▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցիալական ցանցերում գրանցված յուրաքանչյուր կին նախ մարդ է, հետո` էգ

Սոցիալական ցանցերում գրանցված յուրաքանչյուր կին նախ մարդ է, հետո` էգ: Նույն տրամաբանությամբ կարելի էր ասել, որ տղամարդիկ էլ երկրորդ հերթին են արու: Բայց, ցավոք, դա չեմ կարող ասել մեծամասնության համար: Այո, ես այսօր ֆեմինիստոտ եմ, մի քիչ էլ այդ դերում լինեմ պարոնայք տղամարդիկ:

Բողոքելու եմ ձեր երբեմն անտակտ պահվածքից, որ ցուցաբերում եք այն կանանց հանդեպ, ովքեր այս, կամ այն պատճառով ամուսին չունեն: Չգիտես ինչու, շատերիդ թվում է, թե այդ կանայք հնդկացիների պես փետուրները մազերի մեջ խրած, դեմքերը մարտականորեն նախազարդած` տղամարդու որսի են ելել: Որ իրենց միակ նպատակը դուք եք: Միանգամից ասեմ, այդպես չէ: Վստահեցնում եմ, շատերիս բոլորովին էլ պետք չէ ձեր գանգամաշկը: Կանայք էլ ուղղակի մարդ են, և տարրական շփման կարիք ունեն:

Այ, ամոթ է ձեզ, որ կին, հաճախ նաև սիրուհի ունենալով համարձակվում եք սրան, նրան անպարկեշտ հարցեր տալ, կամ ակնարկներ անել: Ինձ բարեբախտաբար այդ ոլորտում այնքան էլ շատ չեն անհանգստացնում, առիթների դեպքում էլ մի գեղեցիկ արտահայտությամբ փակում եմ վավաշոտ բերանը, որ շատ չընդարձակվի: Բայց, կան ավելի ամաչկոտ ու զուսպ կանայք, ովքեր ձեր այդ լրբոտած վերաբերմունքից խուսափելով, քաշված` աշխատում են «չերևալ», որ չնկատեք իրենց գոյությունը: Ու շաաաատ վիրավորական է, երբ տեսնում եմ այդ նույն միջոցին, իրենց կողքին (հովանոցի տեղ, թե իրական) ամուսին, տղամարդ ունեցող կանանց, ովքեր ազատորեն, աջուձախ ֆլիրտ են անում: Բա նրանց ոչ մեկը չի ասո՞ւմ «այ աղջիկ ջան, քեզ մի քիչ զուսպ պահիր»: Չէ, չի ասում, որովհետև անունով «մարդատեր կնիկ» է: Տարիներ առաջ մի «բարի» հարևանուհի խոսքի մեջ «պատահաբար» հիշեցրեց, որ հայը խոսք ունի` «անմարդ կնկա փեշը վառած է»: Ուրեմն ասեմ, դուք ձե´ր կողքի փեշերին նայեք:
Անամուսին կնոջը, ով իր վշտի, հիվանդության, կամ մի այլ պատճառով ուղղակի չի կարողանում քնել, արական սեռի մեկը կարող է իրեն թույլ տալ ու գիշերվա կեսին ասել «մեկ է քնած չես հիմա, տաքսի նստի, արի, իրար հետ լուսացնենք», չհասկանալով (հուսամ), որ վիրավորում է: Բան չունեմ ասելու, տրամաբանական է, մարդիկ հանդիպում են, ծանոթանում, տարատեսակ հարաբերություններ սկսում: Դա ամեն մեկի անձնական գործն է: Ի վերջո բնական է, բայց...

Իմ կարգավիճակի մյուս կանանց համար առաջարկում, իսկ իմ դեպքում` պահանջում եմ, այսուհետ ՖԲ-ի էջը մտնելիս, քննարկումների մասնակցելիս, կամ անձնական նամակ գրելիս` չմոռանաք «շալվարը հագնել», նոր գրել, ձեզ չմրսեցնեք հանկարծ, իմ մոտ «ցուրտ ձմեռ» է այդ առումով

Հ.Գ.Տղամարդիկ ջան, ասածներս հասկանալու համար մի պահ պատկերացրեք, որ դուք անպաշտպան կին եք, մեկն, ով արժանի չէ անգամ տրանսպորտում ձեր կողքին նստելու` ափլփելով նայում է, փսլինքները գնում են, հիմա արդեն «կուտի» ձեզ, բայց որևէ պատասխանատվության պատրաստ չէ: Ուղղակի կամակոր երեխայի պես: Դուք հաստատ քիթումռութը կջարդեիք չէ: Մենք ջարդել չենք կարող, դրա համար մեկը կորում-լռում է, ես էլ երևույթի մասին բարձրաձայնում եմ!
Հ.Գ.Գ. Այս թեմայով վաղուց էի ուզում մտքերս արտահայտել, բայց հարմար առիթ չէր լինում: Հիմա էլ մի երևելի բան տեղի չի ունեցել, բայց նորից մի մանրուք նկատեցի ու ….չդիմացա այլևս...

 

Ալինա Դերձյանի գրառումը
Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more