Ուզում եմ կիսվել մտահոգություններովս՝ կապված Մաշա Մնջոյանի մասնագիտական ապագայի վերաբերյալ: Բանն այն է, որ ամեն անգամ լսելով այս չքնաղ ու տաղանդավոր աղջնակի հերթական կատարումը` ես ավելի ու ավելի ուժեղ եմ զգում, որ Մաշայի պրոդյուսեր Սոնան ապականում է Մաշայի տաղանդը:
Ուշադրություն դարձրեք, որ ամեն իր ելույթում Մաշան փորձում է իր չքնաղ ձայնային տվյալները ցուցադրելուց զատ Սոնային հատուկ ձայնային ինչ-որ տհաճ ելևէջներ անել, որոնք, կներեք, բայց որձկալու ձայներ են հիշեցնում: Սա ակնհայտ է և ակնհայտ է նաև այն, որ երբ Մաշային առաջին անգամ տեսանք «Հայաստանի ձայն» նախագծի իր առաջին ելույթում, նա այդպիսի բաներ չէր անում:
Սա նաև հասկանալի է և հեշտ բացատրելի. Մաշան դեռ փոքր է, շատ բաներ չի հասկանում, փորձ չունի, և Սոնան անկասկած մեծ ազդեցություն ունի ինչպես նրա մասնագիտական զարգացման հարցում, այնպես էլ առօրյայում, բայց պետք է նաև հասկանալ, որ Սոնան (ի սեր Աստծու, անձամբ նրա դեմ ոչինչ չունեմ, նրա անձնական որակներին էլ ծանոթ չեմ) որպես երգչուհի տոտալ միջակություն է իրենից ներկայացնում և իր աղքատիկ վոկալային տվյալները քողարկում էր ջազային ոճին հատուկ նման ձայներ արձակելով, այն էլ ոչ այնքան հաջող, իսկ Մաշան այդ խնդիրը չունի, ընդհակառակը, ունենալով շատ հարուստ ու շատ մաքուր ձայն` նա միայն խնդիրներ է ստեղծում իր համար՝ Սոնային նմանակելով:
Իրոք ափսոսում եմ, որ նման ալմաստը ընկել է Սոնայի պես ցածրակարգ մասնագետի ձեռքը, և հույս ունեմ, իսկ ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ դեռ ուշ չէ, որպեսզի այդ ալմաստի մշակմամբ զբաղվի ավելի հմուտ «ադամանդագործ», և այդ ժամանակ ալմաստը կվերածվի թանկարեք ադամանդի, այլ ոչ թե ռեստորանային մակարդակի փայլփլուն ապակու, ինչին տանում է Սոնայի հետ համագործակցությունն ու Սոնա - 2 դառնալու գիտակցված կամ անգիտակից ձգտումը...
Արմեն Առաքելականի գրառումը
Ֆեյսբուք