▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական Նիկոլայ Բաղդասարյանի կինը 78-ամյա կնոջ է մեքենայի տակ գցել․ Վերջինս մահացել է

Թարմացված․ Համացանցում բուռն քննարկումների առարկա էր դարձել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած դեպքը: Մամուլում գրվեց, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ցավոք, կինը նույն օրը մահացել էր, իսկ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։

MediaHub-ն է գրում ու նշում, որ  կապ է հաստատել ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ զարգացումներ կան այս գործով։

««Քրեական վարույթ ունենք նախաձեռնված, նախաքննություն է կատարվում, անհրաժեշտ գործողություններ են կատարվել և շարունակվում են: Այս պահի դրությամբ քրեական հետապնդման ենթարկվող անձ չունենք»,- տեղեկացրեց նա։

Ի դեպ, համացանցում քննարկումների առանցքային միտքն այն է, որ ՔՊ-ական գործչի կնոջ մասնակցությամբ մահացու վրաերթի գործը կկոծկվի:

Նշենք, որ նախկին պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանի անունը ևս կապվում է աղմկահարույց մի գործի հետ: Հիշեցնենք, 2020 թվականի մայիսի 11-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացին արագ ընթացող հեծանիվով սլացել էր այն ժամանակ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողքով։ Արթուր Ալեքսանյանը՝ այդ հեծանիվով ընթացող քաղաքացին, նույն թվականի մայիսի 12-ին դատախազի ցուցումով ձերբակալվել էր:

Իսկ ահա նույն Նիկոլայ Բաղդասարյանի կինը, որը տարեց կնոջ մահվան ենթադրյալ մեղավորն է (սա կպարզի քննությունը), փաստացի քրեական հետապնդման չի ենթարկվել (գոնե այս պահի դրությամբ) և աշխատանքի է գնում: MediaHub-ը ճշտեց, որ նրա մոտ գրանցումները հնարավոր են միայն նոյեմբեր ամսին, քանի որ ամբողջ հոկտեմբեր ամսվա համար հիվանդներ ընդունելու գրանցման հնարավորություն այլևս չկա:  

Ավելին, մեզ ասացին, որ Հռիփսիմե Գրիգորյանը պատրաստվում է սեփական բժշկական կենտրոնը բացել, աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են»,-գրում է սկզբնաղբյուրը:

«Հրապարակ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլ Բաղդասարյանի կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ նույն օրը մահացել է: Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Մեզ պատմեցին, որ Սիլվարդ Վարդանյանը բնակվել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում։ Փաստացի ՔՊ-ականի կնոջ պատճառով մարդ է մահացել։ Ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հաստատեցին լուրը՝ հայտնելով միայն, որ սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում մահվան ելքով վրաերթ է եղել։ 

Մարդ է մահացել, դեպքից անցել է 4 օր, սակայն վրաերթի մասին քննչական կոմիտեն որեւէ տեղեկություն չի հրապարակել։ Թերեւս պատճառն այն է, որ «սպանողը» շարքային քաղաքացի չէ, այլ ՔՊ-ականի կին է։ 

Նույն Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավոր եղած ժամանակ բողոք էր գրել մի քաղաքացու դեմ, ով մեծ արագության հեծանիվով սլացել էր իր կողքով՝ փաստը ներկայացնելով, որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն։ Բաղդասարյանի բողոքի հիման վրա Էջմիածին քաղաքի բնակիչ Ա․ Ալեքսանյանը կալանավորվեց, իսկ Բաղդասարյանի կինը, որ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը՝ ազատության մեջ է, ավելին՝ իրավապահները ենթադրաբար թաքցրել են մահվան ելքով վթարի վերաբերյալ տեղեկությունը։

«Հրապարակը» դեպքի վերաբերյալ փորձել է մանրամասներ ճշտել Նիկոլայ Բաղդասարյանից, վերջինս մեր բոլոր հարցերին ի պատասխան ասաց․ «Լավ էլի, Լիա ջան, գործ ենք անում, հիմա չեմ կարող խոսել, հիմա աշխատանքի մեջ եմ, չեմ կարող խոսել, հիմա գործի մեջ եմ, կներեք»»,-գրում է սկզբնաղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more