▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են սպասում Րաֆֆիի սայթաքմանը

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական հանրահավաքն է անցկացնելու, որն իր թիմակիցների բնորոշմամբ` ապրիլի 9-ի նախերգանքն է լինելու: Ակնկալվում է, որ Ր. Հովհաննիսյանը կամփոփի մարզային այցելությունները, մանրամասներ կներկայացնի ապրիլի 9-ին կայանալիք հավաքի մասին և ընդհանուր գծերով կուրվագծի պայքարի հետագա ընթացքը:
Մի քանի խոսք մարզային այցելությունների մասին. Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները բոլոր բնակավայրերում անցնում էին գրեթե նույն սցենարով, միայն այն տարբերությամբ, որ ցանկացած քաղաքում, մարզում փորձ է արվում ընդհանուր ասելիքը «տեղայնացել»՝ հաշվի առնելով տվյալ բնակավայրի առանձնահատկությունները:
Այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանի հռետորաբանության մեջ հատկապես երկու բան փոխվել է: Առաջինը, գործածվող բառապաշարն առավել կոշտացվել է, երկրորդ` ոչ իշխանական ուժերին ուղղված քննադատությունն արվում է առավել բաց տեքստով:
Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններն ապրիլի 9-ի հանրահավաքին ընդառաջ առավել կտրուկ ու կոշտ բնույթ էին ստանալու, հասկանալի էր ու սպասելի: Դա, նախևառաջ, պայմանավորված է երկու գործոնով՝ հասարակության պահանջով և ոչ իշխանական ուժերի ճնշմամբ, ովքեր փորձում էին հասկանալ, թե ինչ ուղղությամբ է Ր. Հովհաննիսյանը տանելու պայքարը:
Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերին ուղղված քննադատությանը, ապա եթե սկզբում և' Ր. Հովհաննիսյանը, և՛ մնացած ոչ իշխանական ուժերը միմյանց ուղղությամբ «բոչկա էին գլորում» խիստ անուղղակի ձևով, ապա վերջին շաբաթվա ընթացքում այդ գործողություններն առավել սուր բնույթ ստացան:
Երբ Ր. Հովհաննիսյանը կոչ էր անում քաղաքական ուժերին «ժողովրդի կողքին» լինել, նրան հակադարձում էին (ԲՀԿ-ն), թե իրենք միշտ էլ ժողովրդի կողքին են: Սակայն Ր. Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, թե ժողովրդի կողքին պետք է ֆիզիկապես գտնվել, կարծես թե, խառնել է որոշ ուժերի խաղաքարտերը:
Ընդ որում՝ Ր. Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունը՝ «Կորչենք բոլորս՝ Րաֆֆի, Սերժ, Հրանտ, Գագիկ», հստակ ցույց է տալիս, որ նա տարբեր հարցերում խնդիր ունի ոչ միայն Սերժ Սարգսյանի հետ, այլ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի (ՀՅԴ-ի հետ տարակարծություններն ի հայտ էին եկել Ավագանու ընտրություններին միասնական ցուցակով գնալու քննարկումների ժամանակ) հետ:
Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի սայթաքմանը ամենևին էլ իշխանությունը չի սպասում: Ոչ իշխանական ճամբարից եկող հարվածն առավել ուժգին է լինելու, քանզի գործող իշխանությունները Ր. Հովհաննիսյանից որևէ վտանգ չեն տեսնում, իսկ նրա ներկայությունն ու ինչ-որ տեղ հեգեմոնիան ընդդիմադիր դաշտում նորմալ է ընկալվում: Այլ է իրավիճակը ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի դեպքում, որոնք քաղաքական դաշտում համապատասխան դիրքավորման խնդիրները մինչև վերջ չեն լուծել և շատ բան կախված է Ր. Հովհաննիսյանի հետագա քայլերից:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more