Փաշինյանը ՔՊ նիստից առաջ ասաց` որոնք են այն 2 կետերը, որոնց հարցով համաձայնել են Ադրբեջանի առաջարկներին և ավարտել բանակցությունները
Սահմանի երկայնքով 3–րդ երկրների ուժեր չտեղակայել:
Միջազգային ատյաններից հայցերը հետ կանչել:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով չհամաձայնեցված վերջին երկու կետերի վերաբերյալ հարցին, որոնց շուրջ ևս Հայաստանն արդեն համաձայնել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց․ «Այդ դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետոյին, չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մենք հիմա այդ հարցերով պետք է որոշ նյուանսների հետ կապված էլ քննարկում ունենանք»:
«Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու հարցին, մյուսը միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ վերադարձնելու և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն․․․
Այդ դրույթներն էլ որոշակի ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել: Այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և, կարծես թե, չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել: Ըստ էության, այո, այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար»,- նշեց Փաշինյանը:
Հարցին, թե ո՞րն է ադրբեջանական կողմի փոխզիջումը, վարչապետը պատասխանեց. «Այս փուլում շատ կարևոր է, որ մենք միակողմանի ձևակերպումներ և հայտարարություններ չանենք: Եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն, ՀՀ-ն էլ որոշել է, որ նաև իրեն է ձեռնտու: Դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք․․․ Այո, մենք կայացրել ենք որոշում, որովհետև համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին և կարող է լինել խաղաղության համաձայնագիրը, այլ բանաձև խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում»:
***
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ճիշտ է, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց դրույթ առ դրույթ ամեն ինչ հայտնի է: Տեսքտը պատրաստ է ստորագրման և մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին: Տեքստի հրապարակաման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել՝ ինչպիսին է: Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք. հոդված-հոդված հրապարակվել է և չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ: Այո՛, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չի կարող ասել, որ բովանդակությանը ծանոթ չէ»,- ասաց նա։ ***
|