▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ակնարկում էր, որ հնարավոր է գործին ներգրավված են ազդեցիկ հովանավորներ․ Արմինե Հովհաննիսյան

Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքացիական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ «Օրրան» բարեգործական կազմակերպության՝ «Օրրան» կենտրոնի հարևանությամբ ապօրինի շինարարություն իրականացնելու վերաբերյալ:

Եվրոմեդիա24-ը զրուցել է «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել, դատարանի այս որոշումից հետո։

- Վերջին մեկ տարվա ընթացքում Դուք պայքարել եք «Օրրան» բարեգործական կենտրոնի հարևանությամբ անօրինական շինարարության դեմ՝ ներդնելով զգալի ժամանակ և նյութական ռեսուրսներ: Չե՞ք կարծում, որ այդ ռեսուրսները կարելի էր ուղղել ավելի լայնամասշտաբ ծրագրերի, որոնք կօգնեին ավելի շատ կարիքավոր մարդկանց: Ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց այս պայքարը:

- Կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է պայքարել հանուն օրինականության և արդարության՝ անկախ խնդրի չափից: Իմ և ընտանիքիս համար սա սկզբունքային հարց է: Վերջին 30 տարիներին մենք մշտապես պայքարել ենք անարդարության դեմ, լինի դա ընտրությունների խախտումներ, թե օրենքների անտեսում: Ցավոք, շատ քաղաքացիներ, հասկանալի պատճառներով, մտածում են, որ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» և գերադասում են չմիջամտել: Սակայն սա հենց այն է, ինչ ցանկանում են օրինախախտները: Պայքարն անխուսափելի է, և ես անձամբ փորձում եմ օրինակ ծառայել իմ երեխաների համար՝ ցույց տալով, որ միշտ պետք է մարտնչել հանուն արդարության: Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է կորստի և պատերազմի վտանգի առջև, իսկ Արցախը կորցնելու ցավը ստիպում է վերաիմաստավորել շատ բաներ, ես հասկանում եմ՝ հնարավոր է, որ շատերին այս պայքարը փոքր թվա: Բայց, ինչպես ասում է չինական ասացվածքը, «ամեն երկար ճանապարհ սկսվում է առաջին քայլից»: Այս պայքարը փոքր, բայց ինձ համար չափազանց կարևոր քայլ է՝ մեր երկիրը օրինական դարձնելու ճանապարհին:

- Երբ սկսեցիք դատավարությունները, հավատու՞մ էիք, որ կարող եք հաղթել մի կառուցապատողի, որը, կարծես, ունի լավ կապեր:

- Երբ սկսեցինք դատավարությունը, ես համոզված էի, որ օրենքը մեր կողքին է, և «Օրրանը» կհաղթի օրինական ճանապարհով: Չէ՞ որ հարցը շատ պարզ էր. օրենքով պահանջվում է վեց մետր հեռավորություն, իսկ կառուցապատողը խախտում էր այդ չափանիշը: Սակայն իմ հավատքը տարակուսանքի ենթարկվեց, երբ քաղաքապետարանը հանկարծ որոշեց կազմակերպել ծառահատումներ՝ տարածքը «մաքրելու» համար: Երեսուն տարի այդ տարածքի հանդեպ որևէ հետաքրքրություն կամ խնամք չէր ցուցաբերվել, բայց հանկարծակի որոշեցին, որ այն մեծ և կանաչ ծառը, որը գտնվում էր հենց տարածքի կենտրոնում և խանգարում շինարարությանը, «շատ հին է» և պետք է կտրվի: Ակնհայտ էր, որ շինարարության հետևում լուրջ շահեր են կանգնած: Տարածքն արդեն 30 տարի լքված էր, սակայն քաղաքապետարանը որոշեց պետական միջոցներ ծախսել «հին ծառերը» հեռացնելու վրա՝ չնայած այն բանին, որ այդ վայրը նույնիսկ բանուկ չէր: Սա ոչ միայն զայրացնում էր, այլև ակնարկում, որ հնարավոր է գործին ներգրավված են ազդեցիկ հովանավորներ:

- Դուք ներկայացրել եք հայց ինչպես վարչական, այնպես էլ քաղաքացիական դատարան՝ պնդելով, որ շինարարությունը չի համապատասխանում օրենքով սահմանված չափորոշիչներին: Ի՞նչ փուլում են հիմա դատական գործընթացները:

- Ցավոք, երկու դատարանում էլ մենք պարտվել ենք՝ հիմնականում անհիմն պատճառաբանությունների հիման վրա: Բայց մենք չենք հանձնվում: Որոշել ենք բողոքարկել քաղաքացիական դատարանի որոշումը և շարունակելու ենք պայքարը՝ հանուն արդարության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more