▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ասում է՝ այսուհետ «կոնյակ» բառի փոխարեն պետք է օգտագործել «բրենդի» բառը

«Ուրիշի ոչ նյութական արժեքը յուրացնելը սոլիդ չէ»,- ոչ նյութական արժեքների վերաբերյալ որոշման քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կոնկրետ կոնյակի մասին․ «Մեր կառավարությունը ինչքան էլ ուժեղ քաղաքական կամք ունենա, ինչքան էլ հայրենասեր, նվիրված ու գերպրոֆեսիոնալ լինի, չենք կարող հիմնավորել ու ապացուցել, որ ՀՀ-ում կոնյակ է արտադրվում։ Եվ սրա մասին չխոսելը, ասելը, թե՝ «չէ որ չէ, մենք կոնյակ ենք արտադրում», նշանակում է մեր տնտեսությունը տանել փակուղի և զրկել զարգացման հեռանկարից։ Վերջին 100 տարում Հայաստանի տարածքում արտադրել, վրան գրել են «կոնյակ», մարդիկ էլ էմոցիոնալ կապ են ձեռք բերել՝ ծնունդ, կնունք, և դա դարձել է մեր ընկալման մաս։ Բայց դա չի նշանակում, որ էդ տրամաբանությամբ պետք է շարունակենք ասել՝ չէ, մենք կոնյակը ենք ստեղծել, կամ մեր արտադրածը կոնյակ է»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ-ում արտադրված կոնյակի պարագայում «կոնյակ» բառի փոխարեն պետք է օգտագործել «բրենդի» բառը:

«Ոչ նյութական արժեքների նյութականացաման գործընթաց ենք մեկնարկում»,- Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը անդրառալով ոչ նյութական ժառանգության հավաքագարման և պահպանման կարևորությանը։ «Ոչ նյութական արժեքները անէանում են, եթե դրանք փաստագրված չեն»,-ասաց Փաշինյանը։ Խոսելով կոնկրետ ազգային երգերի մասին՝ նա նշեց, որ եթե հիմա այդ փաստագրման աշխատանքները չկատարվեն, ապա ինչ որ մի ժամանակ դրանք կկորսվեն․ «Հետո կասենք բա Կոմիտասն ուր էր, գար հավաքեր, մի տեղ արձանագրեր։ Հետևաբար էսօրվա Կոմիտասը Հայաստանի Հանրապետությունն է և ՀՀ-ն այս գործառույթը պետք է լիարժեք իրականացնի»,-ասաց նա։
Նշենք, որ առաջարկվում է ՀՀ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 51 տարրից, համալրել ևս 17 ոչ նյութական արժեքներով, ինչպիսիք են, օրինակ, Շիրակի երգիծական բանահյուսությունը, Գյուրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը, Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և դրա կիրառումը, Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառումը, Ճամբարակում մեղվապահության ավանդույթը և այլ արժեքներ, որոնք կարող են դառնալ այդ բնակավայրերի զբոսաշրջության գրավչության և տնտեսական զարգացման ևս մեկ խթան։
Կառավարության համապատասխան որոշման նախագծի վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի դիտարկմամբ պատմեմ, թե ինչ կատարվեց կառավարության նիստին, որին, ինչպես գիտեք, ուշի ուշով հետևում եմ վերջին 6 տարիներին։ Փորձելու եմ լինել հնարավորինս կարճ և կոռեկտ։
Եվ այսպես, ինչ իմացանք․ նախ իմացանք, որ «կոնյակն» ու «շամպայնը» դա ոչ թե խմիչքի տեսակներ են, այլ՝ ֆրանսիական տեղանուններ․ մի փոքր ուղղում․ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որ այս մասին երևի իմացել է Մակրոնի հետ վերջին սերտ շփումների ժամանակ, հայերիս մեծամասնությունը վաղուց գիտեր, ավելին՝ երբեք էլ չի ասել, թե «կոնյակը դա հայկական բրենդ է»։ Մի խոսքով, որոշեցին, այսուհետև հրաժարվել «կոնյակ» տերմինից ու անցնել «հայկական բրենդի» տարբերակին, չնայած մեր «հանճարները» երևի մոռացել են, որ հայերնում «բարկօղի» գեղեցիկ տարբերակը կա։ Չի բացառվում, որ առաջիկայում կտեսնենք, թե ինչպես են վերանվանվում օրինակ «Երևանի կոնյակի» գործարանը, «Արարատ կոնյակի գործարանը», «Շամպայնի գինիների գործարանը» և մնացած բոլոր նմանատիպ հիմնարկները։
Մյուս սարկազմն այն էր, որ գաստրոնոմիայի մանիան հասավ նաև պետական պաշտոնական մակարդակի և կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, թե «ազգային ուտեստների շտեմարան են սարքել», բացի դրանից ընդգծեց, որ հետ այսու «ՀՀ ռազմավարության մեջ խոհանոցը դա ազգային արժեք է»։ Չէ, ես ազգային խոհանոցի հետ խնդիր չունեմ, մեր հազարամյա պատմության մի բաղադրիչն է, բայց արձանագրենք, որ գլխավոր ստամոքսապետը դա ֆիքսել է ռազմավարության մեջ։ Հերթական անգամ տեսնում ենք, որ ուտելն ու ուտլիքը սրանց մտածելակերպի առանցնքն է, օրինակները բերվում են հացի վրա՝ զուգահեռներն անցկացվում ուտելիքի ու խոհանոցի պրիզմայով։ Մի 10 րոպե խոսում էր խոհանոցի կարևորությունից, թե ինչքան առանցքային ռազմավարական նշանակություն ունի․ ոգևորված պատմում էր, թե «գյուղեր եմ այցելում, ահագին անծանոթ ուտեստներ եմ համտեսում»։
«Հայեցակարգային» հաջորդ հարցը՝ հայկական ավանդական խաղերն էին, որոնք նույնպես հավաքագրվում են, էլեկտորնացվում, ու որոշ ժամանակ անց թերևս ականատես կլինենք «հավալայի»․ «լախտիի» և «չլիկ-դաստակի» մասին առաջին դիսերտացիաների պաշտպանությանը։ Առանց մի վայկյան իսկ վարանելու իրեն համեմատեց Կոմիտասի հետ՝ նշելով, թե՝ «ժամանակին էլ Կոմիտասն էր գյուղեգյուղ ընկած հայկական երգերը հավաքագրում»։
Վերջում թեման դարձյալ դպրոցաշինությունն էր, որի մասին չի դադարում խոսել․ պարզվում է՝ դպրոց սարքելու համար քաղաքական կամքը, գումարը, նախագիծն ու շինարարը բավարար չեն, պետք է նաև ժամանակ։
Այ սենց խոհափիլիսոփայական ու ռազմահայրենասիրական դասախոսության հերթական ժամավաճառություն էր տիրում ուղիղ մեկ ժամ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more