▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցապ նախարարի ընտանիքի ռեստորանում հայտնաբերվել է 100 մլն դրամի ստվերային շրջանառություն

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում 100 մլն դրամի ստվերային շրջանառություն է հայտնաբերվել:

ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել նշված ստվերային շրջանառության մասին, չնշելով, թե ով է ռեստորանային համալիրի սեփականատերը։

. «ՊԵԿ-ը՝ հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցադրումները՝ «Լիաննա գարդեն հոլ»-ում («Վանատամ» ՍՊԸ) իրականացված հսկողական աշխատանքների վերաբերյալ, հայտնում է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից «Վանատամ» ՍՊԸ-ի վերաբերյալ ստացված տեղեկությունների և միաժամանակ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքներով վեր հանված ռիսկերի հիման վրա, 19.10.2023թ.-ին ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Լիաննա գարդեն հոլ» ֆիրմային անվամբ գործող ռեստորանային համալիրում առկա է շուրջ 100 մլն դրամի ստվերային շրջանառություն, միաժամանակ պարզվել է նաև, որ ռեստորանային համալիրն իր վարձու աշխատողներին վճարվող աշխատավարձի չափը 4 մլն դրամի չափով պակաս է արտացոլել և ներկայացրել հարկային մարմնին ներկայացվող հարկային հաշվարկներում։

Արձանագրված ստվերային շրջանառությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակներում ներկայացվել է հարկ վճարողին, որի արդյունքում վերջինս, ինքնակամ, 21.11.2023թ.-ին հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի երկրորդ, երրորդ եռամսյակների շրջանառության հարկի և օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներ։

Արդյունքում ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 100․241․088 ՀՀ դրամի չափով և առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շրջանառության հարկի գումար՝ 4․009․644 ՀՀ դրամի չափով, իսկ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներով ընկերության վարձու աշխատողներին ուղղվող աշխատավարձի չափն ավելացել է 4․156․763 ՀՀ դրամի չափով, որի արդյունքում առաջացել է լրացուցիչ վճարման ենթակա 831․355 ՀՀ դրամ եկամտային հարկի և 170․081 ՀՀ դրամ սոցիալական վճարի գումարներ։

Միջոցառման արդյունքներով «Վանատամ» ՍՊԸ-ի մոտ ընդհանուր առմամբ առաջացել է 5․011․080 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։

Տնտեսվարողի մոտ 30.12.2023 թվականին իրականացված հսկիչ գնման արդյունքում արձանագրվել է նաև հսկիչ դրամարկղային կանոնների կիրառության խախտում, որի արդյունքում հարկ վճարողին 31.01.2024 թվականին առաջադրվել է 769 335 ՀՀ դրամ տուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի համաձայն»:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների այս ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին: 

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more