▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ բան եմ ուզում

Հայաստանում կարող էր լիներ հեղափոխություն, իշխանափոխություն, հեղաշրջում, համազգային ապստամբություն, խռովություն, ըմբոստություն, ընդվզում և սոցիալական հաշվեհարդար, լինչի դատաստաններ և եղբայրասպան գենոցիդ... բայց դա չի լինի, քանի որ ՑՈՒՐՏ է...
Ցեռուցիչը, գազային տաքացուցիչը, բաքսին ու վառարանը առանձին-առանձին վերցրած ավելի կարևոր են քան աշխարհի բոլոր հեղափոխությունները ու հակահեղափոխությունները իրար հետ վերցված: Չեմ ուզում գրավել Ձմեռային պալատը, Սպիտակ տունը, Բաղրամյանի շենքերը: Չեմ ուզում Ծաղկաձորի հյուրանոցների համարներում խռմփացնել, չեմ ուզում նոր տարվա սեղանից մնացած կոկորդիլոսի մսից ձվաձեղ... Չեմ ուզում եմ տաք բուխարու առաջ դողացնել: Ամառ եմ ուզում: Ոչ թե Դուբայի կեղծ արևով, այլ հայկական ամառ, երբ լույսը մտնում է մտքերիդ մեջ:
Բայց դա չի լինի, քանի որ ցուրտ է: 
Ուզում եմ, որ տաքսու փեջերը ուժեղ փչեն, տաքսիստները չզբաղվեն քաղաքականությամբ ու էլ չհայհոյեն այլ տաքսիստների... 
Ուզում եմ, որ լրագրողները չփչեն, չզբաղվեն քաղաքականությամբ: Այդ դեպքում տաքսիսիտները ավելի քիչ կհայհոյեն: 
Ուզում եմ դիտել Չառլի Չապլինի համր կինոները, այլ ոչ թե համր երգիչների երգերը լսեմ: ՈՒղիղ ոտքերը, ներկած մազերը և վիրահատված քիթը երգելու միակ պայմանը չեն, ավաղ... Բայց մեր ճաշակը, նրանց երգին վնաս չի, ավաղ:
Ծովից ծով Հայաստան չեմ ուզում, մաքուր փողոցներ եմ ուզում: Չեմ ուզում տեսնել, թե ինչպես են ծերանում Բրեդ Փիթն ու Ջոլին, թե ինչպես են չաղանում Դի Կապրիոն և Ռիհաննան, քանի որ նրանց չեմ ուզում տեսնել... պարզապես: Ուզում եմ տեսնել իմ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհուն, որի անունը նույնիսկ մոռացել եմ: Չեմ ուզում տեսնել իմ հայոց լեզվի ուսուցուհիներին, որ չամաչեմ տառասխալներիս համար: 
Ուզում եմ լսել դասական երաժշտություն ու չքնեմ դահլիճում, իսկ հետո զարթնել կողքիս քնած մարդու խղմփոցից: 
Ուզում եմ առանց ձկների ակվարիում, որ ինքս որոշեմ՝ ձուկ պահել, թե ոչ...
Ուզում եմ, որ հասկանամ excel-ի բոլոր ֆունկցիաները, մի թե դա չէ ժամանակակից աշխարհի իմաստության գագաթնակետը: 
ՈՒզում եմ սպանեմ շուխուրչի հարևանիս, что мешает спать... Բայց դա չի լինի, քանի որ ցուրտ է և ես էլ հումանիստ եմ...
Գիտեմ, շատ բան եմ ուզում... Ինչպես Սոկրատն էր ասում. "Որքան քիչ են իմ ցանկությունները, այնքան մոտ եմ ես աստվածներին": Այ հիմա եմ հասկանում, թե ինչու ստիպեցին, որ նա թույն խմի: Շատ ԲԱՆ էր ուզում:

Վահե Գալստյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more