pastinfo.am-ը գրում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Խաք Թալայ Թոուս» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության գործով երկու ամբաստանյալներն այսօր դատապարտվել են ազատազրկման: «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ տնօրեն Արմեն Գևորգյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անձնագիր կեղծելն ու օգտագործելը և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Ընկերությունում որպես իրավաբան ձևակերպված Անդրանիկ Ներսեսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Նրանցից համապարտության կարգով հօգուտ տուժող ընկերության պետք է բռնագանձվի 76 մլն 644 944,5 դրամ:
Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Արմեն Գևորգյանը, Անդրանիկ Ներսեսյանը, գործով չպարզված անձը՝ գործելով նախնական համաձայնությամբ, Ա. Ներսեսյանի երեք ծանոթների միջոցով իրականում գոյություն չունեցող մոլիբդենի խտանյութի վաճառքի վերաբերյալ 2008թ.-ից մինչև 2010 թ. գարունն ընկած ժամանակահատվածում բանակցությունների մեջ են մտել ՀՀ օրենսդրությանն ու առևտրային գործունեությանն անտեղյակ իրանական հիշյալ ընկերության ներկայացուցիչների հետ, վերջիններիս ներկայացրել «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բլանկով ու կնիքի դրոշմով հաստատված ապրանքի որակի և առկայության վերաբերյալ կեղծ հավաստագրեր և կնքել 300 տ մոլիբդենի խտանյութի արտահանման վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր: Պայմանավորվածության համաձայն, առաջին խմբաքանակի՝ 30 տ մոլիբդենի խտանյութի արտահանման համար իրանական ընկերության կողմից «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի արտարժույթային հաշվեհամարին փոխանցվել է 76 մլն 644 944,5 դրամին համարժեք 143.350 եվրո, սակայն խտանյութը չեն արտահանել և Ա.Գևորգյանի հետ միասին 2010թ. մարտի 11-ին կանխիկացրել ու խարդախությամբ հափշտակել են փոխանցված գումարը: ԻԻՀ ընկերության ներկայացուցիչը ժամանել է Հայաստան՝ պարզելու խտանյութի չարտահանման պատճառները, իսկ Անդրանիկ Ներսեսյանն էլ կատարվածում իր առնչությունը հերքելու նպատակով հաղորդում է ներկայացրել, որ Արմեն Գևորգյանը խաբեությամբ հափշտակել է իր տարիների աշխատավարձը՝ 3 000 000 դրամի չափով:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում