▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետ. Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է

Մայրաքաղաքի տրանսպորտային ոլորտի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների անդամների հանդիպման ժամանակ: Ներկայացնելով մայրաքաղաքի ուղևորափոխադրումների սպասարկման որակի ապահովման հետ կապված իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի քաղաքականությունն այսօր ուղղված է բնակիչների համար անվտանգ և հարմարավետ երթևեկության ապահովմանը: Անդրադառնալով կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշմանը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն ոլորտի բնականոն աշխատանքն ու շահագործման համարժեք ծախսերն ապահովելու նպատակ է հետապնդում.

«Իրականում սոցիալական բեռի խնդիր է առաջանում, որը որոշ խավի կողմից արդարացի բողոքների տեղիք է տալիս: Քանի դեռ մենք սոցիալական որոշ խմբերի համար արտոնություններ չենք սահմանել, հետևաբար թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների համար լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Ես իսկապես մտահոգ եմ ոչ միայն մեր սոցիալապես անապահով խավի համար, այլև մեր քաղաքում հասարակական տրանսպորտի անվտանգ երթևեկություն ապահովելու համար: Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել: Այսկերպ մենք չենք կարողանա թարմացնել շարժակազմը և ապահովել բոլոր այն պահանջները, որոնք այս տարիների ընթացքում եղել են մեր բնակիչների կողմից տրանսպորտի ոլորտի կանոնակարգման և զարգացման հարցում: Այս սակագնով դրան հասնելը անհնար էր»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ դրա հետ միաժամանակ պետք է խիստ վերահսկողություն իրականացվի սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման, ինչպես նաև երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ:

Կբացառվի նաև միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը: Խմբակցությունների անդամները ևս իրենց հերթին կարևորել են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարձրացումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումը: Քաղաքապետը հատկանշել է նաև, որ, հաշվի առնելով հարցի սոցիալական ուղղվածությունը, առաջիկայում կստեղծվի հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը համակողմանիորեն կուսումնասիրի և մեխանիզմներ կառաջարկի որոշումն առավել ամբողջական և օպտիմալ դարձնելու համար. «Հիմնական շեշտը մենք դնելու ենք վճարման միասնական համակարգի ներդրման վրա, որը սոցիալապես խոցելի խմբերին կառաջարկի տարբերակներ: Այսկերպ մենք կբարձրացնենք նաև ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, լսելով քննարկվող հարցի վերաբերյալ Երևանի ավագանու խմբակցությունների անդամների մոտեցումներն ու առաջարկները, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մշտապես պատրաստակամ է քննարկելու և կյանքի կոչելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կբխեն Երևանի ու երևանցիների շահերից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more