▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռադիո Երևան» անեկդոտները

Գաղտնիք չէ, որ ԱՊՀ երկրներում, Արևելյան Եվրոպայի երկրներում նաև Գերմանիայում ընդհանրապես Հայաստանը հայտնի է իր «Ռադիո Երևան» անեկդոտներով: Իհարկե այս անեկդոտները իրականում որևէ կապ չունեն ոչ Երևանի, ոչ էլ Ռադիո Երևանի հետ: Մինչ օրս չի պարզվել, թե որտեղից է եկել գաղափարը՝ հակասովետական անեկդոտներին վերագրել «Ռադիո Երևան» անունը: Բայց փաստը մնում է փաստ, որ դրանք Ռադիո Երևանի անեկդոտներն են … 
Դեռևս Սովետական միության ժամանակ, պետք է փաստեմ այսօր էլ, Ռուսաստանից, Գերմանիայից, Արևելյան Եվրոպայից ժամանող տուրիստներին հաճախ բերում են ցուցադրելու մեր՝ ռադիոյի շենքը, շատերն էլ խնդրում են ներս գալ, լուսանկարվել, ռեպորտաժներ և հարցազրույցներ են նկարահանում … Հարյուրավոր ռեպորտաժներ են պատրաստվել / ռադիո, մամուլ, հեռուստատեսություն / «Ռադիո Երևանի» անեկդոտների մասին: 
Մոտ տասնհինգ տարի առաջ Ավստրիայից ուզում էի անցնել Սլովակիա, պարզվեց անհրաժեշտ է վիզա: Ավելին, պարզվեց, որ վիզա պետք է ստանամ ոչ թե Ավստրիայում Սլովակիայի դեսպանատանը, այլ պետք է վերադառնամ Մոսկվա և Սլովակիայի դեսպանատանը նոր միայն ստանամ վիզա: Սակայն, պաշտոնյան անձնագրիս մեջ տեսնելով իմ այցեքարտը՝ «Ռադիո Երևանի» տնօրեն, առանձնակի ոգևորվեց և մոտ 30-40 րոպե պատմում էր «Ռադիո Երևանի» անեկդոտներ ու ծիծաղում:
Հետո հանդարտվեց, ինձ մեկնեց անձնագիրս՝ շշուկով ասելով, որ վիզան արդեն մեջն է: 
Մեկ այլ ժամանակ, Ֆրանկֆուրտում սահմանն անցնելիս, գերմանացի սահմանապահն այնքան էր տարվել «Ռադիո Երևանի» անեկդոտներն ինձ պատմելով, որ այդ անցակետի մոտ 100 մետրանոց հերթ էր գոյացել: Երեք օր հետո վերադառնալիս նկատեցի,որ սահմանապահը, տարվելով անեկդոտներով, մոռացել էր մուտքի կնիք դնել անձնագրումս, ինչն էլ իմ վերադարձը հետաձգեց մի քանի օրով՝ մինչև կպարզեին իմ ինքնությունն ու Գերմանիայում առանց մուտքի կնիքի հայտնվելու առեղծվածը: 
Մենք տարիներ առաջ հավաքեցինք և խմբավորեցինք «Ռադիո Երևանի» ամենաարդիական անեկդոտները, հորինեցինք մի քանի նոր անեկդոտներ, և հրատարակեցինք մի գրքույկ, այն մեծ ընդունելության արժանացավ ընթերցողների մոտ և ռեկորդային քանակի վաճառվեց գերմանախոս երկրներում:
Եվ որպես եզրափակում ցանկանում եմ պատմել «Ռադիո Երևանի» անեկդոտներից թերևս ամենապարկեշտը.
«Ռադիո Երևանին» հարցնում են, որն է աշխարհի ամենաօպերատիվ, ամենաերաժշտային, ամենամշակութային, ամենա-ամենա ռադիոն:
«Ռադիո Երևանը» պատասխանում է.
-Շնորհակալություն կոմպլիմենտի համար:

 

Արմեն Ամիրյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more