▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եք կլյաուզիան մեկնաբանե՞մ.ԱԳՆ-ն` Ճապոնիայում ՀՀ դեսպանի մասին հարցի վերաբերյալ

Մեր ընթերցողից ստացած նամակի համաձայն, լինելով   զբոսաշրջության բնագավառում երկարատև փորձ  և  գիտելիքներ  ունեցող   կայացած տուրիստական  ֆիրմայի ներկայացուցիչներ,  հայ-ճապոնական  բիզնես  կապերի հաստատման համար իրենք որոշել էին  տուրիստական կապեր հատատել ծագող  արևի երկրի՝ Ճապոնիայի հետ: Հանդիպել են այդ երկրի  փոքրաթիվ հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ` հայտնելով իրենց մտադրության  մասին  և  հետաքրքրվել են,  թե  ինչպես կարելի է դիմել դեսպան պարոն Պողոսյանին` այս հարցերի շրջանակներում իրենից, որպես դեսպան, աջակցություն ստանալու համար: 

Նամակագիրը նշում է, որ պարզվել է`  դեսպանն, ով նշանակվել է այդ պաշտոնում  2012-ի մայիսի 8-ին` այդ ժամանակահատվածում հազվադեպ է  երկրում եղել: Համայնքի  ներկայացուցիչները  չեն ցանկացել խառնվել  գործին` խորհուրդ տալով  հույս  չդնել  դեսպանի  օգնության  վրա  և  ձեռք քաշել այդ մտահղացումից:

Նամակագիրը նաև մտահոգություն է հայտնում, որ Ճապոնիայում ՀՀ դեսպան  Հրանտ Պողոսյանը   երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, առավել ևս չունենալով որևէ կապ դիվանագիտության բնագավառի հետ, լինելով դասախոս, հանկարծ հայտնվել է մի ամբողջ երկրի դեսպանի կարգավիճակում: Ավելին, ըստ ասեկոսեների, նրա որդին, ով չի ծառայել բանակում, այժմ Ճապոնիայի քաղաքացի է և որ, վերջերս, դեսպանն իր   որդուն,  պաշտոնական կապերն ու դիրքը կրկին օգտագործելով, դարձրել է Ճապոնիայի քաղաքացի և Ճապոնիա-Հայաստան տուրիստական մենաշնորհը փաստացիորեն «հանձնել» «Ճապոնացի ժողովրդի» որդուն. «մի երիտասարդի, որը երբևէ կապված չի եղել Հայաստանի հետ, սակայն հիմա որոշել է մենաշնորհ ունենալ դեսպան հայրիկի օբյեկտում և ոչ մի հայկական խոշոր տուրիստական գործակալության թույլ չտալ մուտք գործել այդ երկիր»,-նշված է նամակում:

Այս առիթով կապ հաստատեցինք ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ.  ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ է, որ Ճապոնիայում ՀՀ դեսպանը դիվանագետ չէ, պատասխանեց.

«Կլյաուզիա եք ստացել, ուզում եք կլյաուզիան մեկնաբանե՞մ: Կենսագրությունը ներկայացված է դեսպանության կայքում, կարող եք մտնել և ծանոթանալ»:

Ինչ վերաբերում  է դեսպանի որդու` ՀՀ  բանակում չծառայելու լուրին, մամլո խոսնակը նշեց, որ մասնավոր հարց է, տեղյակ չէ և հրաժարվում է մեկնաբանել 37 թվականի կլյաուզիաներին:

Ամեն դեպքում, որոշեցինք հետևել մամլո խոսնակի հորդորին` ծանոթանալ Ճապոնիայում ՀՀ դեսպանի կենսագրությանը, սակայն իզուր:

 

Եթե մյուս` ասենք Ավստրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Արգենտինայի, Բելառուսի, Բելգիայի, Բուլղարիայի Բրազիլիայի Դանիայի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Իտալիայի, Իսպանիայի և մի շարք այլ երկրների ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերում կար տեղեկություն դեսպանների ծննդյան թվի, վայրի, կրթության, գործունեության, գիտա-մանկավարժական գործունեության, պարգևատրումների, ընտանեկան կարգավիճակի մասին, ապա Ճապոնիայում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքի դեսպան բաժնում ոչինչ չկար. ոչ մի կենսագրական տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more