդ գաղափարի միանգամայն հանճարեղ կերպով ձևախեղված իրականացում քաղաքական թատերաբեմի գործող անձանց կողմից: Այս մարդիկ որոշեցին սարկազմի փոխարեն ղժժալ, ու սկսվեց ազգային ղժժոցի եռամսյակը:

Չորս-հինգ-վեց. ընկավկոտրվեց

Ամեն ինչ սկսվեց պոտենցիալ թեկնածուների առաջադրման, կամ ավելի շուտ՝ չառաջադրման փուլից, երբ պարզ դարձավ, որ այս ընտրությունների գլխավոր ինտրիգը լինելու է առանց հիմնական խաղացողների խաղը, ինչն ի սկզբանե ցույց տվեց անլուրջ վերաբերմունքը, հեգնելու փորձը այդ պոտենցիալ խաղացողների կողմից: Կարելի էր մտածել, որ այսպիսով այդ հեգնանքը կարող է ճանապարհ լինել ասելիքը տեղ հասցնելու, հասարակությանը այդ ձևով հիմնական մեսիջները փոխանցելու համար: Սակայն քաղաքական գլխավոր դեմքը՝ առաջին կամ հիմնադիր կամ առաջին ու հիմնադիր նախագահը գերադասեց հայտարարել, որ ինքը տարիքային պատճառով չի կարող մասնակցել ընտրություններին, ինչից նրա հավատարիմ ու ոչ այնքան հավատարիմ ընտրազանգվածը պետք է երևի եզրակացներ, որ սույն նախագահը նոր է արթնացել քնից, իրեն դիտել հայելում կամ էլ պատահմամբ գտել է վաղուց կորցրած ծննդյան վկայականը ու հիշել այս փաստի մասին: Մյուս, ավելի հավատարիմ մասն էլ երևի փորձեց ինքնասփոփվել, որ 68 տարեկանում հեռանալով մարդը սիմվոլիկ հղում է անում երիտասարդության զարթոնքի խորհրդանիշ 1968 թվին, ուրեմն՝ հերթական անգամ խիստ իմաստուն առաջնորդը բանալի է ցույց տվել, պետք է այն օգտագործել… Բայց ազնվորեն դիտարկելով այս պրոցեսը՝ պետք է խոստովանել, որ այնուամենայնիվ տհաճ նստվածք է մնում. իսկ միգուցե նա ղժժում է մեզ վրա…

Մյուս պոտենցիալ թեկնածուի՝ այդպիսին դառնալու փաստը արդեն իսկ հասարակության վրա ամենաանկեղծ ղժժոցի տպավորությունն էր թողնում, որը, սակայն ղժժոցի հետևանք լինելով, միևնույն ժամանակ կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ, որովհետև մեկ-մեկ ղժժոցներն էլ են իրականանում, ուստի այս ղժժոցը կիսատ թողնվեց:

Հետո սկսեցին առաջադրումները: Մեկը մյուսից էկզոտիկ: Նախ մի տասնհինգ հոգի որոշեցին, որ ինչով են ուրիշներից պակաս: Հետո օբյեկտիվ պատճառներով հասարակությունը զրկվեց առավել չապահովված յոթի մտքի և ժեստիկուլյացիայի գոհարներին հետևելու և ղժժալու հնարավորությունից: Մնացին ութը: Սակայն այս ութի մեջ էլ խիստ էկզոտիկ ու էկզոգեն դեմքեր կամ դեպքեր կային:

Յոթ-ութ-ինը. ինչ է նրա գինը

Թեկնածուներից մեկը ի սկզբանե հայտարարեց, որ մինչև վերջ չի գնալու, ինքնաբացարկ է հայտարարելու: Բոլորին հրավիրեց ինքնաբացարկի, որն ակնհայտորեն չէր իրականացվելու մնացյալի կողմից: Իր ինքնաբացարկից հետո հայտարարեց, որ շատ գոհ է, շատ հարցազրույցներ ու ասուլիսներ է տվել այս ընթացքում: Նա պատմության մեջ մտավ. Google-ը խփեք, կբերի ինձ արտահայտությամբ, ինչից կարող ենք եզրակացնել, որ լիքը հարցազրույցների ու ասուլիսների արդյունքում Google-ի ու սույն թեկնածուի հարաբերությունները ավելի են լավացել. արդեն չխփած՝ Google-ը բերում է: Քանի որ սույնով նա հասել էր իր նպատակին, այլևս հարկ էլ չհամարեց գնալ ընտրության:

Թեկնածուներից մյուսը նույնպես ի սկզբանե հայտարարեց, որ իր համար կարևորը արդյունքը չէ, այլ ընտրությունների օրինականությունը ապահովելը: Իհարկե, նրան կարելի էր հարցնել, թե այդ դեպքում ինչ կարիք կար 8 միլիոն մուծելը և որպես թեկնածու մասնակցելը, կարող էր դիտորդ գրանցվել ու նպաստել օրինականության ապահովմանը, բայց դե այս հարցերն իմաստ ունեն, երբ խոսում ենք նորմալ գործընթացներում, իսկ երբ ի սկզբանե շարժվում ենք ղժժալու կոնցեպցիայով, ապա այդպես էլ պետք է լիներ: Զարմանալի չի, որ այս թեկնածուն էլ հարկ չհամարեց մասնակցել քվեարկությանը: Հարց. եթե ինքը չի գնում ընտրելու իրեն, ապա ինչ է ակնկալում իր պոտենցիալ ընտրողներից՝ քանի տասնյակ էլ նրանք լինեն: Բայց մոռացա. ղժժալը նման հարցեր չի ենթադրում:

Մյուս թեկնածուն դեռ շատ վաղ էր հայտարարել իրեն չորրորդ նախագահ: Զինվել էր հին հայկական, մի քիչ էլ երևի շումերա-աքքադական գիտելիքներով և պնդում էր, որ գտել է զարգացման բանալին: Այս մարդու մտքերն ընդհանրապես առանձին ատենախոսության թեմա կարող էին լինել. հասարակական-հոգեբանական տեսության մեջ այդպիսի տեխնիկա կա. շիզոանալիզ, ահա այս տիպի վերլուծության համար լիքը պրակտիկ-էմպիրիկ նյութ կարող էր քաղվել: Ինչ ասես արժի միայն այն միտքը, որ այդ թեկնածուի ընտրվելուց հետո հարկերը վերացվելու են, որովհետև հայերը հնուց վատ վերաբերմունք ենք ունեցել հարկահավաքների նկատմամբ. Բադին-Կոզբադին… Կատակ բան չի: Ժողովրդի արխետիպերի հետ ենք խաղում, չի կարելի, ինչ հարկ, ինչ բան…

Մեր մյուս թեկնածուն քսանմեկերորդ դարի սկզբի ակտիվիստական շարժման վառ ընդգծված տիպ է ներկայացնում: Հենց սկզբից հայտարարեց հացադուլի մասին: Չգիտես ինչու՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, ոչ թե ասենք, ԿԸՀ-ի կամ նախագահի նստավայրի կամ գոնե սահմանադրական դատարանի: Ինչպես ինքն ասաց, որովհետև այդտեղ քամիներից լավ պաշտպանված վայր էր: Հա, հենց այդպես: Այս թեկնածուն այդպես էլ մնաց չհասկացված անձնազոհության տիպար, որը որևէ էֆեկտի չհասավ: Բացի նրանից, որ ընդհանուր ղժժալու ֆոնի վրա հացադուլը դարձրեց ղժժալու թեմա, որը մերթընդմերթ դառնում էր այս կամ այն թեկնածուի՝ նրան զորակցելու առիթ: Իհարկե, այս թեկնածուն էլ չգնաց քվեարկության. ֆիզիկապես չէր կարող: Այս առիթով հիշեցի Քոչարյանին, որ հայտնի դեպքերի ժամանակ մեջբերել էր իր անթրաշ լինելը՝ որպես ժողովրդին չդիմելու պատճառ:

Մյուս երկու թեկնածուները կոչված էին ապահովել ընտրությունների սոլիդությունը. մեկը սկսեց խաղալ հիմնական հակառակորդի դերը՝ բոլորին բարևներ ուղարկելով, ժողովրդի մասնիկը լինելու պատգամը խիստ բառացի հասկանալով ու տեղի-անտեղի այդ մասնիկությունը ցուցադրելով, իսկ հաջորդը հարյուր քայլանի շախմատ սկսեց, բայց երևի հաստատ գիտակցելով, որ իրականում մասնակցում է մատ մեկ քայլից կոլեկտիվ պարտիայի: Դրսի համար՝ այո, ամեն ինչ փայլուն է, գործող նախագահի դեմ պայքարում են նախկին վարչապետը և խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը:

Մեր մյուս թեկնածուն շատ ծանր դեպք է: Նա էր մեր պատմական ՊԱՀ-ը, նա է մեզ բոլորիս ինքնորոշվելու հնարավորություն տվել, սակայն դավադիր ու նենգ գնդակը այնպիսի մութ հանգամանքներում, ինչպիսիք չէր տեսել նույնիսկ ԱՄՆ-ը՝ Քեննեդու սպանության ընթացքում, ծանր վիրավորվեց: Չնայած գուցե այդքան էլ ծանր չէ ու գուցե այդքան էլ պարզ չի, թե ինչու: Սակայն այս ամբողջ գործընթացի տրամաբանությունն էլ դա է. ղժժում ենք բոլորս, իսկ երբ ղժժում ենք, կանոններ չկան: Աբսուրդի թատրոնը ելել է բեմ: Մեզ մնում է ղժժալ: Ինչպես եթե դիտեինք Իոնեսկոյի Ռնգեղջյուրը: Բայց քանի որ Իոնեսկոն մեր քիմքին հարմար չէ, դրա համար մենք բավարարվեցինք ՊԱՀ-ի կյանքի ռեալիթի շոուով մի քանի օր շարունակ: Իսկ երբ մարդը մի քանի օրվա մեջ մի քանի անգամ փոխեց իր պատմական որոշումները, պարզ դարձավ, որ մենք մեծ բանից ենք ազատվել, որ սույն թեկնածուն ավելի մեծ իշխանություն չի ունեցել. Ընդամնեը մեկ հարց. Ընտրությունների օրը որոշելու իրավասություն ուներ ու այդքան պարացրեց, պատկերացնում եք՝ ինչ կաներ, եթե օրինակ ԼՂ հիմնախնդրի կարգավորման իշխանությունն ունենար: Չնայած գուցե վատ չլիներ, որովհետև այդ իր տակտիկայով կարող էր Ալիև կրտսերին էլ, Մինսկի խմբին էլ ինֆարկտի հասցնել:

Սակայն ամենաղժժալուն ստացվեց մեր հիմնական, իսկ անկեղծ լինելու համար՝ միակ հավակնորդի դիսկուրսը: Ամենաթողության ու բացարձակ իշխանության գաղափարը նրան բացեց այնպես, որ մենք տեսանք ողջ համայնապատկերը իր բոլոր բազմերանգ առանձնահատկություններով. էլ չեբուրաշկաներ, էլ թարս աճող խիարներ, էլ խփվող տոկոսներ, էլ եկել ես, որ ինչ անես թևավոր արտահայտություն դարձած մտաբերումներ, ևս մեկ գոհար էր սույն թեկնածուի մասին պատմող ֆիլմը, ինչպես և սպասելի էր, մեր մեծ եղբոր հեռուստաալիքներից մեկով, ուր ամբողջովին փայլատակեց նաև նրա շրջապատը: Ինչպես ասում են, մարդիկ արդեն էքստազի մեծ են: Ղժժոցը հասավ իր բարձրակետին: Ղժժում ենք բոլորս, ընկերներ: Դա է մեր կյանքը:

Զարմանալի չէ, որ ղժժոցը սույն շարունակվեց նաև քվեարկության օրը, երբ մարդիկ սկսեցին նկարել ու համացանցում տեղադրել իրենց քվեաթերթիկներն ու խիարները, չեբուրաշկաներին, չակ նորիսներին ու քիմ քարդաշյաններին: Իսկ ընդհանրապես, կարող ենք մեր նախագահական ընտրարշավի վավերագրական կադրերը ժամանակագրական առումով կպցնել իրար՝ Հայրիկյանի երգերի ներքո ու ներկայացնել Օսկարի: Ոչնչով չի զիջի Կուստուրիցայի ֆիլմերին: Իսկ Օսկար կստանանք, հաստատ: Ղժժում ենք բոլորս: Սակայն գուցե վերջում պետք է մտածել, որ այնուամենայնիվ մեր վրա:

Տաս. մի վագոն կվաս

Իսկ եթե դադարեցնենք ղժժոցը, ապա մի քանի բան ակնհայտ կլինի.

Թեկնածուներից ոչ մեկը չունեցավ գոնե մեկ բացօթյա ու նորմալ, ոչ թե քշված-բերված հանդիպում սովորական քաղաքացիների հետ: Երևի ռիսկ էլ չարեցին, որովհետև նախօրոք շոշափել էին տրամադրությունները ու հասկացել, որ ոչինչ չի ստացվի: Թեկնածուներից ոմանք գնում էին մարզեր ու հանդիպում իրենց շտաբների անդամների հետ, դա լուսաբանվում էր ԶԼՄ-ներով ու տպավորություն էր, թե մեզ իսկապես ձեռք են առնում, որովհետև ինչ կարիք կա քո գաղափարները քարոզել սեփական շտաբիդ անդամներին, թե նրանց քվեների մեջ էլ վստահ չեն: Ոմանք էլ ասում էին, որ վախի մթնոլորտն է պատճառը: Եթե անկեղծ լինենք, երևի ոչ թե ու ոչ այնքան վախի, որքան զզվանքի ու չխոստովանվող հուսահատության:

Տպավորություն է, որ նույնիսկ թեկնածուները հավես չունեին ընտրարշավի: Ընդհանրապես, եթե այս անգամ ընտրությունները չեղյալ համարեին ու միանգամից գործողին երկրորդ ժամկետ շնորհեին ԱԺ ձայների մեծամասնությամբ, երևի շատերը գոհ կլինեին, պետբյուջեն էլ հաստատ կշահեր: Այսինքն ընտրությունների մեխանիզմը՝ իբրև իշխանության չընտրության և ընդդիմության ընտրության մեխանիզմ, այն աստիճան է արժեզրկված մեր հասարակությունում և քաղաքական դաշտում, որ դա իրականում վատ խաղացվում է արտաքին աշխարհի համար՝ իբրև ժողովրդավար պետության կամ դրան ձգտող պետության լեգիտիմ ցանկության դրսևորում:

Իսկ որ ամենավտանգավորն է, մարդկանց համար արժեզրկվում են ոչ միայն իշխանությունների, ընտրության գաղափարները, այլև այլընտրանքի, ընդդիմադիր լինելու, պայքարելու, սեփական կարծիք ունենալու և այն արտահայտելու, սեփական կարծիքին տեր կանգնելու, ծայրահեղության մեջ՝ ընդհանրապես ինչ-որ քայլի՝ իմաստ ունենալու արժեքները:

Մենք դառնում ենք խորապես ցինիկ հասարակություն: Սակայն չպետք է մոռանանք, որ ցինիզմը բումերանգով հարվածելու է հենց մեզ: Հենց այստեղ: Ու մեզ ոչ թե օգնելու են, այլ ղժժալու են մեր վրա:

 

Մանան Գալստյան

Աղբյուր` ejournal.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more