Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության վրա, տեղեկատվություն են տարածել այն մասին, որ սահմանի երկայնքով ադրբեջանական օդուժը թռիչքներ է իրականացնում՝ պայմանավորված վերջին օրերի լարված դրությամբ:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հետևյալ կերպ մեկնաբանեց վերը նշված տեղեկությունը.
«ՊԲ ՀՕՊ ուժերը իրականացնում են մարտական հերթապահություն և վստահորեն պաշտպանում Արցախի օդային տարածքը։ Ինչ վերաբերում է հակառակորդի օդուժի թռիչքներին, մենք աչալրջորեն հետևում ենք և վերահսկում ենք իրավիճակը։
Հակառակորդի ռազմական ինքնաթիռները թռիչքներ իրականացնում են միայն սեփական օդային տարածքում և չեն խախտում Արցախի օդային տարածքը»։
Հիշեցնենք, որ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում ադրբեջանական կողմի ձախողված դիվերսիայից հետո լարված իրավիճակ է ստեղծվել սահմանային գոտում:
Նախօրեին ևս գրեթե ողջ գիշեր թշնամին կրակ է արձակել գյուղերի ուղղությամբ, արդյուքնում՝ Այգեպար գյուղում 16-ամյա աղջիկ է վիրավորվել:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան