▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը 3-րդ մրցույթն է հայտարարել. նախորդները չեն կայացել` հայտերի բացակայության պատճառով

Երևանի քաղաքապետարանն արդեն 3-րդ անգամ ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ է հայտարարել`  23 ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային երթուղիների համար:

Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Նախորդ 2 մրցույթները չեն կայացել` բավարար հայտեր չլինելու պատճառով:

Մեր զրուցակցի խոսքով`

 «Առաջին անգամ հայտարարված մրցույթին ներկայացվել էր ընդամենը մեկ հայտ: Այն էլ մերժվեց բացառապես այն պատճառով, որ հայտատուն, որպես սպասարկման սակագին նշել էր 150 դրամ: Մեր կողմից հայտը մերժվեց, քանի որ արդեն կար քաղաքապետի կասեցման որոշումը: Երկրորդ անգամ հայտարարված մրցույթին  որևէ մեկը հայտ չի ներկայացրել:  Այժմ երրորդ անգամ ենք մրցույթ հայտարարել»:

 Մրցույթի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 9-ն է:

Արթուր Գևորգյանի խոսքով` մինչ այս պահը որևէ հայտ չի ներկայացվել:

Ի պատասխան մեր հարցին, թե ո՞րն է պասիվության պատճառը, Արթուր Գևորգյանը նշեց.

«Այսօր ինքներդ էլ ականջալուր եք, որ դաշտում գործող տնտեսվարողները բողոքում են գործող սակագնից՝ ընդգծելով, որ այն չի բավարարում իրենց աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար: Թերևս նաև դրանով է պայմանավորված տնտեսվարողների կողմից մասնակցության հայտեր չներկայացնելը: Նրանց մասնակցությամբ ասուլիսներին հետևելով ու լսելով իրենց տեսակետները, եզրահանգում ես, որ նրանք վնասներ են կրում ու չեն պատրաստվում հավելյալ ներդրումներ կատարել: Արդեն նշվեց, որ 23 երթուղագծերն ավտոբուսային են: Ըստ այդմ, մրցույթին մասնակցության հայտ ներկայացնող ընկերությունները պետք է ապահովեն համապատասխան քանակով ավտոբուսներ, ընդ որում, նոր ավտոբուսներ, ինչը, բնականաբար, ենթադրում է ներդրումներ: Իսկ ներդրումները բնական է, որ պետք է վերադարձելիության երաշխիք ունենան: Իսկ դրա բացակայության դեպքում հասկանալի է, որ տնտեսվարողը, ըստ էության, գնում է չարդարացված ռիսկի,ինչի մասին էլ նրանք բազմիցս նշել են»:

Մեր հարցին, թե մտավախություն կա՞, որ երրորդ մրցույթին ևս հայտեր չեն ներկայացվի, մեր զրուցակիցը պատասխանեց.

« Ինչպես ասում են` հույսը վերջինն է մեռնում:Մինչև հոկտեմբերի 9-ը դեռ ժամանակ կա:  Ի դեպ, վերջերս լրատվամիջոցների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նույն հարցի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օգտվելով առիթից, անձամբ իր հորդորը հղեց բոլոր տնտեսվարողներին և շահագրգիռ կազմակերպություններին, որ մասնակցեն այդ մրցույթներին»:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more