Դիվերսիոն խմբերի ներխուժման և մեր զինվոր տղաների հերոսության ու կյանքի գնով թշնամուն դուրս շպրտելու վերջին իրադարձությունների հետ կապված բազում հարցեր են առաջանում, որոնց պատասխանները պիտի տրվեն անհապաղ…
Եթե հակառակորդի դիվերսիոն խմբերը, այս էլ որերորդ անգամն է, կարողանում են այնքան մոտենալ մեր պաշտպանական դիրքերին, որ մարտական գործողությունները ծավալվում են մե՛ր խրամատներում, կամ նրանց մոտակայքում, ապա սահմանների պաշտպանության հարցում, կարծում եմ, մենք լուրջ թերացումներ ունենք:
Սահմանապահ ուղեկալը, խրամատը, զինվորները, պաշտպանական վերջին բնագիծն են, որոնցից առաջ անպայմանորեն պիտի լինեն և գործեն թշնամու հայտնաբերման և վաղաժամ ազդարարման տեխնիկական համակարգերը, նրա առաջխաղացումը կասեցնող ականապատ դաշտերը կամ գոտիները…
Տեխնիկական միջոցների ներդրումը, ականապատ գոտիների ստեղծումը, ֆինանսական միջոցներ են պահանջում և ամբողջ սահմանի երկայնքով այդպիսի միջոցառումների իրականացումը ծախսատար է և մեծ հաշվով անհրաժեշտ էլ չէ… Սահմանի այն հատվածներում, որտեղ մենք ունենք դիրքային առավելություններ / սահմանի մեծ մասում մենք ունենք այդ առավելությունը/, և նմանատիպ գործողություններ իրականացնելիս թշնամին կկրի տասնապատիկ և ավելի կորուստներ, պարզ է, որ ականապատ գոտիների ստեղծումը, կարելի է և հետաձգել կամ ընդհանրապես չիրականացնել: Սակայն սահմանի այն հատվածներում, որտեղ դիրքային առումով մեր և թշնամու հնարավորությունները հավասար են, կամ նա առավելություններ ունի, / վերջին իրադարձությունը հենց այսպիսի դիրքում է տեղի ունեցել/ վերոհիշյալ միջոցառումները վաղուց արդեն պիտի իրագործված լինեին:
Եթե պաշտպանական տեխնիկական ինքնաշխատ միջոցները սահմանի ա՛յս և նման հատվածներում բացակայում են, կամ ավելի վատ, առկա են, սակայն չեն գործել կամ արդեն որպես վատթարագույն՝ թշնամին կարողացել է շրջանցել, կամ աննկատ շարքից հանել դրանք, ապա անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել, եթե կան մեղավորներ՝ պատժել և անհապաղ միջոցներ ձեռնարկել, շտկել վիճակը:
Պաշտպանության նախարարությունը, ինչու ոչ, նաև մենք բոլորս, պիտի թողնենք թշնամուն թերագնահատելու, նրա նկատմամբ քամահրանք ցուցաբերելու, իր մեջ արդեն խիստ վտանգավոր՝ գոռոզության ու մեծամտության տարրեր պարունակող մեր մոտեցումներն ու չափազանց լուրջ վերաբերվենք այս ամենին: