Մայիսյան եռատոների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հրավիրել էր ՀՀ ՊՆ վարչական համալիր հարցազրույցի: Ի թիվս այլ հարցերի նախարարը խոսել է նաև Շուշիի ազատագրման մասին:
«Շուշիի բերդաքաղաքը հզոր հենակետ էր հանդիսանում: Հինավուրց բերդաքաղաք, որը տեղակայված է բարձրավանդակում և այն ազատագրելը և քաղաքի շուրջը տեղակայված բոլոր բլուրների վրա տեղակայված արդբեջանական կրակակետերը, հենակետերը ոչնչացնելը այնքան էլ դյուրին գործ չէր:
Շուշիի ազատագրման գործընթացը սկսվեց դեռևս 1992 թվականի մարտ ամսից: Ասեմ, որ մենք այդ ողջ գործընթացը իրականացրեցինք ժամանակակից ռազմական գիտության պահանջների համաձայն: Նախապատրաստվել օպերացիայի նշանակում է ճիշտ հետախուզել հակառակորդին. ճիշտ հետախուզել նրա կազմը, նրա տեղակայման վայրերը, ուժերի և միջոցների համապատասխան հաշվարկներ իրականացնել, աշխատել և որոշել այն ուղիները որով մենք պետք է բարձրանայինք և ազատագրեինք:
Շուշիի օպերացիայի նախապատրաստման պատրաստականությունը սկզբնական շրջանում մայիսի 2-ն էր դրված, բայց եղանակի պատճառով այն հետաձգվեց և վերջնական ժամանակահատվածը մայիսի 7-ն էր, այնպես որ հատուկ չէինք պլանավորել մայիսի 8-ին ազատագրել Շուշին:
Օպերացիայի իրականացման համար ընտրվել էր 4 ուղղություն: Առաջինը հյուսիսային ուղղությունն էր: Դա գլխավոր հարվածի ուղղությունն էր, որի ղեկավարն էր Վալերի Չիչյանը: Երկրորդ՝ արևելյան, ուղղությունը կրում էր «այլ հարված» անունը, դա Շոշի ուղղությունն էր, որի ղեկավարը Ագու Կարապետյանն էր: Երրորդը հարավային ուղղությունը էր: Դա լայն շրջանցող հարված էր, որտեղ ղեկավարն էր Սամվել Բաբայանը և որին էլ հանձնարարությունն էր տրվել դուրս գալով Զառսլու, Իսագուր բնագիծը, վնասազերծել այդտեղ տեղակայված բոլոր կրակակետերը և, միևնույն ժամանակ, մարդասիրական միջանցք ապահովել խաղաղ բնակչության դուրս գալու համար: և, իհարկե, մյուս՝ հյուսիսարևմտյան, կարևոր ուղղություններից մեկը շեղող հարվածն էր, որտեղ ղեկավարը ես էի: Դա հյուսիսարևմտյան ուղղությամբ տեղակայված բավականին բարձր բարձունքներն էին խիտ անտառապատ տեղանքում, որտեղ տեղակայված էին բավականին լուրջ ուժեր: Այդ շեղող հարվածով ուժերի մի մասը մենք պետք է տեղափոխեինք այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորություն լիներ Շուշիի բերդաքաղաքը ազատագրել:
Կարող եմ ասել, որ ճիշտ ժամանակին մենք կարողացանք կրակային խոցում իրականացնել և կրակային խոցման ազդեցության ներքո ուժերը միաժամանակ դուրս եկան, մեր հրամանատարները ստորաբաժանումների, ջոկատների հետ միասին կարողացան շարժվել:
Շուշիի բերդաքաղաքին մենք բոլորս ծանոթ ենք: Մագլցել այդ սարերը, ժայռերը, բարձրանալ իրենց բուն հենակետերը և ազատագրել քաղաքը բավականին բարդ գործ է: Բայց միևնույն ժամանակ դա մեզ հպարտություն է բերում, որովհետև մեր հրամանատարների ճիշտ ղեկավարման, իրենց հմտությունների, ունակությունների, մեր զինվորների արագ շարժվելու, նրանց անձնուրացության, մեկը մյուսին աջակցելու, փոխարինելու շնորհիվ մենք կարողացանք իրականացնել այդ խնդիրը: Իրականացրեցինք, որովհետև կար նվիրում յուրաքանչյուր զինվորականի մոտ: Իրականացրեցինք, որովհետև գիտակցաբար էինք մենք գնում դրան, գնում էինք ապահովելու Արցախի ներքին խաղաղ կյանքն ու արարումը:
Շուշիի ազատագրմամբ մենք ավարտեցինք ԼՂ հանրապետության ներսի բոլոր կրակակետերի վնասազերծումը և պաշտպանության իրականացման, անվտանգության ապահովման հիմնական ուղղությունը տեղափոխվեց դեպի արտաքին շրջանակ, իսկ միակողմանի մտածելու շնորհիվ մենք կարողացանք նաև հետագայում տոնել հաղթանակներ:
Շուշիի ազատագրմամբ մենք կապ հաստատեցինք նաև մայր հայրենիքի՝ Հայաստանի, հետ: Լաչինի միջացնքի ազատագրումը շարունակությունն էր բոլոր այն կրակակետերի վնասազերծման, որոնք մեկուսացրել էին ԼՂՀ-ն Հայաստանից և այդ միջանցքի ստեղծմամբ էր, որ մենք կարողացանք հետագայում համակողմանի ապահովման բոլոր միջոցառումներն իրականացնել և վերջնական հաջողություն ունենալ»:
Հեղինակ` Աշոտ Իսրաելյան